Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման շաբաթվա նախօրեին Սիդնեյի հայ համայնքը բողոքի գործողություն է իրականացրելՙ ընդդեմ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման: Իրադարձությունը լուսաբանել են Channel 7 եւ SBS հեռուստաալիքները, նաեւ ABC, Triple J եւ SBS ազգային ռադիոցանցերը, տեղեկացնում է «Նյուզ.ամ»-ը:
Գործողությունը կազմակերպել է Ավստրալիայի Հայկական երիտասարդական ֆեդերացիան: Փողոց են դուրս եկել նաեւ Սիդնեյի թուրքական համայնքի 100 անդամներ:
Ներկա է գտնվել մոտ 100 ոստիկանՙ թույլ չտալու հայ ցուցարարների եւ թուրքական ամբոխի միջեւ բախումներ: Հայերը, որոնց միացել են նաեւ ասորիներն ու հույները, վանկարկել են «1915, այլեւս երբե՛ք», «Թուրքիան մեղավոր է, Թուրքիան պետք է պատասխա՛ն տա», «Մե՛նք արդարություն ենք ուզում» եւ «Ցեղասպանությունը փա՛ստ է» կարգախոսները:
Հ. Ա.