«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#68, 2010-04-16 | #69, 2010-04-17 | #70, 2010-04-20


ԹՈՒՐՔԵՐԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑԵՆՔ, ԲԱՅՑ ՈՉ ԹԵԼԱԴՐՎԱԾ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԵՎ ՕՐԱԿԱՐԳՈՎ

Ըստ Վահան Հովհաննիսյանի

«Մենք կարող էինք հույսեր ունենալ, որ վաշինգտոնյան այցը շատ հարցերում վերջնական պատասխան կտա, բայց այդպես չեղավ` բազմաթիվ բաց հարցեր մնացին, թեեւ, կարծում եմ, ինքնին այցը ընդհանուր առմամբ դրական է պետք գնահատել». ահա այսպես խոսեց ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը ՙ երեկ մամուլի ակումբներից մեկում լրագրողների հարցերին պատասխանելիս:

  Գալուստ Սահակյանը հնարավոր էր համարել սահմանի բացումն արձանագրությունների վավերացումից առաջ. Վ. Հովհաննիսյանի կարծիքով` որեւէ մեկը Հայաստանում հնարավորություն չունի կանխատեսելու կամ ուղղորդելու Թուրքիայի քաղաքականությունն ավելի, քան տվյալ երկրի վարչապետ Էրդողանը, որի վերջին երկու հայտարարություններից պարզ երեւում է, թե սահմանը թուրքերը չեն բացելու, մինչեւ հայկական կողմը չգնա միակողմանի զիջումների. «Իհարկե, նաեւ տարբեր թեմաներ քննարկեցին` միգուցե ոչ թե 7 կամ 5 շրջան, այլ երկու շրջան: Բայց ի վերջո սկզբունքային տեսակետից ոչ մի նշանակություն չունի, թե քանի՞ քառակուսի կիլոմետր կամ մետր ես դու զիջում միակողմանիորեն, որովհետեւ միակողմանի զիջեցիր, այլեւս կորած ես: Այնպես որ` այդ սցենարը ես տվյալ պահին հնարավոր չեմ համարում», ասաց նա:

Վերջապես ի՞նչ որոշման մասին էր խոսում նախագահը Տավուշում. «Ես կարծում եմ` խոսքը այն որոշման մասին է, որ արդեն բոլորս բազմիցս լսել ենք, որ Հայաստանը կվավերացնի արձանագրությունները միայն Թուրքիայից հետ: Եթե ինչ-որ նոր որոշում կա` այդ մասին ոչինչ հայտնի չէ», նկատեց ՀՅԴ-ականը: Իսկ որ, նրա խոսքով, «արձանագրությունները մեռած են կամ մեռցնելու հատկանիշ ունեն»` 1 տարի առաջվա ճանապարհային քարտեզից էր հայտնի: Նա պատկերավորեց իր խոսքն օրինակով. Շառլ դը Գոլն ասում էր, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ ծանր ընտրության առջեւ է կանգնում` պետության շահե՞րը պաշտպանել, թե՞ նրանց, ով իրեն բերում է իշխանության, դը Գոլն իր համար նախընտրելի է համարել պահպանել երկրի շահերը, նույնիսկ ոտնահարելով նրանց շահերը, ով իրեն նախագահ է դարձրել. «Թուրքին հասկանալի դարձավ, որ այս իմաստուն միտքը Հայաստանում կիրառելի չէ: Այս վիճակը տեսնելով` նրանք մտածեցին, որ հարմար պահն է պառակտում մտցնելու հայության մեջ: Առաջին պառակտման հարվածը հասցրին Հայաստան-Սփյուռք միասնությանը, նրանք այստեղ որոշակի հաջողությունների հասան եւ շարունակում են այդ գործընթացը: Հիմա նրանք արդեն անցել են երկրորդ փուլին, եւ Սփյուռքի մեջ պառակտում մտցնելու քայլեր են նախաձեռնում»: Իսկ թե ի՞նչ ջանքեր են արել թուրքերը ներքին` Հայաստան-Ղարաբաղ պառակտումը մտցնելու, սա, ըստ նրա, վերջին տարիների ընթացքից հայտնի է. «Մեզ համար հենց սկզբից պարզ էր, որ պրոտոկոլները միայն ու միայն ունեն այդ նպատակը` թուլացնել հայությանը, հայության ընդհանրական ուժը, պոտենցիալը, եւ ոչ մի ուրիշ նպատակ թուրքերի կողմից` հումանիտար, սամանի բացելու, բարելավելու իրավիճակը, ռեգիոնալ կայունություն հաստատել` դրանք իրականության մեջ չկան»: Այս հիմնական նպատակով էլ` Հայաստանը թուլացնելու, ըստ բանախոսի, թուրքերը գնացել են Վաշինգտոն: Նա մեր իշխանությունների գործելակերպի մեջ հակասություններ տեսավ. նախագահը խոսում է հայկական Նյուրնբերգի մասին, գնում է Վուդրո Վիլսոնի գերեզմանին, կառավարությունը ստեղծում է Ցեղասպանության 95-ամյակի միջոցառումների հատուկ հանձնաժողով, բայց միեւնույն ժամանակ, երբ հարց է դրվում նույն Վ. Վիլսոնի իրավարար վճռի օրը հայտարարել Հայրենատիրության օր, հանկարծ ընդդիմանում են. «Մինչեւ էսօր մեր իշխանությունները շարունակում են խոսել առանց նախապայմանների հաշտության կամ պրոտոկոլների մասին, այնինչ այդ նախապայմանները բազմիցս թուրքական կողմը կոխել է նրանց աչքը: Մերոնք դեռ շարունակում են ձեւ անել, կարծես այդ բոլորը չեն նկատում. միակ ելքն այս պայմաններում, որ կարող է իրավիճակի մեջ փոփոխություն մտցնել հօգուտ մեզ, ստորագրությունը հետ քաշելն է», համոզված էր Վ. Հովհաննիսյանը:

Վաշինգտոնյան հանդիպումների վերաբերյալ քանի որ պաշտոնական հաղորդագրություն չի եղել, դեռեւս մթնոլորտի մասին կարելի է գնահատական տալ, ըստ նրա, որի առումով առանձնապես փոփոխություն չի արձանագրվել` կողմերի դիրքորոշումների մեջ առնվազն բառերի մակարդակի վրա փոփոխություն արձանագրված չէ. «Ի՞նչ տեղի կունենա, երբ Հայաստանի նախագահը ինքը մեկնաբանի իր այցի արդյունքները, ես դժվարանում եմ ասել»:

Հայ-թուրքական հարաբերությունների` հետագայում էլ շարունակելու դեպքում ներկա արձանագրությունները նոր բանակցությունների հիմքում կլինեն, դրանց վրա կազդեն եւ իրենց վնասը կտան, ըստ բանախոսի, որովհետեւ որեւէ բան աշխարհում չի ջնջվում ու նորից զրոյից սկսվում. «Բայց լավ կլինի, որ բանակցությունների այդ նոր ռաունդի վրայից հնարավորինս հեռացնենք այս արձանագրությունների ազդեցությունը` ստորագրությունը հետ վերցնելով»: Նա նկատեց, թե ՀՅԴ-ն չի ասում` ընդհանրապես բանակցությունների կամ երկխոսության բացառում. «Այն պետք է շարունակվի, բայց մեր թելադրած կանոններով եւ օրակարգով», ասաց նա:

Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին տարբեր խոսակցությունների վերաբերյալ հարցին պատասխանելով` Վ. Հովհաննիսյանը հիշեց, թե լրագրողական լսարանում առաջինն է զարմացել, թե՞ երբ է Քոչարյանը քաղաքականությունից դուրս եկել. «Խոսքը ոչ թե քաղաքականություն վերադառնալու, այլ պետական կառավարման համակարգ վերադառնալու մասին է, որն ինչ-որ մարդկանց ուրախացնում է, ինչ-որ մարդկանց սարսափեցնում, եւ առհասարակ....նեղում է մի քիչ: Բայց իմ կարծիքով` նման հարց ընդհանրապես այս պահին դրված չէ»: ՀՅԴ-ն այդ հարցը չի էլ քննարկել, որովհետեւ այս հարցն այս պահին սրությամբ օրակարգի մեջ կանգնած չէ. «Իհարկե` մենք էլ նկատում ենք բաներ, որ չես հասկանում ինչով բացատրել, ասենք, օրինակ` Սերժ Սարգսյանի շատ ողջունելի եւ իսկապես ոգեւորիչ այցելությունը Վուդրո Վիլսոնի գերեզմանին, բայց նույն Վուդրո Վիլսոնի գերեզման այց կատարել է նաեւ Ռ. Քոչարյանը 11 տարի առաջ, դրա մասին բոլորը մոռացել են... խանդի էլեմենտներ կան այս վերաբերմունքի մեջ, որոնք ինձ համար հասկանալի չեն, որովհետեւ ամեն մի երկիր իր քաղաքականության շարունակականությամբ է ուժեղ»:

Եթե Հայաստանն առաջինը վավերացնի արձանագրությունները, ինչպես երբեմն տեսակետ է հայտնվում, դա կործանարար եւ երկրի արժանապատվությունը ոտնահարող քայլ կլինի` ըստ ՀՅԴ ներկայացուցչի:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4