«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#66, 2010-04-14 | #67, 2010-04-15 | #68, 2010-04-16


«ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԻՑ ԵԿԱԾ ԱՄԵՆ ՄԻ ԱՀԱԶԱՆԳ ԴԱՌՆԱԼՈՒ Է ԼՈՒՐՋ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ»

Ստուգումներ-հարկային մուտքեր արդյունավետությանը վերաբերող ելույթում խոստացավ վարչապետ Տիգրան Սարգսյանը

Կառավարության նիստը սկսելուց առաջ երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ նախորդ նիստի ժամանակ իր հայտնած տեղեկությանը, որ ուսումնասիրություններ են կատարվում 2008-2009-ին հարկային մարմինների կատարած ստուգումների արդյունավետության վերաբերյալ, քանի որ բազմաթիվ բողոքներ են ստացվել, որ ստուգումների քանակը փոքր եւ միջին ձեռնարկություններում չի նվազել: Նա նշեց, որ վարչապետի խորհրդականը պատրաստել է տեղեկանք, որի ցուցանիշները մտահոգիչ են: «Հարկային մարմինների կատարած հարկային ստուգումների ընդհանուր քանակը 2009-ին ավելացել է 82 տոկոսով, մինչդեռ ստուգումների արդյունքում լրացուցիչ առաջադրված գումարները նվազել են 25 տոկոսով: Հասկանալի է, որ մեր ռազմավարության հիմքում ընկած էր այն սկզբունքը, որ պետք է նվազագույնի հասցնենք շփումները հարկ վճարողների հետ եւ հիմնականում աշխատենք ռիսկերի վրա հիմնված վերահսկողությամբ, անհանգստացնենք միայն այն հարկատուներին, որոնք չեն կատարում իրենց պարտավորությունները», ասաց վարչապետը եւ շարունակեց մանրամասներ հաղորդել: Համաձայն դրանց, «ցուցանիշների մեջ կան շեղումներ. ստուգումների քանակըՙ 82 տոկոսով, այդ թվումՙ խոշոր հարկատուների մոտ` 30 տոկսով, մինչեւ 58 մլն դրամ շրջանառություն ունեցող հարկատուների մոտ` 70 տոկոսով, իսկ մյուս բոլոր հարկատուների մոտՙ 250 տոկոսով: Միեւնույն ժամանակ հարկատուների երեք խմբերի ստուգումների լրացուցիչ առաջադրված գումարները նախորդ տարվա հետ համեմատած նվազել են 2-3 անգամ»:

Ըստ Տիգրան Սարգսյանի, ստուգումների արդյունքում առաջադրված լրացուցիչ գումարներ-վճարված հարկեր հարաբերակցությունը խոշոր հարկատուների մոտ 4 անգամ պակաս է, քան մյուս բոլոր հարկատուների մոտ: Ընդ որում, այդ տարբերությունը 2008-ին աճել է 3,8 անգամ, 2009 թ.` 4,6 անգամ: «Այսինքն ստացվում է, որ մենք խոշորների վերաբերյալ ավելի մեղմ մոտեցումներ ունենք, քան` փոքրերի», ասաց վարչապետը: Միեւնույն ժամանակ, ըստ այդ տեղեկանքի, յուրաքանչյուր ստուգմամբ մեկ հարկատուին առաջադրված գումարները, հարկատուից հավաքագրված հարկերի հետ համեմատության մեջ, 325 խոշոր հարկատուների մոտ ոչ միայն պակաս են ավելի քան 50 անգամ, քան մյուս հարկատուների մոտ, այլ նաեւ 2009-ին նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշը նվազել է մոտ 40 տոկոսով:

Սա այն դեպքում, երբ նշված ժամանակահատվածում մյուս բոլոր հարկատուների մոտ այդ ցուցանիշները մնացել են գրեթե նույնը:

Այս առումով, Տիգրան Սարգսյանի կարծիքով, քննադատության հիմնական սլաքը պետք է ուղղել դեպի ֆինանսների նախարարություն, որովհետեւ ֆինանսների նախարարությունը պետք է պատասխանատու լինի քաղաքականության համար: «Կարծում եմ, ֆինանսների նախարարության դերակատարությունը պետք է ավելանա, որովհետեւ մեր ստանձնած ռեֆորմների ժամանակացույցը, ինչի մասին արդարացիորեն խոսում են ձեռներեցները, չի կատարվում», եզրակացրեց վարչապետը, նշելով, որ բիզնեսի համար ստեղծել բարենպաստ միջավայր միայն մեր մակրոտնտեսական բարելավմամբ չի կարող լինել: «Իսկ ստուգումների քանակն ավելացնելով` մենք միկրոմիջավայր չենք բարելավում: Մենք ընդամենը ավելացնում ենք դժգոհությունը տասնյակ հազարավոր ձեռնարկությունների, դժգոհություն պետության նկատմամբ, որովհետեւ մենք չենք կատարում մեր խոստումը»:

Երկրորդ խնդիրը, որի մասին խոսեց վարչապետը վերաբերում էր պետության կարիքների համար մեկ անձից գնումներ կատարելուն: «Այստեղ միասին փոխեցինք մեխանիզմները եւ արդեն իսկ ունենք էական առաջընթաց: Մասնավորապես, պետության կարիքների համար 2009 թվականի ընթացքում մեկ անձի գնման ձեւով կատարվել են 36 մլրդ դրամի գնումներ, որից առաջին եռամսյակում` շուրջ 16 մլրդ դրամի գնումներ: 2010 թվականին առաջին եռամսյակի արդյունքներով մեկ անձի գնման ձեւով կատարվել են 1,3 մլրդ դրամի գնումներ: Փաստորեն 2010 թվականի առաջին եռամսյակում մեկ անձից գնման ձեւով կատարված գնումների ծավալը 2009 թվականի առաջին եռամսյակի հետ համեմատ պակասել է շուրջ 13 անգամ, իսկ տոկոսային արտահայտությամբ նվազել է շուրջ 92 տոկոս: Սա էլ ֆինանսների նախարարության այն գործողությունն է, որը տվել է խիստ դրական արդյունք, որովհետեւ այս հարցում ֆինանսների նախարարությունը հետեւողական եղավ», ասաց Տիգրան Սարգսյանը, միաժամանակ ընդգծելով, որ նույնը դեռեւս չի կարելի ասել ստուգումների ոլորտի մասին: «Այստեղ անելիքներ ունի նաեւ էկոնոմիկայի նախարարությունը, որովհետեւ տեսչական բարեփոխումները, ստուգումների կանոնակարգվածությունը ձեր լիազորությունների շրջանակներում է», խոսքը Ներսես Երիցյանին ուղղելով, շեշտեց վարչապետը: Նա նշեց, որ եղել են բողոքներ, որ խախտելով վարչապետի հանձնարարականը 2009 թվականին ստուգումներ են իրականացվել փոքր ձեռնարկություններում: Վերջում Տիգրան Սարգսյանը, արձանագրելով, որ խոշոր բիզնեսը կարողանում է իրեն պաշտպանել, իսկ փոքր եւ միջին ձեռնարկությունները` ոչ, ընդգծեց, որ «ամեն մի ահազանգ, որը գալու է փոքր, միջին ձեռնարկություններից, դառնալու է լուրջ քննարկման առարկա»:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4