Հարեւան երկրի դեսպանատան առջեւ երեկ կազմակերպված հերթական ցույցի մասնակիցներից Ազգային նոր պահպանողական շարժումը պահանջում էր Վրաստանից հայկական Ջավախքին տալ ինքնավարություն, հարգել ջավախահայության իրավունքները, Ջավախքում հայերենին տալ պետական լեզվի կարգավիճակ, գրանցել Հայ առաքելական եկեղեցին: Ընդ որումՙ ամիսներ առաջ վրացական իշխանություններին ուղղված նույն կոչով հանդես էին եկել Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո-Քարթլիի հասարակական կազմակերպությունները:
Ազգային պահպանողական շարժման առաջնորդ Էդուարդ Ափրամյանի խոսքերովՙ ջավախահայերի խնդիրներից առավել ցավալին այն է, որ Հայաստանից Վրաստան անցնելիս` սահմանին, առգրավվում է ողջ հայատառ գրականությունը:
Ջավախահայության իրավունքների պաշտպանության բողոքի ցույցին մասնակցեցին նաեւ մի շարք կուսակցություններ. «Մեր ակցիայի նպատակն է` ցույց տալ վրացական իշխանություններին, որ մենք պաշտպանելու ենք մեր հայրենակիցներին, որոնք ապրում են այդ երկրում», նշեցին ցույցի մասնակիցները:
Վրաստանի դեսպանը, սակայն, չհամաձայնեց ընդունել ցուցարարներին, իսկ երիտասարդները` իրավապահների միջոցով, դեսպանին ուղարկեցին նրան հղված նամակը: «Մենք մեր պայքարը սրանով չենք սահմանափակի, մեր բարձրացրած խնդիրները անարձագանք թողնելու պարագայում մենք կկազմակերպենք բազմաթիվ այլ ցույցեր», հեռանալով դեսպանատան` բակից ասացին ցույցի մասնակիցները:
Պաշտոնական մակարդակով շատ է խոսվում Հայաստան-Վրաստան «եղբայրության» մասին, սակայն զուգահեռաբար` եղբայրները, խնդիրներ ունենալու պարագայում, անկեղծ քննարկում են դրանք եւ լուծում տալիս, ոչ թե միայն «ծննդյան վկայականով» հանդիսանում եղբայրներ:
Հ. ԱՖՅԱՆ