Ըստ Գալուստ Սահակյանի
Երեկ լրագրողները փորձում էին ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանից մանրամասներ իմանալ նախագահ Սարգսյանի վաշինգտոնյան այցի վերաբերյալ` ենթադրելով, որ նաՙ որպես ՀՀԿ ղեկավար անձ, պիտի որ հանդիպումների բովանդակային կողմին տեղյակ լինի: Սակայն, չէ, Գ. Սահակյանը (գիտեր, թե չգիտեր)` կարողացավ ոչ մի տեղեկություն չփոխանցել բուն հանդիպումների` իրեն հայտնի տեղեկատվության մասին: Փոխարենը գնահատականներ հնչեցրեց, թե վաշինգտոնյան հանդիպումները բացառիկ արդյունավետ էին, պատմական, «Հայաստանի նախաձեռնողական քաղաքականության հետեւանք, որն իրականացնում է երկրի նախագահը». «...փաստորեն սկսեցինք մասնակցել աշխարհի համար ծանրացած խնդիրների լուծմանը` սա ոչ միայն դիվանագիտական հաջողություն է, այլեւ միջազգային ասպարեզում Հայաստանի եւ նրա նախագահի վարկի մեծացում է», բացի այդ, ըստ բանախոսի, այս այցով ներհայկական միավորող վիճակ է ստեղծվել` արտերկրի հայկական կազմակերպությունները միավորվում են Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը նշելու, Սփյուռքի կազմակերպություններն ընդունում են նախագահ Սարգսյանի «առաջնորդությունը համահայկական խնդիրների ճանապարհին»: Իսկ վաշինգտոնյան հանդիպումների արդյունավետության բնորոշիչը Գ. Սահակյանը համարեց այն, որ ընդդիմախոսների զինանոցն այս թեմայով խոսելիս դատարկվել է. ո՞ր ընդդիմախոսների` չասաց, համենայն դեպս` երեւի դա ՀՅԴ-ին չէր վերաբերում, որովհետեւ կոնկրետ ՀՅԴ-ին վերաբերող հարցին պատասխանելիս նա ՀՅԴ-ի մասին դրական խոսեց:
Հիմա հայ-թուրքական արձանագրությունների գործընթացը առաջխաղացում ունեցա՞վ Վաշինգտոնում, թե՞ ընդհակառակը. ըստ Գ. Սահակյանի` այցից հետո հարցի վերաբերյալ միջազգային հանրությունը նոր արձանագրումներ կանի հօգուտ մեզ, եւ միանգամից օրինակ բերեց. «Արդեն այսօր հրապարակվեց նաեւ Ալիեւի խոսքը, որ հայ-թուրքական հարաբերությունները երկու պետությունների գործն են», ասաց նա, հավելելով, որ ստորագրությունն արձանագրություններից հետ կանչելու կամ վավերացնելու գործոնն ավելի ցածր վիճակում է, քան միջազգային ասպարեզում այս պահին ունեցած առաջընթացը: Նա ենթադրեց, որ այսպես թե այնպես` սահմանի բացումն իրողություն կդառնա, եւ անգամ արձանագրությունների վավերացումից առաջ: Իսկ ընդհանրապես` նախագահ Սարգսյանը բոլոր հարցերի պատասխանը Վաշինգտոնում, Վիլսոնի շիրմին այցելության ելույթին, ինչպես նաեւ ավելի վաղ` արձանագրությունների ստորագրմանը նախորդած նախագահական ուղերձում, Լոնդոնի եւ Դեր Զորի ելույթներում տվել է:
Ըստ Գալուստ Սահակյանի` գնդակը ոչ միայն Թուրքիայի կիսադաշտում է, այլեւ կախված է Թուրքիայի դարպասի վրա, եթե դարպասապահը գնդակը բռնի` արձանագրությունները կվավերացվեն, իսկ եթե գոլ լինի` Թուրքիան կպարտվի ե՛ւ իրապես, ե՛ւ բարոյապես: Թուրքիան հիմա, ըստ նրա, մեղմացել է նաեւ ադրբեջանական ուղղությամբ, քանի որ թուրքական մամուլի մակարդակով ակնարկներ է անում, որ երկու շրջան անգամ եթե վերադարձվի Ադրբեջանինՙ հայ-թուրքական սահմանը կբացվի: Ուրեմն Թուրքիային մի փոքրիկ պատճառ է պետք սահմանը բացելու: Բայց Հայաստանն անզիջում է, նախՙ Ղարաբաղի կարգավիճակը, ասաց Գ. Սահակյանը: Լրագրողները ճշտեցին. «Հետո Աղդամն ու Ֆիզուլի՞ն»: «Հետո Բաքուն», տակից դուրս եկավ Գ. Սահակյանը: Նախագահ Սարգսյանը վերջերս ասել էր, թե իրենց կյանքում երկու գիրք չկարդացած մարդիկ դասեր են տալիս, ո՞ւմ նկատի ուներ. Գ. Սահակյանը չգիտեր, բայց նկատեց, որ գիրքը նահանջ ունի, իսկ ազգը վարակված է կոմպյուտեր խաղալով ու... հեռահար հոդվածներ գրելով, բայց գիրք պե՛տք է կարդալ. ինչպե՞ս է հեռախոսը լիցքավորվում, լրագրողներն էլ այդպես լիցքավորվելու կարիքն ունեն, նայելով երիտասարդ լրագրողուհիների լսարանինՙ նկատեց նա: «Իսկ հիմա ի՞նչ գիրք եք կարդում», իր կարծիքով դիմահար հարցով փորձեց շփոթեցնել եւ Գ. Սահակյանի գիրք չկարդալը «հայտնաբերել» երիտասարդ լրագրողուհիներից մեկը. «Ես ոչ միայն գիրք եմ կարդում, այլեւ բոլորիդ հոգիներն եմ կարդում եւ վիրավորվում եմ, որ այդպիսի հարց եք տալիս», ասաց նա` հիշելով իր բանասեր լինելը եւ հայ ու արտասահմանյան ողջ գրականությանը ծանոթ լինելը:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ