«Ազգը» հենց սկզբից Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի` «1,5 մլն ծառ` Ցեղասպանության զոհերի հիշատակին» կոչի ու ծրագրի կողքին է: Մենք մանրամասն անդրադարձել ենք մարտի 31-ին տրված ծրագրի մեկնարկին` մայրաքաղաքի մի շարք կրթօջախներում եւ զորամասում: Մենք նաեւ տեղեկացրել ենք, որ ՌՀՄ եւ ՀՀԿ կոչին, որ սատարում է նաեւ ՀՀ Սփյուռքի նախարարությունը, միացել են որոշ քաղաքական կուսակցությունների` Արմենական-Ռամկավար ազատական եւ Դեմոկրատական կուսակցությունների երիտասարդական թեւերը: Ապրիլի 17-ին ծառատունկի մեկնարկը տրվեց նաեւ մարզերում: Ծառատունկի կոչին միացել էր նաեւ Գավառի պետական համալսարանը:
Համալսարանի բակում տեղադրված բահերն ու դույլերը չափից ավելի շատ էին թվում, սակայն շուտով համալսարանին մերձակա այգում ազատ դույլ, կամ բահ անհնար էր գտնել: Բոլորը` դասախոսական կազմը, ուսանողությունը, նույնիսկ ոմանց ծնողները, եղբայրներն ու քույրերը, ելել էին ծառատունկի, իսկ համալսարանի ռեկտոր Ռուզան Հակոբյանը դույլերով ջուր էր կրում: «Միանալով Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի կոչին, որին աջակցում է նաեւ Սփյուռքի նախարարությունը, մենք պատրաստակամություն ենք հայտնում նաեւ խնամելու եւ մշակելու տնկված ծառերը, սա ամեն հայի պարտականությունն է. նոր կյանքի խորհրդով ոգեկոչել Ցեղասպանության անմեղ զոհերին, հատկապես կարեւոր է այս միջոցառման անցկացումը երիտասարդության շրջանակում», նշեց Ռուզան Հակոբյանը: Իսկ Գավառի երիտասարդությունը միմյանց հերթ չէր տալիս, ոչ ոք չէր ցանկանում սահմանափակվել մեկ ծառով: Գավառում կարծես բոլորը ծառ էին տնկում:
Հ. ԱՖՅԱՆ