«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2010-04-17 | #70, 2010-04-20 | #71, 2010-04-21


«ԵՐԿՐԻ ՕՐ» ԵՎ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՊՈՒՐԱԿ

Կյանքի կկոչվեն «Վիվասել-ՄՏՍ»-ի աջակցությամբ

«Վիվասել-ՄՏՍ» ընկերության աջակցությամբ եւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հիմնում է հիշողության պուրակ: «Վիվասել-ՄՏՍ»-ն ու վերոնշյալ հիմնադրամը համատեղ նախաձեռնել են նաեւ «Երկրի օր» ծրագիրը: Այս միջոցառումներին էր նվիրված երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսը, որին մասնակցեցին «Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը , Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը :

Ռուբեն Խաչատրյանը, խոսելով «Երկրի օր» ծրագրի մասին, ասաց, որ դա միջոցառում է, երբ բոլորը ցանկանում են հոգ տանել իրենց երկրին: Հայաստանում նույնպես անցկացվելու են մի շարք միջոցառումներՙ ներգրավելով երիտասարդ սերնդին: Հիմնադրամի տնօրենը հայտնեց նաեւ, որ այս տարի, Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ, 95 ծառ է տնկվելու Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանին պատկանող կանաչ տարածքում: Նա տեղեկացրեց, որ նոր վերադառնալով ԱՄՆ-ից, Ռալֆ Յիրիկյանը 20 արժեքավոր գիրք է բերելՙ նվիրելու թանգարանին:

«Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը «Երկրի օր» միջոցառմանը մասնակցելը կարեւորեց որպես ընկերություն մեր երկրի, մեր միջավայրի պահպանությանը մասնակցելու եւ ցեղասպանությունը հիշատակելու առումներով: Անդրադառնալով ԱՄՆ-ից բերված ցեղասպանության մասին արժեքավոր սկզբնաղբյուր հանդիսացող գրքերին, «Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենը նշեց, որ դրանք ինստիտուտ-թանգարանին նվիրելով ցանկանում են իրենց մասնակցությունը բերել թանգարանի հարստացմանը:

Հայկ Դեմոյանը շնորհակայություն հայտնեց Ռալֆ Յիրիկյանին, փաստելով, որ այդ գրքերը շատ կարեւոր սկզբնաղբյուր են ե՛ւ որպես գրադարանային միավոր, ե՛ւ որպես ցուցադրման միավոր: Այդ գրքերում ականատեսներիՙ օտարերկրյա միսիոներների, դիվանագետների վկայություններն են ցեղասապանության մասին: Հայկ Դեմոյանն անդրադարձավ նաեւ թանգարանի շուրջ 100 հա կանաչ տարածքի ծառատունկին, նշելով, որ մենք պետք է մեզ պարտավորված զգանք բնությունը պահպանելու:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4