«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#66, 2010-04-14 | #67, 2010-04-15 | #68, 2010-04-16


ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱՐՎԵՍՏԻ ՊԱՏԱՆԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ

Ժամանակակից արվեստն այսօր մտածողական մի ընդհանուր կաղապարով է վերաձեւվվումՙ ընդառաջ գնալով ներկայի ակտուալ խնդիրներինՙ թե՛ նյութի, թե՛ ձեւի, թե՛ բովանդակային-թեմատիկ առումներով. այն իր մեջ կրում է դարի տեմպը, մտքի ու կեցության տենխոկրատացումը (սա նկատելի է հատկապես կերպարվեստում եւ ճարտարապետության մեջ): Սակայն անհնար է մի ընդհանրական համաձուլվածքով փորձել վերացնել ամենատարբեր ավանդույթներով ձեւավորված ու ակնհայտ առանձնահատկություններով օժտված մշակութային բազմազանություններըՙ պայմանավորված տվյալ էթնոսի ծագումնաբանությամբ, պատմությամբ, ավանդույթներով ու սովորույթներով, աշխարհագրությամբ, ինչը կազմում է նրա մշակութային ժառանգական կոդը:

Ժողովրդական երգարվեստը վերջին տասնամյակում կարծես կորցնում էր իր հետաքրքրությունն ու ակտուալությունը, ժամանակակից երաժշտական ուղղությունների, ամենաբազմազան ռիթմերի մեջ այն թվում էր այլեւս կորուսյալ: Սակայն հատկապես այս մի քանի տարին նկատելի դարձավ դրա կենսունակությանն ու վերածննդին ուղղված ջանքերի արդյունքըՙ վերադարձնելու ժողովրդական արվեստի հանդեպ հանրային նախկին ուշադրությունը: Այս շարժումը ուղղված է ժողովրդական բանարվեստի ակունքներինՙ որոնելու, գտնելու մոռացված ավանդույթներ, ուսումնասիրելու եւ կյանքի կոչելու ժողովրդական մեղեդիներ ու նվագարաններ: Այս նպատակին է կոչված «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի գործունեությունըՙ ճանաչված թառահար Հովիկ Սահակյանի գեղարվեստական ղեկավարությամբ: Համույթը ձեւավորվել է 2008 թ.ՙ շնորհիվ «Նարեկացի» արվեստի միությունում Արա Գեւորգյանի նախաձեռնությամբ եւ Ալֆրեդ Թերզիբաշյանի աջակցությամբ 2005-ին կազմակերպած թառի եւ քամանչայի անվճար դասընթացների, որին զուգահեռ սաները համերգային ծրագրեր էին նաեւ իրականացնում: Համույթի 26 անդամները 6-22 տարեկան երաժիշտներ եւ երգիչ-կատարողներ են, որոնք այսօր էլ շարունակում են դասընթացային ծրագրերը, արդենՙ ժողովրդական նվագարանների, ինչպես ուսումնասիրության, այնպես էլ պատրաստման ուղղությամբ:

«Ազգային նվագարանների վերածնունդ» ծրագրի (որի շրջանակներում է գործում «Նարեկացի» համույթը), նպատակը ակտիվ գործածությունից դուրս մնացած, այլեւս թանգարանային նմուշ դարձած, ավելի շատ Արեւմտահայաստանում պահպանված, մասնավորապեսՙ համշենահայության, գործիքների ներմուծումն է մեր երաժշտական կյանք, դրանք ներկայացնելը, համերգային շրջանառության մեջ դնելը: Կարճ ժամանակաընթացքում համույթը իր նվագարանների քանակը հարստացրեցՙ հասցնելով տասներկուսի. քանոնը, թառը, ուդը, քամանչան, սանթուրը, դափը, շվին, զուռնան այսօր պատանի երաժիշտների ձեռքին հնչում են վարպետ կատարումներովՙ ուսուցման հմտության հետ մեկտեղ ժողովրդական երգ ու երաժշտության հանդեպ նրանց անկաշառ սիրո ու մաքուր նվիրվածության շնորհիվ:

Առաջին հանրային ելույթը խումբն ունեցավ իր ձեւավորման օրըՙ օգոստոսի 27-ինՙ «Հայաստանում լիբանանյան օրերի» շրջանակներում, ապա համերգային կատարումներով հանդես եկավ Երեւանում, Հայաստանի մարզերում եւ Արցախում: Մասնակցել է տարբեր մրցույթների, արժանացել մի շարք մրցանակների:

2010 թվականը համույթի կենսագրության մեջ նոր ու կարեւոր էջ է բացելուՙ արտասահմանյան առաջին ուղեւորությամբ: «Երկիր Եվրոպա» կազմակերպության հրավերով եւ ֆրանսիական Ռոն Ալպ շրջանի ֆինանսական աջակցությամբ «Նարեկացի» համույթը ապրիլի 22-ից մայիսի 8-ը համերգային շրջագայություններով հանդես կգա եվրոպական մի շարք քաղաքներումՙ Փարիզ, Լիոն, Մոնթելիմար, Ռոման, Ժնեւ, Ցյուրիխ, Թուլուզ եւ այլն: Ապրիլի 30-ին Փարիզում կայանալիք բարեգործական համերգի ողջ հասույթը տրամադրվելու է 2008-ին Թբիլիսում ավտովթարից տուժած, մորը կորցրած եւ Փարիզ փոխադրված իննամյա Ալեք Չուֆլաքյանի բուժմանը:

Ռոմանի երաժշտանոցում համերգային կատարումներին զուգընթաց կանցկացվեն փոխադարձ վարպետության դասեր: Համերգներից առաջ պատանի երաժիշտները կներկայացնեն հայ ժողովրդական նվագարանները, դրանց ծագումն ու պատմությունը, առանձնահատկությունները:

Ինչ խոսք, որ այսպիսի հանդիպումները, մշակութային երկխոսությունները տարբեր ժողովուրդների փոխհարստացման եւ փոխլրացման, ինչպես եւ նոր ծրագրեր սկսելու լավագույն առիթներից են, բնականաբարՙ հայ երաժշտությունը եվրոպացի արվեստասերներին ծանոթացնելու հնարավորություն նաեւ:

Համույթի արտասահմանյան շրջագայության մեջ կարեւորվում է ապրիլի 24-ին Լուգանոյում (հաջորդ օրըՙ Ժնեւում) նախատեսվող ձեռնարկըՙ Մեծ եղեռնի նահատակներին նվիրված համերգային եւ ցուցահանդեսային բաժիններով: Համերգային ծրագրի առաջին մասում ընդգրկված են հայ հոգեւոր երաժշտության եւ Կոմիտասի ստեղծագործությունների կատարումներ, երկրորդումՙ կհնչեն ազգային վերածնունդը խորհրդանշող երգերՙ աշուղական եւ ժողովրդական: Անդրադարձ կլինի թուրքական կառավարության կողմից իր բնօրրանում արեւմտահայությանը ծրագրված ոչնչացնելու, զանգվածային ջարդերի ականատես շվեյցարացի միսիոներ Յակոբ Կյունցլերիՙ ի նպաստ հայությանը ցուցաբերած մարդասիրական, որբախնամ գործունեությանը:

Իսկ մինչ Եվրոպա մեկնելըՙ «Նարեկացի» համույթի արտերկրյա համերգային այս ծրագրին, ինչպես նաեւ նրա հետագա գործունեությանը սատարելու նպատակով Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ապրիլի 18-ին տեղի կունենա բարեգործական համերգ. այն «Ճանաչենք ազգային նվագարանները» ծրագրի մեկնարկը կլինի: Եվրոպական համերգային առաջին ուղեւորությունից առաջ համույթին հայ հանդիսականի քաջալերանքն ու ոգեշնչումն իսկապես անհրաժեշտ են:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4