«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#65, 2010-04-13 | #66, 2010-04-14 | #67, 2010-04-15


ՀԴՄ ԲՈՆՈՒՍՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՈՐ ԿԱՐԳԸ ԱՊՐԻԼԻ 1-ԻՑ ՍԿՍԵԼ Է ԳՈՐԾԵԼ

Ինչպե՞ս է դա կատարվելու եւ ի՞նչն է փոխվել անցյալ տարվա համեմատ

Ինչպես հայտնի է, անցյալ տարվա 4-րդ եռամսյակում հսկիչ-դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) կտրոնների բոնուսների տրամադրումը կառավարության որոշմամբ դադարեցվեց: Այս տարի այդ գործընթացը շարունակվելու է, բայց փոփոխված պայմաններով, ինչի մասին մանրամասներ իմանալու նպատակով զրուցեցինք պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանի հետ: Մեր զրուցակիցը նախ անդրադարձավ անցյալ տարի ՀԴՄ-ների վիճակահանության եւ բոնուսների տրամադրման արդյունքներին:

Նշելով, որ միջին հաշվով ՀԴՄ կտրոնների դիմաց քաղաքացիներին բոնուսի տեսքով վերադարձվում էր վճարվող գումարի 3-3,2 տոկոսը, պետեկամուտների կոմիտեի փոխնախագահը տեղեկացրեց, որ տարեկան վերադարձվող գումարը կազմել էր 3,8 մլրդ դրամ: Իսկ 4-րդ եռամսյակում բոնուսների տրամադրումը, ըստ նրա, կասեցվեց առաջ եկած մի շարք խնդիրների հետեւանքով, որոնցից ամենակարեւորը այն չարաշահումներն էին, որ կատարում էին հաստատագրված վճարով հարկվող օբյեկտներըՙ բենզակայաններ, գազալցակայաններ, վարսավիրանոցներ եւ այլն: Նրանք անհարկի տրամադրում էին մեծ գումարների ՀԴՄ կտրոններ, քանի որ դա չէր ազդում նրանց վճարած հարկերի վրա, որի արդյունքում շատ դեպքերում բյուջեից խոշոր գումարներ էին տրվում:

Ինչ վերաբերում է այս տարի բոնուսների տրամադրման կարգին, ապա դրանում մի շարք նորություններ կան: Ի տարբերություն անցած տարվա, երբ բոնուսները բանկերը տրամադրում էին հարկային մարմինների միջնորդագրերի հիման վրա, ապա այս տարվա ապրիլի 1-ից դրանք տրամադրվելու են անմիջականորեն բանկերից: Ներկայումս երեք բանկերիՙՙ «Արարատ բանկի», «ԱԿԲԱ կրեդիտ ագրիկոլ բանկի», «Հայբիզնեսբանկի», ինչպես նաեւ «Հայփոստի» մասնաճյուղերում մեր քաղաքացիները կարող են ստանալ իրենց բոնուսները: Նախկինում, միջնորդագիրը ստանալիս հարկային մարմիններում հսկայական հերթեր էին գոյանում, քանի որ ընդամենը 35 տարածքային ստորաբաժանում կար, եւ մարդկային ռեսուրսները չէին բավարարում այդ քանակի մարդկանց սպասարկելու համար:

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է հաստատագրված հարկ վճարողներին, որոնց տրամադրած կտրոնները վիճակահանությանը մասնակցելու են, բայց այլեւս դրանցով բոնուսներ չեն տրամադրվելու: «Այդ կտրոնները տարբերակեցինք մյուսներից, նրանց դարձերեսին երկու եզրաշերտով կապույտ գծեր են անցնում, որոնք անզեն աչքով տարբերվում են սովորական կտրոններից», ասաց Արմեն Ալավերդյանը:

Երրորդ նորությունն այն էր, որ եթե անցյալ տարի բոնուսները տրամադրում էին որոշակի սանդղակով եւ վերադարձվող գումարի չափը արժեքի միջինը 3-3,2 տոկոսն էր, ապա այս տարիՙ 1 տոկոսը: Այս նորությունն, ինչ խոսք, բնակչության համար հաճելիներից չէր, եւ Արմեն Ալավերդյանից փորձեցինք տեղեկանալ, թե ինչո՞ւ է ցածրացվել բոնուսների չափը, որն անպայման կնվազեցնի կտրոններ պահանջելու բնակչության շահագրգռվածությունը: Դա էլ իր հերթին կբերի ստվերից դուրս բերվող բյուջետային լրացուցիչ մուտքերի նվազեցմանը: Ի դեպ, մեր զրուցակիցը հայտնեց, որ 2009-ին բոնուսների շնորհիվ բյուջեն 5,8 մլրդ դրամի եկամուտ է ունեցել:

«Ես, իհարկե, համաձայն եմ, որ որքան շատ գումար վերադարձվի, այնքան մարդը շահագրգռված կլինի ձեռք բերելու ՀԴՄ կտրոններ եւ ստանալ գումարներ», ի պատասխան մեր հարցիՙ նշեց պետեկամուտների կոմիտեի փոխնախագահը, ավելացնելով, որ 1 տոկոսի վերաբերյալ որոշման կայացումը տնտեսական իրողությունների հետեւանք էր: «3,2 տոկոսով սպասարկելը, ինչպես անցյալ տարի էր, չէր կարող տեղավորվել պետական բյուջեի ծախսերի մեջ, քանի որ կանխիկ գումարի վերադարձ պետք է լիներ: Դրա համար որոշվեց 1 տոկոս սահմանել, եւ ես չեմ կարծում, թե դա հավերժ է», ասաց Արմեն Ալավերդյանն ավելացնելով, որ, իր կարծիքով, ճիշտ չէ «ամեն ինչ կառուցել տոկոսի վրա, ինչը սպասարկման եւ այլ խնդիրներ կառաջացնի»: Փոխարենը նա անհրաժեշտ համարեց վիճակահանության գործող կարգը կատարելագործել, գրավիչ դարձնել քաղաքացիների համար, որից հետո, հարկերի աճին զուգահեռ, նոր բոնուսային համակարգի զարգացման հնարավորություններ փնտրել:

Արմեն Ալավերդյանը տեղեկացրեց, որ ներկայումս պատրաստվում է վիճակահանության կատարելագործման նոր նախագիծ, որտեղ առաջարկվելու է, որ ոչ թե 4 եւ ավելի թվերը շահող լինեն, այլ 3 եւ ավելի թվերը եւ ոչ միայն մեկ ուղղությամբՙ ձախից աջ, այլ նաեւ հակառակ ուղղությամբՙ աջից ձախ: Այս դեպքում, ըստ հարկային մարմնում կատարված հաշվարկների, շահողների թիվը շուրջ 20 անգամ ավելացնելու հնարավորություն կա: Նախատեսվում է նաեւ շահումների մեխանիզմները կատարելագործվել: Վիճակահանության շահումների չափի եւ այլ մանրամասների վերաբերյալ տեղեկություններ հաղորդելը, սակայն, մեր զրուցակիցն վաղաժամ համարեց:

Այդուհանդերձ, կցանկանայինք նշել, որ չնայած կատարված անհրաժեշտ փոփոխություններին, ինչպիսիք են հարկային մարմնից միջնորդագրեր ստանալու գործընթացի վերացումը, հաստատագրված հարկ վճարողների ՀԴՄ կտրոնները բոնուսերի ցանկից հանելը, բոնուսների չափը մինչեւ 1 տոկոս նվազեցնելը էապես նվազեցնում է ՀԴՄ կտրոններ պահանջելու բնակչության ակտիվությունը: Եթե եռամսյակի ընթացքում մեկ ընտանիքն ունենա առավելագույնը 400-500 հազար դրամի կտրոներ, ապա դրա 1 տոկոսի չափով, այսինքնՙ 4-5 հազար դրամ բոնուս ստանալու համար ոչ ոք չի գնա բանկի կամ փոստի մասնաճյուղ: Առավել եւս, որ բանկերի մասնաճյուղերում, թեեւ բոնուս ստացողներն այնքան էլ շատ չեն, մեկ քաղաքացու կտրոնները հաշվելու գործընթացը տեւում է նվազագույնը 1-1,5 ժամ: Եթե դրան ավելացնենք այն փաստը, որ բանկի աշխատակիցները կարող են մերժել ընդունել նույն օբյեկտից կատարված մեծաքանակ գնումներով կտրոնները, ինչին ականատես ենք եղել, ապա հետաքրքրությունը բոնուսների նկատմամբ չնչին կդառնա: Ուստի, որպեսզի դա տեղի չունենա, որպեսզի մարդկանց գոնե որոշակի շահագրգռվածությունը պահպանվի, անկախ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ դժվարություններից, անկախ վիճակահանության կարգի բարելավումից, հույժ անհրաժեշտ է, որ բոնուսների չափը լինի ՀԴՄ-ների արժեքի գոնե 2 տոկոսը: Եվ հրատապ է, որ այս փոփոխությունը կատարվի արդեն երկրորդ եռամյսակի կտրոնների համար:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4