«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#68, 2010-04-16 | #69, 2010-04-17 | #70, 2010-04-20


ՆՈՒՅՆ ԵՐԿՐԻ ՆԵՐՍՈՒՄ ՉԻ ԿԱՐՈՂ ՆՈՒՅՆ ԱԶԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ ԼԻՆԵԼ

Վերջերս հաճախակի է խոսվում ղարաբաղյան կարգավորման բանակցություններում Լեռնային Ղարաբաղն ընդգրկելու անհրաժեշտության մասին, ընդ որումՙ նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների շուրթերով: Հստակ չի ասվում, սակայն, թե երբ կարող է ԼՂՀ-ն ներգրավվել: Բայց կարեւորը տվյալ դեպքում ոչ թե կարծես ժամկետն է, այլ այն, որ Ադրբեջանը յուրովի պատկերացում ունի մասնակցության ձեւաչափի մասին: Ըստ ադրբեջանական տրամաբանության` ԼՂ մասնակցությունը ենթադրում է բանակցություններում, այսպես կոչված, Ղարաբաղի հայ եւ ադրբեջանական համայնքների ընդգրկում:

Աբսուրդն այն է, որ Ադրբեջանն իր հավեսին լուծարած լինելով Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավարությունը, ըստ էության այդ տարածքում շարունակում է ճանաչել պետական միավորի գոյությունը, որովհետեւ եթե Ղարաբաղը պիտի հանդես գա որպես բանակցային կողմ, ապա դա ինքնին պաշտոնական մասնակցություն է: Միեւնույն ժամանակ, ինքնավարության լուծարվածության պարագայում իրավական չէ այդ տարածքի ներկայացուցչի մասնակցությունը, քանզի վերջինս չի կարող լիազորված լինել արտահայտելու Ղարաբաղի ազգաբնակչության տեսակետը: Լիազորված կարող է հանդիսանալ միայն պետական կազմավորման ներկայացուցիչը եւ այն էլ ժողովրդի կողմից ընտրված անձը, որպիսին ռեալ դեպքում համաժողովրդական քվեարկությամբ ընտրված ԼՂՀ նախագահն է:

Ադրբեջանական համայնք Արցախում պաշտոնապես գրանցված չկա, բայց այդտեղ հիմա էլ ապրում են ազգությամբ ադրբեջանցիներ, որոնք ԼՂՀ լիիրավ քաղաքացիներ են եւ հավասարապես օգտվում են սահմանադրական նույն իրավունքներից, ինչ հայերը: Նրանք ԼՂՀ անկախության ժամանակաշրջանում մասնակցություն են ունեցել անցկացված բոլոր պետական միջոցառումներին, այդ թվում` 1991-ի դեկտեմբերի 10-ի անկախության եւ 2006-ի դարձյալ դեկտեմբերի 10-ին անցկացված սահմանադրական հանրաքվեներին:

Առհասարակ, համայնք համարվում է պետականահպատակ էթնիկ խումբը, որը քաղաքացիության իրավունքով մասնակցում է պետականաշինության գործընթացին: Համենայն դեպս, բոլոր երկրներում ազգային փոքրամասնությունները նույն այս հատկանիշներով են բնութագրվում: Ռուսաստանի Դաշնությունում (կամ այլուր) բնակվող ադրբեջանցիներն, օրինակ, եթե տվյալ երկրի քաղաքացիություն ունեն, ապա նրանք այդ պետության մաս են կազմում: Քաղաքացիություն չունեցողները պարզապես էմիգրանտներ են, «գաստարբայտերներ» կամ էլ լավագույն դեպքում` զբոսաշրջիկներ: Ըստ ադրբեջանական գաղափարաբանության, ուրեմն, ղարաբաղցիներն իրենց նախնյաց հողում էմիգրանտնե՞ր են, զբոսաշրջիկնե՞ր, թե՞ մարդկությանը դեռեւս անհայտ կարգավիճակ ունեցող հանրություն: Լուրջ պահն այն է, որ Լեռնային Ղարաբաղը եւ հայերն ընդհանրապես, առնվազն երկու տասնամյակ ոչ մի առնչություն չունեն հարեւան երկրի հետ:

Ադրբեջանը հանիրավի Ղարաբաղի համայնքի ներկայացուցիչներ է համարում երբեւէ Արցախում ապրած ադրբեջանցիներին, որոնք վաղուց Ադրբեջանի քաղաքացիներ են ու մշտական բնակություն են հաստատել այդ հանրապետությունում: Նկատենք, ղարաբաղյան պատերազմի արդյունքում թե՛ Ադրբեջանում եւ թե՛ Հայաստանում հարյուր հազարավոր փախստականներ կան, որոնք չեն դասակարգվում «Ադրբեջանի հայ համայնք» կամ «Հայաստանի ադրբեջանական համայնք» հասկացության տակ: Ուրեմն ինչպե՞ս կարող են նախկին արցախաբնակ ադրբեջանցիները Բաքվում դառնալ «Ղարաբաղի ադրբեջանական համայնք»: Անցած ժամանակահատվածում ղարաբաղյան արմատներ ունեցող ադրբեջանցիների նոր սերունդ է հասունացել Ադրբեջանում: Այդ սերնդի ներկայացուցիչներին «համայնքավորելը» արդյո՞ք խտրականություն չէ իր իսկ ցեղակիցների նկատմամբ: Անտեսվում է թերեւս այն փաստը, որ Բաքվում ստեղծելով ադրբեջանական համայնք` խախտվում է սահմանադրականությունը. նույն երկրի ներսում հո չի կարող նույն ազգության համայնք լինել:

Փախստականների վերադարձն էլ, որի մասին ավելի շատ խոսում են Ադրբեջանում, եւս պետք է դիտարկել ընդունելի չափանիշներում: Նախկին կիրովաբադցին կամ մասիսցին, որ հանգամանքների բերումով լքել են իրենց ծննդավայրը, վերադառնալու դեպքում պարտավոր են նոր քաղաքացիություն ստանալու համապատասխան փուլեր անցնել: Սա հեշտ պրոցեդուրա չէ, բայց միջազգային իրավունքի նորմ է, որն անվերապահորեն կիրառելի է նաեւ ԼՂՀ պարագայում, քանզի Արցախը, թեկուզ դեռեւս չճանաչված, պետական բոլոր ինստիտուտներով կայացած երկիր է, եւ որը միշտ հետամուտ է իր քաղաքացիների սահմանադրական իրավունքների պաշտպանմանը:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4