«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#66, 2010-04-14 | #67, 2010-04-15 | #68, 2010-04-16


ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՀԱՄԱՐ ԲԱԳԱՐԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՍՏԻՊՎԱԾ ԵՆ ԵՐԿՈՒ ԿՄ ԳՆԱԼ ՈՒ ԳԱԼ

Սահմանամերձ Բագարանի միակ աղբյուրը գյուղի կենտրոնից հեռու է երկու կիլոմետր: Մի քանի քայլ հեռու մեկ այլ աղբյուր էլ կա, այստեղից սակայն ջուրը մշտապես չի հոսում: Ջրով լի դույլերն ուսափայտից կախած կանայք ոտքով կտրում են այդ ճանապարհը, որպեսզի տուն խմելու ջուր հասցնեն: Օրական տասնյակ լիտրեր ջուր կրելը գյուղում կնոջ աշխատանքն է համարվում: Աղբյուրը գյուղում ոչ միայն միակն է, այլեւ բնակիչների համար բացառիկ է: Գյուղացիները հազար ու մի անցքեր են պատմում աղբյուրի մասին: Այստեղից ջուր է խմել եւ կողքին հանգստացել Գեւորգ Չաուշը, անգամ Պուշկինը Կովկասում ճամփորդելիս համտեսել է Բագարանի ջուրը:

Հայ-թուրքական սահմանին գտնվող Բագարան գյուղում տան ծորակներից ջուր երբեւէ չի հոսել, այստեղ բախտավոր են նրանք, որոնց տան բակով գոնե առու է հոսում: Գյուղապետը հաշվարկել է, ջրամատակարարման համակարգը կառուցելու համար 500 հազար դոլար է անհրաժեշտ, տարեկան 30 հազար դոլարից էլ պակաս բյուջե ունեցող համայնքն ինքնուրույն խնդիրը լուծել չի կարող: «Խորհրդային Միության տարիներին էլ գյուղացիները ջուր չեն ունեցել: Աղբյուրի ջուրը չի ֆիլտրացվում: Մինչ օրս գյուղացիներն առողջական լուրջ խնդիրներ չեն ունեցել: Ես խնդիրը ներկայացրել եմ մարզպետարան», ասաց գյուղապետ Գեւորգ Մարգարյանը :

Շուրջ տասը տարի առաջ գյուղացիները ջրամատակարարման համակարգ« այնուամենայնիվ« կառուցեցին, սակայն ինժեներական լուրջ խախտումներով: Համակարգը մեկ ամսից էլ քիչ աշխատեց, կանայք ստիպված էին կրկին դույլերը ձեռքերն առնել:

  Աննա Ասոյանը Բագարան գյուղ հարս է եկել եւ ամուսնության հաջորդ օրն աղբյուր գնացել: «Դժվար էր, բայց սովորեցի: Ուրիշ ինչ կարող էի անել: Ջուրը եռացնում ենք, նոր ենք խմում: Դույլի տակ միշտ աղ է մնում: Բոլորն առողջական խնդիրներ ունեն, ատամներն են փչանում, ստամոքսի հիվանդություններ են առաջանում», պատմում է Աննա Ասոյանը :

  Նունե Ավադալյանը պատմում է, որ թոռնիկների հագուստները լվալու համար տան բակով հոսող առվի ջուրն է օգտագործում: «Ուղղակի անհնար է այդքան ջուր կրել, ստիպված ենք լինում առվի ջուրն էլ օգտագործել», ասաց նա:

Մինչ գյուղի 680 բնակիչները լուռ համակերպվել են իրենց դրությանը եւ խնդիրների մասին միայն բարձրաձայնում են երբեմն- երբեմն այստեղ այցելող պաշտոնյաներին, մարզպետարանում հարցի մասին խոսելիս դեռեւս սահմանափակվում են ապագա ծրագրերի մասին նշելով: «Խնդրին ծանոթ ենք: Հիմա մշակում ենք մարզի զարգացման քառամյա ծրագիրը, որը պետք է ներկայացնենք կառավարությանը: Գյուղի ջրի խնդիրը ներառված է ծրագրում», ասաց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը : Սակայն մինչ քառամյա ծրագրի հաստատումը մարզպետարանում փորձում են բարերարների գտնել՜ գյուղը ջրով ապահովելու համար: «Բագարանը մարզում միակ գյուղը չէ, որ նման խնդիր ունի: Շատ են նման գյուղերը», նկատեց մարզպետը:

Հանրապետությունում գործում է 5 ջրամատակարար կազմակերպություն: Հայաստանի շուրջ հազար բնակավայրերից 580-ն ընդգրկված չեն ընկերությունների սպասարկման ծրագրերում: Համայնքները ստիպված են լինում ինքնուրույն լուծել ջրամատակարարման խնդիրը: «Գյուղական բնակավայրերի 60 տոկոսը չի սպասարկվում: Որպեսզի գյուղական բնակավայրերն ընդգրկվեն ջրամատակարար ընկերությունների սպասարկման ծրագրերում, համայնքը պետք է իր համաձայնությունը տա: Ընկերությունն այդտեղ ներդրումներ պետք է կատարի, գյուղացին այնուհետեւ պետք է վճարի: Հաճախ գյուղացիները հրաժարվում են ըներությունների ծառայություններից», ասաց ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանը : Միջազգային դոնորների միջոցներով սակավաթիվ գյուղերում ջուրն արդեն հոսում է ծորակներով, Բագարանը որեւէ միջազգային ծրագրերում ընդգրկված չէ: Կոմիտեի մասնագետները եւս հաշվարկել են. Բագարանին ջրամատակարարմամբ ապահովելու համար անհրաժեշտ է 125 մլն դրամ: Ջրային տնտեսության պետական կոմիտեն Համաշխարհային բանկի հետ պատրաստում է հանրապետության ջրամատակարարման զարգացման ուրվագիծ: Հենց այս ծրագրի շրջանակներում կոմիտեն վարձելու է խորհրդատուի, որը կզբաղվի սպասարկումից դուրս մնացած գյուղական համայնքների խնդրին լուծումներ առաջարկելով: «Կես տարվա ընթացքում կավարտենք ուսումնասիրությունները», ասաց Գագիկ Խաչատրյանը:

Մինչ պաշտոնյաները զբաղված են ուսումնասիրություններով, 18-ամյա Սաթենիկ Վարդեւանյանը հստակ որոշել է, որ Բագարանում ապրել չի ուզում: «Չեմ ուզում այստեղ ամուսնանալ եւ շարունակել գյուղում ապրել: Չեմ ուզում շարունակ ջուր կրել», ասաց Սաթենիկ Վարդեւանյանը:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4