Նախագահ Սարգսյանն ԱՄՆ մեկնելուց առաջ, Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ ասել էր, թե Հայաստանն արդեն որոշում ունի հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ, սակայն այդ մասին կհայտարարի վաշինգտոնյան հանդիպումներից հետո, երբ համոզված լինենք մեր որոշման ճշմարտացիության մեջ: Ամերիկյան հանդիպումները մոտեցան ավարտին, մեր նախագահը Քլինթոնի հետ էլ գիշերով (մե՛ր գիշերով) հանդիպեց, բայց անգամ այսօրվա դրությամբ դրանց բուն բովանդակությունն առայժմ գաղտնիության քողի տակ է, եւ էլի դեռ շատ բան հայտնի չէ: Հայտնի չէ անգամ, թե այդ որոշումը վերաբերում է արձանագրությունների վավերացմա՞նը, հայ-թուրքական սահմանի բացմա՞նը, թե անգամ Ղարաբաղյան հիմնախնդրին: Այս ֆոնին հետաքրքրական էր երեկ թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, որ Հայաստանի նախագահը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի հետ եւ քննարկել հայ-թուրքական գործընթացը. սա էլ մեր նախագահի մամուլի խոսնակը հերքեց, բայց ընդհանուր առմամբ տեղեկատվության պակասն առասպելաբանության համար պարարտ հող է եւ հոգեբանական ավերներ է գործում: Մարդ աստծո, այցն ավարտվեց, մի մանրամասն տեղեկատվություն դրեք գոնե Հայաստանի նախագահի կայքում, ժողովուրդն իրավունք ունի՞ իմանալու ինչ է խոսում աշխարհի մեծերի ու հարեւանի ներկայացուցչի հետ իր նախագահը: Ի՞նչ է ասել Էրդողանը Սարգսյանին, իսկ Սարգսյանը` Էրդողանին, Օբաման Սարգսյանին, եւ Սարգսյանը Օբամային, դեռեւս մնում է ենթադրությունների մակարդակում: Հայոց քաղաքական միտքը շունչը պահած` փորձում է տարբեր արտահոսքերից, այդ թվում` ադրբեջանական, բան փախցնել եւ եզրակացություններ անել: Ընդհանուր գաղտնիության ֆոնին` միակ հրապարակային աղբյուրը, որից կարելի է ինչ-որ բան գլխի ընկնել, ենթադրություններ անել կամ հետեւությունների հանգել, էլի մնում է նախագահ Սարգսյանի ելույթը` ԱՄՆ 28-րդ պրեզիդենտ Վուդրո Վիլսոնի գերեզմանին:
Հայոց քաղաքական էլիտան ընդամենը ֆորմալ մեկնաբանություններ է տալիս Օբամա-Սարգսյան, Սարգսյան-Էրդողան հանդիպումներին` իշխանականները կրկնում են նախագահ Սարգսյանի ձեւակերպումները, արտախորհրդարանական ընդդիմությունն աշխատում է անորոշությունից առավելագույն օգուտը քաղել` սեփական PR-ի պատուհանից սեւացնելով ամեն ինչ. Է՛լ մարաթոնի անցում (հիշում ե՞ք` «կարեւորը մասնակցությունն է» եզրույթը), էլ` տարաձայնությունների պահպանում եւ սրում, էլ` Էրդողանի կողմից երկխոսության շարունակման իմիտացիա, էլ` արձանագրությունները մեռած են, էլ` հայ-թուրքական գործընթացի վերակենդանացում` ո՞վ գլուխ կհանի: Հետեւություններում Էլի կարեւոր է այն մտատանջությունը, ինչպես անցած տարի, թե կարտասանի՞ Օբաման «ցեղասպանություն» բառը, թե ոչ, հիմա էլ այդ մասին ենք «վնուշկեքի» մեջ ընկնելու, չնայած գիտենք` չի՛ ասելու, ԱՄՆ քաղաքական շահն ու այս բառի արտասանությունը դեռ չեն հավասարակշռվում: Բայց համ էլ մխիթարում են իրենց ու մեզ մեր քաղաքականները` «Վուդրո Վիլսոնի գերեզմանի ճառը տեսա՞ք». «Դա հզոր երկրի հզոր նախագահի ելույթ էր (ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը): ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի գնահատականն էլ այս է.«Երկրի նախագահը նորից վերահաստատեց այն կարծիքը, որ որեւէ մեկը մեզ չի կարող թելադրել եւ նախապայմաններ դնել մեր ազգի առջեւ ծառացած խնդիրների լուծման ճանապարհին: Մնացածը ոչ քաղաքական մտածողության հետեւանքներն են»:
Մեզ համար վաշինգտոնյան հանդիպումների ողջ տեղեկատվության մեջ ֆիքսել ենք այն, որ Սարգսյան-Էրդողան հանդիպման ժամանակ, փաստորեն, երբ Հայաստանի նախագահը Թուրքիայի վարչապետին հիշեցրել է արձանագրությունների վավերացման անհրաժեշտության մասին, վերջինս ասել է` հա՛, բայց Թուրքիայում որոշակի քաղաքական մթնոլորտ է անհրաժեշտ: Էրդողանը թնկթնկացել է, թե ԱՄՆ-ը, Շվեդիան, իրար հետեւից, ախր, եւ իրար հերթ չտալով` ընդունեցին հայկական բանաձեւեր, Հայաստանի ՍԴ-ն «համը հանեց», հետո` հայոց խորհրդարանն էլ ընդունեց արձանագրությունները հետ կանչելու փոփոխությունը. այ, սրանք խոչընդոտ են ու ներկա պահին եթե արձանագրությունները դրվեն թուրքական մեջլիսում վավերացման` կմերժվեն: Մեր նախագահը, ըստ տեղեկությունների, Էրդողանին հիշեցրել է արձանագրությունները Ղարաբաղի խնդրում առաջընթացի հետ կապելու թուրքական հայտարարությունները, Էրդողանն աղվեսություն է արել, թե` չենք կապում, Կովկասում ենք, իբր, խաղաղություն ուզում: Իմիջիայլոց` ամերիկահայ մի շարք կազմակերպություններ նախագահ Սարգսյանի այցի նախօրեին կոչով դիմել էին նախագահին` մի շարք առաջարկներով, այդ թվում` Օբամայի հետ հանդիպման ժամանակ բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, հրապարակավ աջակցել թիվ 252 բանաձեւին, դուրս գալ հայ-թուրքական հաշտեցման գործընթացից: Այնպես որ` մասամբ այս ուղերձին է գուցե անուղղակի պատասխանել նախագահ Սարգսյանը Վուդրո Վիլսոնի գերեզմանի մոտ արտասանած ճառում, ամերիակահայերին եւ Սփյուռքին ուղղված խոսքերում: Ասենք, որ հանդիպումներից հետո հայտարարությունների եւ մամուլի ասուլիսների բացակայությունն ու քննարկումների վերաբերյալ մանրամասն տեղեկատվության բացակայությունը պարարտ հող են ամենաանհավանական ենթադրությունների, ընդդիմության եւ իշխանական քաղաքական ուժերի գնահատականների` տրամագծորեն հակադիր լինելու համար: Իսկ Վիլսոնի գերեզմանի մոտ նախագահ Սարգսյանը նախ շոյել էր ամերիկահայերին, որոնք հատկապես վերջին տասնամյակում շատ բան են արել որպես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում, եղել են ամենաեռանդուն եւ հետեւողական օղակներից մեկը, որ նախագահի համոզմունքով այսուհետեւ եւս ջանալու է բազմապատկված ճիգերով. «Չկա Հայաստանի հայության եւ Սփյուռքի հայության կարծիքների տարբերություն, կա միասնական ժողովուրդ, եւ նա տեր է իր արդար դատին», ասել էր Հայաստանի նախագահը` այդպիսով սփյուռքին շոյելով եւ սեպ խրողներին իրենց տեղը դնելով: Ամերիկահայերին նախագահն անվանել է անխորտակելի ուժ` Հայաստանի միջազգային քաղաքական կշռի կարեւոր բաղկացուցիչ. «Դուք ձեր կեցվածքով ու վճռականությամբ ապացուցում եք, որ սխալ են բոլոր հաշվարկները, ըստ որոնց հայությունը կարելի է փոշիացնել ու ոչնչացնել` ցրելով աշխարհով մեկ: Յուրաքանչյուր հայ, ո՛ր մայրցամաքում էլ լինի, պետք է դառնա այն կաթիլը, որ քար է ծակում», ասել էր նախագահ Սարգսյանը: Խոսքի այն հատվածում, որն ուղղված էր Թուրքիային, ենթադրել է տալիս Սարգսյան-Էրդողան հանդիպման նյութի մի մասը: Ասելով, որ ցանկանում ենք բնականոն հարաբերություն հաստատել մեր հարեւանների հետ` նախագահն իր ելույթում ընդգծել է. «Բայց մենք չենք հանդուրժի, որ պայմաններ թելադրվեն մեզ», նրա այս եւ հետագա խոսքից միակ ենթադրությունն այն է, որ Էրդողանն, այնուամենայնիվ, առաջ է խոթել Ղարաբաղյան հարցը հայ-թուրքականին զուգահեռ լուծելու եւ ցեղասպանության ճանաչման հետ կապված թուրքական տեսակետները (Էրդողանի հետ հանդիպումը առավոտյան է եղել, Վիլսոնի գերեզմանի մոտ ելույթը` երեկոյան). «Թուրքիան չի կարող նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի եւ հայության հետ: Մենք դա պարզապես թույլ չենք տա» , ասել էր նախագահը` հավելելով, որ չենք պատրաստվում որեւէ ձեւաչափում քննության առարկա դարձնել Ցեղասպանության եղելության փաստը կամ ձեւացնել, թե հավատում ենք, որ Թուրքիան կարող է դրական դերակատարություն ունենալ Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում:
Ահա հայտնի տեղեկատվության մի մասը, որ ոչ մեզ, ոչ քաղաքական գործիչներին դեռ թույլ չի տալիս եզրակացնել, թե ի՞նչ նոտայի վրա են ավարտվել ԱՄՆ-ում հայ-թուրքական շփումները, եւ արդյո՞ք այն որոշումը, որ Հայաստանն ուներ մինչեւ ԱՄՆ մեկնելը, հաստատվել է կամ փոխվել: Եթե սրան ավելացնենք, որ Թուրքիայի վարչապետը Թուրքիա վերադառնալուց հետո ասել է, թե Հայաստանը պատրաստ չէ կարգավորմանը, թե գոնե երկու «գրավյալ» շրջանից դուրս գա` հարցի լուծումը կարագանա: Իսկ APA ադրբեջանական գործակալությանը տված հարցազրույցում Դավութօղլուն անընդունելի էր համարել Ադրբեջանին դուրս թողնելը Հարավային Կովկասի հիմնախնդիրների լուծման գործընթացից, սա եւս հերքեցին, բայց նստվածքը մնաց, որ այնուամենայնիվ, տեսակետների բախում եղել է: Մնացյալը դեռ պետք է վերծանենք, մասնավորապես` արձանագրությունները մեռա՞ն, թե ողջ են եւ անգամ վերակենդանացա՞ն: Գուցե նախագահ Սարգսյանի արձակուրդի ավարտին շատ բան հայտնի լինի:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ