«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2010-04-15 | #68, 2010-04-16 | #69, 2010-04-17


ԵՐԿՈՒ ՆՐԲԱՇԵՇՏ` ԵՐԵԿՎԱ ՕՐԻՑ

Հայ-թուրքական

Մինչ վաշինգտոնյան հանդիպումներից հետո երկրի նախագահը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ, կվերադառնա երկիր եւ կխոսի` երեկ քաղաքական դաշտը տարբեր մամուլի ակումբներում եւ հեռուստաեթերներում շարունակում էր տարուբերվել հայ-թուրքական թեմաներով: Կարծիքներում հնչած ենթադրությունները հայ-թուրքական զարգացումների ուղղությամբ կարելի է խմբավորել. ա) հայ-թուրքական սահմանը կբացվի, այնուհետեւ կտեսնեն, թե ինչ կլինի արձանագրությունների ճակատագիրը. բ) Հայաստանն ավելի վաղ կվավերացնի արձանագրությունները (սա բայց կարծես այլեւս այնքան էլ ակտուալ չէր համարվում, շատ-շատ` ենթադրություններում միաժամանակյա գործընթացը դեռ շանս ուներ), գ) թուրքական խորհրդարանը կվավերացնի արձանագրությունները վերապահումով (վերապահումը կամ Ղարաբաղին, կամ Հայոց ցեղասպանությանը, կամ էլ այդ երկուսին միասին հավանաբար կվերաբերի), այս դեպքում Հայաստանի նախագահը կասի իր խոսքը, այն է` հետ կվերցնի արձանագրությունների ստորագրությունը: Ահա հավանական այն տարբերակները, որ քննարկվում էին երեկվա դրությամբ, ընդ որում` առաջին տարբերակի հավանականությունը մեկ օր առաջ նշել էին ե՛ւ ամերիկյան շրջանակների տրամադրություններից լավ տեղյակ Ռիչարդ Կիրակոսյանը, եւ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Վերապահումների լեզվով Թուրքիայի խոսելուն որպես պատասխան քայլ` երեկ ԲՀԿ-ական Արամ Սաֆարյանը համարել էր ե՛ւ չվավերացնելը, ե՛ւ նույն կերպ վերապահումներով կամ կից հայտարարությամբ վավերացնելը (այս դեպքում, սակայն, համապատասխան օրենսդրական փոփոխություն է պետք, ինչն անցած քառօրյայում մերժվել էր):

Այս քանի օրն, այո՛, առկա է այն վարկածը, որն ավելի վաղ, մինչեւ վաշինգտոնյան հանդիպումը մերոնք չէին քննարկում. ԱՄՆ-ը հավանաբար հանգել է այն վարկածին, որ հայ-թուրքական հարաբերությունները զարգանան ոչ թե թղթերով, այլ նախ կոնկրետ` գործնականում, իսկ հետո արդեն որոշակի տնտեսական արձանագրումներից հետո արձանագրություն ստորագրելը տեխնիկայի գործ կլինի: Ի դեպ, «Կալիֆոռնիա կուրիերի» խմբագիր Հարութ Սասունյանի դիտարկման համաձայն էլ` Հայաստանի եւ Թուրքիայի վրա Սպիտակ տան ճնշման արդյունքը կլինի մինչեւ արձանագրությունների վավերացումը հայ-թուրքական սահմանի բացումը: Իսկ եթե թուրքական կողմը համառի, ըստ Սասունյանի, Հայաստանի նախագահին այլ բան չի մնա, քան հետ վերցնել ստորագրությունը` թուրքական նախապայմանները վկայակոչելով:

Իսկ այն տեսակետներին, թե թուրքական կողմը ցայտնոտի մեջ է, ճանապարհային քարտեզ կա՞, թե չկա` դեռ կարելի է լուրջ չվերաբերվել, այլ համարել էմոցիոնալ բաղադրիչ` մինչեւ լիարժեք տեղեկատվության եւ երկրի ղեկավարության դիրքորոշման հայտնի դառնալը:

Ոստիկանական

Երեկվա օրը նաեւ առանձնացավ որպես հայոց ոստիկանության ծննդյան տոն, ինչը, սակայն, նախօրեին ստվերվել էր Չարենցավանի ցավալի դեպքով, Չարենցավանի ոստիկանություն տարված 24-ամյա Վահան Խալաֆյանը, վարկածներից մեկով, ինքնասպանություն է գործել ոստիկանության բաժնում որովայնից դանակահարելով ինքն իրեն, իսկ ըստ այլ վարկածներից եւս մեկի` նրա զգեստի վրա դանակահարության հետք չկա, այլ միայն մարմնին, այն էլ խոշտանգման հետքերին զուգահեռ: Արդյո՞ք այս անգամ կհաջողվի իրական հետաքննություն իրականացնել, թե՞ ամեն ինչ մեզ նորից կհիշեցնի Լեւոն Գուլյանի դեպքը, երբ էլի ոստիկանություն տարված երիտասարդը մահացավ, իսկ որպես բացատրություն հնչեց ոչ մեկի վստահություն չներշնչող ինքնասպանությունը` պատուհանից ցած նետվելով:

Ոստիկանության տոնի օրվա առաջին զգացողությունը հասարակ մարդու մեջ պետք է լինի խանդաղատանքը` իր անվտանգության երաշխիք ոստիկանի ու ոստիկանության հանդեպ: Քանի՞ հայ մարդ վստահորեն այդպիսի զգացողություն ունեցավ երեկ` հարցը սա է: Հարցը պետք է լինի վստահության ձեւավորումը` հանդեպ ոստիկանի կերպարը, ինչը, խոստովանենք, շատերս չունենք տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով: Եվ ես իմ ականջներին չեմ հավատում, երբ ոստիկանապետը կարող է ասել, թե իրեն ո՞ւմ քաղաքական թիմում է տեսնում: Եղբայր, երկրի սահմանադրությամբ եւ օրենքներով ոստիկանապետը պետք է պաշտպանի օրինականությունն ու օրենքը եւ ոչ թե իրեն տեսնի որեւէ մեկի քաղաքական թիմում. «Ներքին գործերի նախարարն ի պաշտոնե պետք է հայտնվի երկու վիճակներից մեկում` կամ պետք է իշխանությանը պաշտպանի մինչեւ վերջ եւ հայտնվի հաղթողի դերում, կամ պետք է հայտնվի այն դերում, որում հայտնվեց Ղրղզստանի ՆԳ նախարարը», ասել է մեր ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը եւ սխալվել է, որովհետեւ օրենքով ուժային կառույցները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ. եթե զբաղվում եք` գոնե թաքցրեք: Իսկ եթե այս եւ սրա նման այլ մտքեր ասվել են առանց մտածելու, ուրեմն հարկ է, որ մեր ոստիկանապետը մի անգամ եւս ուսումնասիրի օրենսդրությունը եւ մյուս ասուլիսներին արտահայտվի օրենքի տառին համապատասխան:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4