«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#68, 2010-04-16 | #69, 2010-04-17 | #70, 2010-04-20


ԴՐՈՇՄԱՆԻՇՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿՁԵՎԱՎՈՐԻ ՄԱՔՈՒՐ ՇՈՒԿԱ

«Հեղինակային եւ հարակից իրավունքների մասին» օրենքը մեր երկրում ընդունվեց 1996-ին, տասը տարի անց կատարվեցին վերափոխումներ, սակայն հստակ օրինագծեր գրական կամ երաժշտական ստեղծագործությունների կեղծման վերաբերյալ այդպես էլ չունենցանք: Այսօր արդեն Ազգային ժողովում «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների դրոշմավորման պարտադրման մասին» ՀՀ օրենքի նախագիծն է: Օրենքում հստակ նշվում են իրագործման մեխանիզմերը: Դրոշմապիտակները կթողարկի պետեկամուտների կոմիտեն, ձեռք կբերեն սկավառակների բացթողմամբ զբաղվող ստուդիաներն ու ընկերությունները: Անօրինակ քայլերի բացահայտումներն ավելի հաճախ տանում են մայրաքաղաքի գետնանցումներ, ինչն էլ մասնագետների մտահոգության տեղիք է տվել:

«Մեր երկրում անօրինականությունները բավականին շատ են: Եթե ես շեշտեմ, ո՞ր ոլորտում չկա խախտում, ես այդպիսի ոլորտ չեմ կարող նշել, բայց ո՞ր ոլորտն է, որ 90-ից բարձր է տոկոսը, դա շուկան է», շաբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Հայ հեղինակ» հեղինակների իրավունքների պաշտպանության ՀԿ-ի գլխավոր տնօրեն Սուսաննա Ներսիսյանը :

Վերջինս հաճախ փորձում է ինքնուրույն հետազոտական աշխատանք անել, եւ ի զարմանս նրա, նույնիսկ այն անցումներում, որտեղ 100 տոկոսն էլ անօրինական է, շատ հանգիստ տեխնիկայի միջոցով 10 րոպե հետո «պիրատները» կարողանում են արտադրել ինչքան ուզեն:

Սուսաննա Ներսիսյանը շնորհակալ է օրինագծի հեղինակՙ ԱԺ պատգամավոր Կարեն Վարդանյանին, եւ հավելում, որ միայն այս կերպ հնարավոր կլինի վերահսկում իրականացնել. «Եթե 90 տոկոսից անցնում է այդ ստվերային էկոնոմիկան, անօրինականությունը մտավոր սեփականության ոլորտում ուղիղ կապով ազդում է երկրի տնտեսության եւ միջազգային առումով հեղինակության վրա: Այս օրենքը շուտ պետք է ընդունվեր, եւ այսքան արվեստագետների արտահոսք էլ չէր լինի»:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4