«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#65, 2010-04-13 | #66, 2010-04-14 | #67, 2010-04-15


ԱՆՑՅԱԼԻ ՍՏՈՒԳԱՏԵՍ ԵՎ ՀԱՅԱՑՔ ԴԵՊԻ ԱՊԱԳԱ

Ապրիլի 16-ին Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանում բացվելու է քանդակագործ Արա Շիրազի, գեղանկարիչներ Ռոբերտ Էլիբեկյանի եւ Էդուարդ Խարազյանի ստեղծագործությունների համատեղ ցուցահանդեսը, որը տեւելու է մինչեւ մայիսի 16-ը: Ցուցահանդեսը նաեւ հարգանքի ու գնահատանքի յուրահատուկ դրսեւորում է թանգարանի հիմնադիր, արվեստաբան Հենրիկ Իգիթյանի հիշատակին: Օրերս լրանում է Հենրիկ Իգիթյանի մահվան մեկ տարին:

«Գեղագիտական նմանատիպ ցուցահանդեսների առաջնային նպատակն է հասարակությանը հնարավորինս մոտեցնել բարձր արվեստին, որն այսօր, ցավոք, մոռացված է», «Ազգի»-ի հետ զրույցում նշեց Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Լեւոն Իգիթյանը:

Ցուցահանդեսի գաղափարը ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանինն է: 3 մասնակիցներն էլ եղել են թանգարանի առաջին ցուցադրվողները:

«Անցյալ դարի 60-ականների երկրորդ կեսից հայկական արվեստում երեւացին մարդիկ, ովքեր փոխեցին նախորդ շրջանի գեղագիտական սկզբունքները: Ցուցահանդեսը հատկանշական է նաեւ նրանով, որ վերջին 40 տարվա գեղագիտական գործընթացներն ամփոփում են հենց այս երեք մասնակիցները, օրինակ` Արա Շիրազի ստեղծագործություններում ամբողջովին արտահայտված են քանդակագործական մտածողության առաջադիմական սկզբունքները», ասաց արվեստաբան Պողոս Հայթայանը:

Առհասարակ, այս ցուցահանդեսի միջոցով կարող ենք հասկանալ, թե վերջին 4-5 տասնամյակում հայ կերպարվեստում ինչ միտումներ են եղել:

«Մեր` 60-ականների սերունդը սոցռեալիզմի ընդհանրական տիրույթից տարբերվում է առաջին հերթին իր ձեւամտածողությամբ, եւ բացի այդ` ցուցահանդեսը, լինելով անցյալի ստուգատես, միաժամանակ ուղղված է մեր ապագային», ավելացրեց Արա Շիրազը:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հ.Գ. Ցուցահանդեսի նախօրեին մասնակիցներն ու կազմակերպիչները լրագրողների հետ հանդիպելու նպատակով հավաքվել էին Հայաստանի ժուռնալիստների միությունում, սակայն ոչ մի լրատվամիջոց, բացի «Ազգ»-ից, չէր ցանկացել լուսաբանել ասուլիսը, հետեւաբար ասուլիսը չկայացավ, այլ եղավ միայն հարցազրույց «Ազգի» եւ հյուրերի միջեւ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4