Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի գնահատմամբՙ 95 տարվա ընթացքում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մի շարք փուլեր է անցել: Ի տարբերություն Հոլոքոսթի` Հայոց ցեղասպանության մասին երկարատեւ լռությունը միայն վնասեց ճանաչման գործընթացին: Ժողովուրդը լռում էր պարտադրված, եւ միայն 1965-ից պաշտոնական Մոսկվայի թույլտվությամբ լռության երկարատեւ շրջանն ավարտվեց: Ըստ փորձագետի, ներկայիս իրավիճակը նախորդներից էապես տարբերվում է: «Պետական բարձր մարմինները, կազմակերպություններն ու սփյուռքահայ համայնքը տարիներ շարունակ զբաղված էին նախապատրաստական աշխատանքներով, հանրային լայն շրջանակներին եւ միջազգային խոշոր կազմակերպություններին իրազեկում էին Հայոց ցեղասպանության մասին եւ խթանում միջազգային ճանաչումն ու դատապարտումը: Այսօր Հայոց ցեղասպանությունը ողջ աշխարհում անժխտելի փաստ է: Չճանաչած երկրները չեն ժխտում Ցեղասպանության իրողությունը. մերժում են ճանաչել` ելնելով քաղաքական նկատառումներից: Ճանաչման խնդիր այլեւս չկա, եկել է պատասխանատվության եւ փոխհատուցման խնդրի բարձրաձայնման պահը», «Հենարան» ակումբում երեկ ասաց նա:
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ներկայիս հանգրվանում ավարտվել է պատմաբանների առաքելությունը: «Նրանք ամեն ինչ արել են` մենագրությունները, հետազոտությունները բավարար են, որպեսզի Ցեղասպանության մասին այսպես կոչված ճանաչողական փուլը համարենք ավարտված, եւ սկսվի փոխհատուցման, պահանջատիրության փուլը»:
Փոխհատուցման մասին խոսելիս Մանուկյանը հղում է անում միջազգային փորձին եւ 1948-ին ՄԱԿ-ի ընդունած Ցեղասպանության մասին կոնվենցիային. պահանջատիրության մեխանիզմը չի մանրամասնվում, սակայն հստակ գրված է. ճանաչման դեպքում պետք է իրականացվի փոխհատուցում:
Մանուկյանը ներկայացնում է Հոլոքոսթի օրինակն ու ներկայացնում պատասխանատվության չորս ձեւերը` բարոյական, քրեական, նյութական պատասխանատվություն եւ քաղաքական փոխհատուցում, որոնք հրեաները ժամանակի ընթացքում անցել են:
Զուգահեռներ անցկացնելով Հոլոքոսթի եւ Մեծ եղեռնի միջեւ, Մանուկյանը նկատում է, որ թուրքերը քրեական պատասխանատվության ենթարկվել են:
Ի տարբերություն Հոլոքոսթի, երբ ցեղասպանություն իրականացրած մարդիկ ենթարկվեցին մահապատժի, Հայոց ցեղասպանության ժամանակ թուրք ցեղասպաններին սպանեցին հայ վրիժառուները: «Քաղաքական փոխզիջում ասելով` նկատի ունենք առաջին հերթին մեր հողերի վերադարձը, սակայն չպետք է լինել պարզունակ եւ հուսալ, որ ճանաչումից հետո թուրքերը կվերադարձնեն հայկական հողերը»:
Մանուկյանը փաստում է, որ Սերժ Սարգսյանի Դեր Զորում եւ ԱՄՆ-ումՙ Վուդրո Վիլսոնի գերեզմանի մոտ արած հայտարարություններն ազդակ են. ժամանակն է խոսելու Ցեղասպանության հետեւանքների մասին:
«Ազգ»-ի հարցին` «Պետական մակարդակում պահանջատիրության եւ փոխհատուցման վերաբերյալ ինչպիսի՞ մեխանիզմ կա», Մանուկյանն ասաց, որ հստակ ծրագրեր, մեխանիզմներ պահանջատիրության վերաբերյալ չկան:
«Պետք է զգացականից անցում կատարենք պրագմատիկ գործելաոճի, ծրագրեր մշակենք: Սակայն չարժե շտապել: Փոխհատուցման, պահանջատիրության ծրագիր մշակելը կպահանջի 5-10 տարի»:
Փորձագետը համոզված է` պահանջատիրության հարց բարձրացնելը կապված չէ Անգլիայի կամ Գերմանիայի խորհրդարանների` Ցեղասպանության ճանաչման հետ: «Ազգ»-ի դիտարկմանըՙ «Որքանո՞վ է նպաստավոր միջազգային իրավիճակը Հայաստանի համար պահանջատիրության հարց բարձրացնելու համար», Մանուկյանն ասաց, որ ինքն էլ ունի մտավախություններ: «Եթե այսօր վիճակը նպաստավոր չէ, ի՞նչ պետք է անենք, սպասե՞նք: 10 տարի հետո վիճակը նպաստավո՞ր կլինի: Պետք է հայցը ձեւակերպենք, ներկայացնենք եւ սպասենք հարմար առիթի, որովհետեւ այն հաղթելու շատ հնարավորություններ ունի: Պետք է պատրաստ լինել ամեն իրավիճակի», ասաց նա:
Կան նախադեպեր, երբ ստեղծվում է անկախ դատական մարմին, որն իրականացնում է դատավարություն: Նման դատարաններ են ստեղծվել Ռուանդայի, Դարֆուրի, Կամբոջայի ցեղասպանությունները քննելու ժամանակ:
Անկախ դատական մարմին ստեղծելու եւ հայց ներկայացնելու համար պետությունը պետք է քաղաքական որոշում կայացնի: Ինչ վերաբերում է Թուրքիայի ժխտողական կեցվածքին` Մանուկյանը վստահ է. ոչ մի հանցագործ երբեւէ չի խոստովանում, որ հանցագործություն է կատարել` փորձելով խուսափել պատժից: «Սակայն դա չի նշանակում, որ պետք է հրաժարվել: Այս հարցը պետք է գտնի իր տրամաբանական լուծումը»: Նա նկատում է, որ Հայոց ցեղասպանության հայցը դատարան պետք է ներկայացնի պետությունը. այդ ժամանակ հաղթանակի հնարավորություններն ավելի բարձր կլինեն:
Հասարակության մեջ տարածված կարծիք կա, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցից հետո անհնար կլինի պահանջել ոչ միայն միջազգային ճանաչում, այլեւ փոխհատուցում: Հարցը Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի փոխտնօրենին հաճախ են հղում նաեւ այցելուները. պատասխանը մեկն է` ենթադրությունն անհիմն է ու սխալ:
«100-ամյակը ոչինչ չի փոխի: Մարդկության դեմ կատարված ոճիրը` Ցեղասպանությունը վաղեմության սահման չունի»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ