«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#65, 2010-04-13 | #66, 2010-04-14 | #67, 2010-04-15


ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ԱՊԱ»-ԻՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՉԻ ՏՎԵԼ

Նալբանդյան. «ԼՂ հարցում Հայաստանը երբեւէ որեւէ զիջման չի գնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով»

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի նախագահի այցելությունը Վաշինգտոն շատ կարեւոր է գնահատել հայաստանցի լրագրողների հետ ճեպազրույցում երեկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը : Ըստ ԱԳՆ հաղորդագրությանՙ Նալբանդյանը նշել է, որ վերջին շրջանում Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հաստատվել են սերտ բարեկամական գործընկերություն, բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ակտիվ շփումներ երկու երկրների ղեկավարությունների միջեւ:

«Այս այցելությունը եւ հանդիպումները կարեւոր էին թե երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման, թե երկու կողմերին հուզող տարածաշրջանային եւ միջազգային հարցերի քննարկման առումով: Նախագահ Սարգսյանի հանդիպումները նախագահ Օբամայի ու պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հնարավորություն տվեցին շարունակել կառուցողական երկխոսությունը եւ քննարկումները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, ինչպես նաեւ Ղարաբաղի խնդրի հանգուցալուծման շուրջը», ասել է արտգործնախարարը:

Իսկ թե ինչ վիճակում է հայ-թուրքական գործընթացը վաշինգտոնյան այցելությունից հետո, Նալբանդյանը ներկայացրել է, որ Սերժ Սարգսյանի հանդիպումը Էրդողանի հետ հնարավորություն է տվել ավելի հստակ պատկերացնել թուրքական կողմի դիրքորոշումը, համոզվելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումների վերաբերյալ հայկական կողմի գնահատականները ճիշտ են:

«Ամրապնդվեցին վերջին շրջանում հասունացած հետագա քայլերի մեր պատկերացումներն ու մոտեցումները: Երբ հանրապետության նախագահը պահի, ժամանակի իմաստով անհրաժեշտ համարի, համապատասխան որոշման մասին կիրազեկվի նաեւ հանրությունը», պարզաբանել է Նալբանդյանը:

Սարգսյան-էրդողան հանդիպմանը, ըստ Նալբանդյանի, թուրքական կողմի փորձն է եղել ԼՂ հարցով քննարկում ծավալել, սակայն պատասխանը եղել է այն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարելի շաղկապել Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ: Նալբանդյանի կարծիքով, չկան պատճառներ ղարաբաղյան խնդրով քննարկումներ անցկացնել թուրքական կողմի հետ:

Վաշինգտոնում ԱԳ նախարարը հայտարարել է. «Նախեւառաջ ԼՂ կարգավորման գործում Թուրքիան չի կարող միջնորդ լինել, երկրորդ, ԼՂ հարցում Հայաստանը երբեւէ որեւէ զիջման չի գնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով: Եվ, իհարկե, նաեւ պետք է նկատի ունենալ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շաղկապումը Ղարաբաղի խնդրին վնաս կհասցնի երկու գործընթացներին էլ: Դա նաեւ եռանախագահող երկրների դիրքորոշումն է»:

Եթե թուրքական կողմն իր հնարավորությունների իմաստով սխալ հաշվարկներ է արել, ապա, Նալբանդյանի խոսքերով, դա իրենց խնդիրն է: «Եթե մենք սկսել ենք այս գործընթացը այն փոխըմբռնմամբ, որ նախապայմաններ չեն կարող լինել, նույն փոխըմբռնմամբ շարունակել ենք գործընթացը եւ հանգել ենք արձանագրությունների ստորագրմանը», ասել է նախարարը, ավելացնելով, որ եթե Թուրքիան այսօր փոխել է իր դիրքորոշումը, ուրեմն համապատասխան եզրակացություններ պետք է արվեն, թե արդյոք մյուս կողմում կան այնպիսի գործընկերներ, որոնց հետ հնարավոր է շարունակել գործընթացը:

«Եթե Թուրքիան իրականում ցանկանում է այս գործընթացը չձախողել, պետք է շատ արագ գործնականում ցույց տա, որ պատրաստ է վավերացնել եւ իրականացնել արձանագրությունները եւ գնալ հարաբերությունների կարգավորման առանց նախապայմանների, ինչին սպասում է միջազգային հանրությունը», ընդգծել է Նալբանդյանը:

Նալբանդյանը լրագրողների խնդրանքով անդրադարձել է նաեւ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությանը ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կախված է Ղարաբաղի խնդրում առաջընթացից: Ըստ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի, ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնի կողմից միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցող արտգործնախարարների պատվին կազմակերպած ճաշի ժամանակ ինքը Դավութօղլուի հետ բավական հանգամանալից զրույց է ունեցել: Նալբանդյանի փոխանցմամբ. Դավութօղլուն ասել է, որ ընդհանրապես նման հարցազրույց ինքը չի տվել:

Նալբանդյանը եզրակացրել է. «Իհարկե, կարելի էր չհավատալ, որ ադրբեջանական գործակալությունը երկար-բարակ պատասխաններով հարցազրույց է տպում, ու Թուրքիայի արտգործնախարարն ասում էՙ նման հարցազրույց չի տվել: Բացի այդ հերքումից, որ պարոն Դավութօղլուն ինձ անձամբ ասաց, Թուրքիայի ԱԳՆ-ն արդեն հրապարակել է այդ հերքումը, որ նման հարցազրույց չի եղել: Սա կրկին ապացուցում է, որ ադրբեջանական լրատվամիջոցներին, թերթերին շատ քիչ պետք է հավատալ»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4