«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2010-04-17 | #70, 2010-04-20 | #71, 2010-04-21


2010-Ի ԱՌԱՋԻՆ 3 ԱՄԻՍՆԵՐԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ԿԱԶՄԵՑ 5,5 ՏՈԿՈՍ

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2010-ի հունվար-մարտ ամիսների օպերատիվ սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական աճը կազմել է 5,5 տոկոս: Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 568 մլրդ 65 մլն դրամ: Մարտին փետրվարի համեմատ աճն աննախադեպ է եղելՙ 43,1 տոկոս:

Նախորդՙ 2009-ի 3 ամիսների համեմատ, բացի շինարարությունից, մեր տնտեսության բոլոր ճյուղերն աճ են արձանագրել: Մասնավորապես, արդյունաբերությունն աճել է 10,4 տոկոսով: Մարտին փետրվարի նկատմամբ նույնպես արդյունաբերության աճը զգալի է եղելՙ 7,7 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրություն հունվար-մարտին աճել է 9,8 տոկոսով, մարտին փետրվարի համեմատՙ 16,1 տոկոսով: Գյուղատնտեսությունն աճել է 3,2 տոկոսով, իսկ մարտին փետրվարի նկատմամբՙ 14,7 տոկոսով: Մանրածախ առեւտրում արձանագրվել է 1 տոկոս աճ, իսկ մարտին փետրվարի համեմատՙ 0,5 տոկոս աճ: Շինարարության անկումը զգալիորեն նվազել է եւ նախորդ տարվա հունվար-մարտի համեմատ կազմել 0,6 տոկոսով: Այս տարվա մարտին փետրվարի համեմատ այս ոլորտում արձանագրվել է ավելի քան կրկնակիՙ 124,6 տոկոս աճ: Ծառայությունների ծավալն աճել է 6,2 տոկոսով, իսկ մարտին փետրվարի համեմատ արձանագրվել է 30,8 տոկոս աճ:

Արտաքին առեւտրաշրջանառությունն ավելացել է 29 տոկոսով եւ կազմել 1 մլրդ 12 մլն դոլար: Արտահանումը կազմել է 198,5 մլն դոլար, երրորդ ամիսն անընդմեջ արձանագրելով էական աճՙ այս անգամ 60,9 տոկոսով: Մարտին փետրվարի համեմատ արտահանման աճը կազմել է 11,1 տոկոս: Ներմուծումը կազմել է 814,2 մլն դոլար, աճելով 23,1 տոկոսով: Մարտին փետրվարի համեմատ աճըՙ 16,5 տոկոս: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը կազմել է ավելի քան 615 մլն դոլար:

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում հունվար-մարտին կազմել է մոտ 101 հազար դրամ, մասնավոր հատվածում կազմել է մոտ 127 հազար դրամ, պետականումՙ գրեթե 83 հազար դրամ: Հունվար-մարտին գնաճը կազմել է 8,4 տոկոս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Պաշտոնապես գրանցված գործազուրկների քանակն ավելացել է 7,2 տոկոսով, իսկ մարտինՙ փետրվարի համեմատ, 1 տոկոսով:

Այսպիսով, դատելով տնտեսական աճի վերոնշյալ ցուցանիշներից, կարող ենք փաստել մեր տնտեսությանՙ ճգնաժամից վերականգնվելու քաջալերական տեմպերի մասին:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4