Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը երեկ հրավիրած 10-րդ համագումարում նշեց գործունեության 10-րդ տարեդարձը: Ամփոփելով վերջին 10 տարվա արդյունքը` ոլորտի ներկայացուցիչներն ու մասնագետները նշեցին, որ Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում առաջընթաց է գրանցել: Չնայած ձեռքբերումներին, ներկաները նշեցին, որ դեռեւս կան չլուծված խնդիրներ: Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր խոսքում նշեց, որ 2009-ին Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցել է 17 տոկոս աճ, ինչնՙ ըստ վարչապետի, բավականին խոստումնալից ցուցանիշ է:
«Դեռեւս ինտերնետի հասանելիության եւ գնի խնդիրներ ունենք Հայաստանում: Սակայն բարեփոխումներն ընթացքի մեջ են, մրցակցությունն այս տարի կուժեղանա, ինչը դրական կազդի ե՛ւ գնի, ե՛ւ ծառայությունների որակի վրա», ասում է վարչապետը:
Տիգրան Սարգսյանը նաեւ նշեց, որ Հայաստանում պետք է ձեւավորել ոչ միայն գիտելիքի վրա հիմնված տնտեսություն, այլեւ գիտելիքի վրա հիմնված հասարակություն: Ըստ նրաՙ ՏՏ-ն այն ոլորտն է, որը լրջորեն կարող է ազդել մեր հասարակության մտածողության վրա:
2010-ին միությունն աշխատելու է ավելի էժան ու որակյալ դարձնել ինտերնետ ծառայությունն ու հասանելիւթյունը: 2010-ի կարեւոր խնդիրներից է լինելու նաեւ «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի իրագործումն ամբողջ հանրապետությունում:
Ն. Մ.