«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#68, 2010-04-16 | #69, 2010-04-17 | #70, 2010-04-20


ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՆՈՐ ՎԱՐԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՀԱՄԱՐ

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը եւ գերմանական KfW բանկի Եվրոպայի բաժնի պետ Եվա Վիտտը երեկ պայմանագիր ստորագրեցին, համաձայն որիՙ գերմանական բանկը Հայաստանի Կենտրոնական բանկին կտրամադրի 20 մլն եվրո վարկՙ «Բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացում» վարկային ծրագրի շրջանակներումՙ 10 տարի ժամկետով, որից 3 տարին արտոնյալ եւ 3 տոկոս տոկոսադրույքով, քանի որ տոկոսադրույքի մի մասը սուբսիդավորում է գերմանական կառավարությունը:

Ինչպես ստորագրման արարողությունից հետո նշեց Արթուր Ջավադյանը , այս վարկով կմեկնարկի վերոնշյալ վարկային ծրագրի երրորդ փուլը: Այն սկսվել է 2005-ին, որին հաջորդող երկու տարիների ընթացքում գերմանական կողմը երկու մասնաբաժիններով տրամադրել է 12 մլն եվրո վարկ եւ 1,5 մլն եվրո դրամաշնորհ: Այդ ծրագիրը, ԿԲ նախագահի հավաստմամբ, հաջողությամբ իրագործվել է: Որպես դրա ապացույցՙ Արթուր Ջավադյանը բերեց այն ցուցանիշը, որ վերոհիշյալ վարկային ծրագրի շրջանակներում տրամադրված 6,9 մլրդ դրամ վարկերից ընդամենը 0,8 տոկոսն են եղել չաշխատող վարկերը:

Տեղեկացվեց, որ KfW-ի այս ծրագրից օգտվում են հայկական 9 բանկ եւ 2 վարկային կազմակերպություն, որոնց վարկերը տրամադրվում են նվազագույնը 10 տարի ժամկետով: Մինչ այժմ, ըստ ԿԲ նախագահի, բանկերին տրամադրվող վերաֆինանսավորման տոկոսադրույքի չափը եղել է 8,25 տոկոս, որը հնարավոր է վերանայել ապագայում, իսկ բանկերը վարկերը տրամադրել են 12-16 տոկոսով:

Արթուր Ջավադյանը հայտնեց նաեւ, որ գումարը Հայաստանը ստանում է եվրոյով, բայց վարկերը տրամադրում է հայկական դրամով: Այսինքն, հայկական կողմն իր վրա է վերցնում փոխարժեքի հետ կապված ռիսկը:

KfW-ի եվրոպական բաժնի պետ Եվա Վիտտը գերմանական կողմի համար կարեւոր համարեց Հայաստանի կառավարությանը բնակարանային շուկայի ֆինասավորման հարցում աջակցելը: Նա նշեց, որ այս ծրագիրն առավելապես ուղղված է Երեւանից դուրս եւ ոչ շատ բարձր եկամուտներ ունեցողների, այլ ոչ թե, իր բնորոշմամբ, «Երեւանում ճոխ բնակարաններ ձեռք բերողների» համար: Եվա Վիտտը նաեւ ընդգծեց ԿԲ-ի կողմից փոխարժեքի ռիսկն իր վրա վերցնելու հանգամանքը, ասելով, որ ոչ բոլոր երկրներն են այդ ռիսկին դիմում:

Հարցին, թե որքա՞ն է Հայաստանի հիպոթեկային շուկայի պահանջարկը եւ ի՞նչ ծավալի վարկեր են տրված, Արթուր Ջավադյանը պատասխանեց, որ ներկա պահին բանկերը տրամադրել են 83 մլրդ դրամ հիպոթեկային վարկեր: Առաջիկա 1-1,5 տարում, ԿԲ նախագահը հուսով է, որ այդ ցուցանիշը կհասնի 110-120 մլրդ դրամի, նկատի ունենալով ազգային հիպոթեկային ընկերության 13 մլրդ դրամ, երիտասարդ ընտանիքների վարկավորմանՙ 3 մլրդ դրամ եւ այս վարկիՙ 11 մլրդ դրամ (20 մլն եվրո) միջոցների ներդրումն այս շուկայում:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4