«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2010-04-17 | #70, 2010-04-20 | #71, 2010-04-21


ԹՈՒՐՔԻԱՆ ԱՄԵՆ ԿԵՐՊ ՓՈՐՁՈՒՄ Է ՔԻԹԸ ԽՈԹԵԼ ԼՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԵՋ

Ն. Չոհրաբյանի խորհուրդը Չավուշօղլուին

Ապրիլի 26-30-ը ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանն է, որի օրակարգում Հայաստանի վերաբերյալ հարց չկա, բայց հայ ԵԽԽՎ-ականներն այս անգամ բավական գործ կունենան: ԲՀԿ-ական, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի կարծիքով` ամենամեծ ինտրիգն այս նստաշրջանում լինելու է ԵԽԽՎ նախագահ Մուլութ Չավուշօղլուի «ջանքը»` վերակենդանացնելու Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները.«Առնվազն զարմանալի է, որ Չավուշօղլուն, առանց հայկական կողմի եւ ընդհանրապես կողմերի հետ քննարկելու, Բաքվում նման, ես կասեի` իմպերատիվ, հայտարարություն է արել, թե ապրիլից 16-ից այդ հանձնաժողովն աշխատելու է: Զարմանալի է նաեւ, որ Չավուշօղլուն ինքն իրեն կարգել է այս հանձնաժողովի նախագահ` առանց հայկական կողմի հետ այդ հարցը քննարկելու: Մեզ համար կտրականապես անընդունելի է Չավուշօղլուի թեկնածությունը, հաշվի առնելով, որ Թուրքիայի ներկայացուցիչը չի կարող անկողմնակալ լինել Ղարաբաղի հարցում. նա տարիներ շարունակ վեհաժողովի ամբիոնից հնչեցրած բոլոր ելույթներում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եղել է կողմնակալ եւ խիստ ագրեսիվ: Էնպես որ, ես կարծում եմ, եթե Չավուշօղլուին հաջողվի իրականացնել իր ծրագիրը, հայկական կողմը պետք է բոյկոտի այդ ենթահանձնաժողովի աշխատանքները», «Ազգի» հետ զրույցում նկատեց Ն. Զոհրաբյանը:

ԵԽԽՎ-ում Հայաստանի ԱԺ մյուս խմբակցությունների ներկայացուցիչների դիրքորոշումն էլ, ըստ Ն. Զոհրաբյանի, այդպիսին է: Պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը պատվիրակության անդամներից մի երկու օր առաջ է մեկնելու Ստրասբուրգ, այնտեղ հանդիպելու է թե՛ Չավուշօղլուի, թե՛ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Հյորբյորն Յագլանդի հետ` այդ հարցերը քննարկելու: Անկախ այդ հանդիպումների ելքից` ԲՀԿ դիրքորոշումը մնալու է անփոփոխ. Ն. Զոհրաբյանը նստաշրջանի ամբիոնից կոչ է անելու Չավուշօղլուին, հղում անելով նրա իսկ այն ելույթներին, թե ինքը երկակի ստանդարտների կողմնակիցը չէ, իր համար հիմնական գործիքը ժողովրդավարությունն է, կոչ է անելու նրան մայիսի 23-ին վեհաժողովի նախագահի կարգավիճակում այցելել Ղարաբաղ եւ ներկա լինել ԼՂՀ խորհրդարանական ընտրութուններին. եթե Չավուշօղլուն այդպես տառապում է ԼՂ ցավով եւ խնդրով` ապա կարող է առնվազն տեսնել, թե ինչպե՞ս են այնտեղ ապրում մարդիկ, որոնք ունեն նույն իրավունքները, ինչ Եվրոխորհրդի անդամ եւ ոչ միայն Եւրոխորհրդի անդամ յուրաքանչյուր ճանաչված պետություն:

«Իհարկե, հասկանալի է, որ սա Թուրքիայի նախաձեռնությունն է` ինչ-որ կերպ մտնել (հայ-թուրքական արձանգրությունների կոնտեքստում Թուրքիային չհաջողվեց միջնորդական առաքելություն ստանձնել Ղարաբաղի հարցում եւ անընդհատ կապել գործընթացը Ղարաբաղի հետ, դա տապալվեց), հիմա փորձում է այս կերպ, օգտագործելով Եվրոպայի խորհրդի հարթակը, քիթը խոթել ԼՂ հակամարտության գործընթացի մեջ, ինչը մենք նրան թույլ չենք տա», ասաց Ն. Զոհրաբյանը: Ըստ նրա` այսպիսի փորձը նաեւ նշանակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի տակից տանել ԼՂ գործընթացը, տարրալուծել այլ հարթակներում, այդ թվում` Եվրոխորհրդի, իսկ մեզ համար անընդունելի է ղարաբաղյան գործընթացը Մինսկի խմբի մանդատից այլ մանդատի տակ հրումը. «Եվրոխորհուրդն ունի հստակ մանդատ` մարդու իրավունքներ, ժողովրդավարություն. եթե Չավուշօղլուն ուզում է, թող զբաղվի Լեռնային Ղարաբաղում ապրող ժողովրդի մարդկային տարրական իրավունքներով», Չավուշօղլուին խորհուրդ տվեց հայ խորհրդարանականը:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4