Ազգային ժողովի պատգամավոր: Հնչում է, չէ՞: Ու նաեւ ենթադրել տալիս, որ ոչ թե իր, այլ ժողովրդի այս կամ այն հատվածի շահերը ներկայացնելու համար խորհրդարան մտած անձը, նիստերին մերթ ընդ մերթ մասնակցելուց ու «կոճակասեղմ» գործունեություն ծավալելուց զատ, այլ անելիքներ ու պարտականություններ էլ պետք է ունենա: Ասենքՙ պատասխանի հեռախոսազանգերին: «Դրա համար քարտուղարուհիներ, օգնականներ ու մամուլի հետ կապի գծով պատասխանատուներ կան», կխոժոռվի Պատգամավորը: Իհարկե, կան եւ քիչ չեն, ու եթե ենթադրենք, որ նրանց պարտականություններից ամենագլխավորը բազմազբաղ ու հոգնատանջ Պատգամավորին պատահական, անտեղի, անսպասելի, մի խոսքովՙ տհաճ հեռախոսազանգերից պաշտպանելն է, ասենք, որ նրանք լավ գիտեն ու փայլուն են կատարում իրենց գործը: Բայց խոսքն այդ մասին չէ:
Պաշտոնյաներըՙ լինեն խոշոր, միջին, մանր կամ շատ մանր ըստ պաշտոնական հիերարխիայի, մարմնի եւ ծառայողական (անձնական) ավտոմեքենայի չափերի կամ մտածելակերպի, այդ թվում եւ վերը նշված մեր ծանոթ Պատգամավորը, հասարակական անձինք են: Տեղի-անտեղի, փրփուրը բերանին ժողովրդի համար ու ժողովրդի անունից խոսելու փոխարեն լավ կլիներ, ավելինՙ հիանալի կլիներ, որ նրանք հիշեին այդ մասին եւ ժամանակ առ ժամանակ պատասխանեին սեփական բջջային հեռախոսի զանգերին: Ճիշտ է, բջջայինը, հատկապես թանկարժեք, անծանոթ համարներից եկած հեռախոսազանգերի համար չէ, բայց կարելի է, չէ՞, գոնե բացառության կարգով, ասենքՙ ամիսը 1-2 անգամ (գրաֆիկը կարելի է քննարկել օգնականների հետ ու փոփոխել, եթե ծանրաբեռնված է) խախտել ավանդույթը: Հատկապես այն դեպքում, երբ հերթական պաշտոնյան կամ մեզ արդեն հարազատ դարձած Պատգամավորն այնպիսի բան է ասել կամ արել, որ բացի իրենից ոչ ոք գլխի չի ընկնում, թե հատկապես ինչ է ասել կամ արել տվյալ հասարակական անձը, առավել եւսՙ ինչու: Եվ թյուրըմբռնումներից ու չճշտված տեղեկատվություն տալուց խուսափել ցանկացող լրագրողը, փորձելով «առաջին ձեռքից» պարզաբանումներ ստանալ, ընկնում է կրակը: «Բաժանորդն անհասանելի է, փորձեք ավելի ուշ»: Դաՙ լավագույն ու մարդկային ձայնով միակ պատասխանն է, որ լսում է խեղճ լրագրողը: Տարբերակներից են նաեւ լռությունը, հեռախոսափողը չվերցնելը, ծանր շնչառությունը, «Սխալ եք զանգել» արտահայտությունը եւ վերջապես. «Դա ես չեմ»-ը, երբ 100-ից 90 դեպքում ասողը հենց ինքն է, ում պատասխանից կամ պարզաբանումից է կախված լրագրողի բարեխիղճ աշխատանքը:
Ի՞նչ եք կարծում, հարգելի պատգամավորներ, չարժե՞ մի լրացում կատարել, կամ որ ավելի լավ է, առանձին օրենք ընդունել, որով կսահմանափակվեն լրագրողիՙ զանգեր կատարելու իրավունքը: Այնտեղ կարելի է ներառել, ասենք, «Լրագրողը, եթե անձնապես ծանոթ չէ ու ջերմ հարաբերություններ չունի պաշտոնյայի հետ, իրավունք չունի զանգահարելու նրան», «Լրագրողները պետք է մեկ ամիս առաջ հերթագրվենՙ իրենց զանգերին պատասխան ստանալու հույսով» կամ վերջապեսՙ «Լրագրողնե՛ր, հանգիստ թողեք չինովնիկներին» դրույթները: Ու չմոռանաք նշել, թե կարգը խախտողները նվազագույն աշխատավարձի քանիպատիկի չափով պետք է տուգանվեն: Թե չէ այս ի՞նչ է կատարվումՙ ում մտքով ու երբ անցնիՙ զանգում է: Թողե՛ք հանգիստ աշխատեն մեր հայրենի պաշտոնյանները, այդ թվումՙ վերը նշված Պատգամավորը:
ԱՐԾՐՈւՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ, Report.am