«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2010-04-17 | #70, 2010-04-20 | #71, 2010-04-21


ԻՆՉՊԵՍ ԵՆ ՀԱՎԱՔՎԵԼ ՀԱՐԿԵՐՆ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԱՄԻՍՆԵՐԻՆ

Պետական եկամուտների կոմիտեիՙ այս տարվա առաջին եռամսյակում հարկերի հավաքման ցուցանիշի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեցինք կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանին : Նա նախ տեղեկացրեց, որ հավաքված հարկերը, տուրքերը եւ պարտադիր սոցվճարները 1-ին եռամսյակում նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ աճել են 19 տոկոսով կամ ավելի քան 24 մլրդ դրամով: Հավաքվել է 126,7 մլրդ դրամ հարկ, ինչը ծրագրվածիցՙ 116,9 մլրդ դրամից ավելի է հարկերի մասով 9,7 մլրդ դրամով, եւ 26,1 մլրդ դրամ սոցվճար, ինչը ծրագրվածից ավելի է 4,1 մլրդ դրամով:

«Եթե համադրենք տնտեսական աճի ցուցանիշի հետ, ապա երեւում է, որ մեծ դերակատարություն է ունեցել չհարկվող շրջանառության, այսինքնՙ ստվերի հարկումը: 2009-ին իրականացված միջոցառումների հետեւանք է սա, այդ թվում նաեւ ՀԴՄ-ների կիրառման արդյունք: Ինչի հետեւանքով ընկերությունների շրջանառություններն աճեցին եւ նրանք ներկայացրեցին տարեկան շահութահարկի եւ եկամտահարկի աճած մուտքեր», պարզաբանեց Արմեն Ալավերդյանը:

Իսկ որքանո՞վ է պահպանվել արդարության սկզբունքը հարկային նման ցուցանիշներ ապահովելիս, խոշոր եւ փոքր ու միջին բիզնեսը համամասնորե՞ն են հարկվել, ռիսկային համարվող սուբյեկտների ստուգումների համակարգը սկսե՞լ է գործել:

Մեր այս հարցերին պատասխանելիս պետեկամուտների կոմիտեի փոխնախագահը նշեց, որ հարկերը, բնականաբար, գանձվում են բոլոր հարկ վճարողներիցՙ խոշոր, միջին եւ փոքր: «Խոշոր հարկ վճարողների վարչության սպասարկման տակ առանձնացված են ավելի քան 300 տնտեսվարողներ, բայց հրապարակում ենք նաեւ առաջին 1000 հարկ վճարողների ցանկը: Եթե վերցնենք եւ համադրենք այս 1000 հարկ վճարողների ցուցանիշները, ապա կտեսնենք, որ հարկային մուտքերի այս աճը ձեռք է բերվել հիմնականում միջինից բարձրՙ ավելացված արժեքի հարկ վճարողների շնորհիվ: Դրանց մեջ էլ տարբերակում ունենքՙ 58 մլն դրամից մինչեւ 100 մլն դրամ շրջանառություն ունեցողներ եւ 100 մլն դրամից ավելի շրջանառություն ունեցողներ», ասաց մեր զրուցակիցը:

Արմեն Ալավերդյանը հավաստիացրեց, որ ստուգումներ իրականացնելիս հիմնական շեշտը դրվում է հաշվետվությունների արժանահավատության վրա եւ ըստ դրաՙ առանձնացվում ռիսկային սուբյեկտները: «Մշակում ենք չափանիշներ, որոնք տվյալ սուբյեկտին դարձնում են ռիսկային: Այդ չափանիշները մոտ 20-ն են: Օրինակ` սուբյեկտն ապրանք է ներմուծել, ներմուծման ցուցանիշները կան, բայց հարկային մարմնին այդ ապրանքների իրացման գծով հաշվետվություններ չի ներկայացրել կամ ներկայացրել է, ըստ որի, երկրի ներսում իրացվածի արժեքն ավելի ցածր է, քան սահմանին ներմուծածի արժեքը: Այդ դեպքում արդեն հարկային մարմնում հարց է առաջանում, թե ինչո՞ւ է դա այդպես», մանրամասնեց կոմիտեի փոխնախագահը, ավելացնելով, որ համակարգչային ծրագիրը հնարավորություն է տալիս այդ տեսակի եւ նման ձեւով, այլ ցուցանիշների հիման վրա, տնտեսվարողների ընդհանուր բազմությունից առանձնացնել ու ընտրել ռիսկայիններին: Նա նաեւ հավաստիացրեց, որ 2010-ին այս համակարգը աստիճանաբար պետք է ներդրվի բոլոր տարածքային հարկային տեսչություններում, որից հետո միայն, դրա հիման վրա պետք է ընտրվեն ստուգման ենթակա կազմակերպությունները:

Արմեն Ալավերդյանն անհրաժեշտ համարեց ռիսկային չափանիշների հիման վրա ստուգումների համակարգի զարգացումը, որպեսզի տնտեսվարողներն էլ իմանալով, որ իրենք կարող են ընկնել ստուգվողների ցանկի մեջ, աշխատեն արժանահավատ տեղեկություններ ներկայացնել իրենց հաշվետվություններում:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4