Ապրիլը հայերիս գիտակցության մեջ դաջված է իբրեւ 1915-ի նահատակների հիշատակի օր: Այս տարվա ապրիլը 95 անգամ արդեն մեծ ցավը վերապրելու եւ այն հիշատակելու իրողության առաջ է մեզ կանգնեցնում, եւ դեռ երկար ապրելու է մեր հիշողության արմատներում Մեծ կորստի այս ողբերգությունը: Հայոց գեղարվեստի աշխարհը Մեծ եղեռնի անագորույն իրականությունը վերապրել, վերզգացել է իրեն հատուկ լեզվիՙ խոսքի, ձայնի, հնչյունի, գույն-պատկերի եւ այլ միջոցներով: Ապրիլյան այս օրերին թեմատիկ ցուցահանդեսային բացումներ շատ են լինում. օրերս այդպիսին բացվեց Ազգային պատկերասրահում, իսկ երեկ Նկարիչների միության ընդգրկուն, մեծ ցուցահանդեսը շենքի բոլոր 3 հարկերի սրահներն էր զբաղեցրել: Տարբեր սերունդների նկարիչներ հիմնականում մեկ աշխատանքով 200-ից ավելի գործ էին ներկայացնումՙ գեղանկարի, գրաֆիկայի, պլակատի, քանդակի ձեւերումՙ տարբեր ժանրերով, տարբեր ուղղություններով:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, մտավորականներ: Կարեն Աղամյանի բացման խոսքին հետեւեցին գեղակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանի եւ արվեստաբան Շահեն Խաչատրյանի ելույթները: Վերջինս, հայ գեղանկարչության մեջ Եղեռնի անդրադարձների մասին խոսելով, ներկայացրեց այս թեմայով իր նորընծա «Ցավի գույնը» պատկերագիրքը, ինչը մեր իրականության մեջ աննախադեպ հրատարակություն էՙ հայ գեղանկարիչների տարբեր սերունդների աշխատանքներում ցեղասպանության անդրադարձի ամբողջական դրսեւորմամբ:
Համամարդկային այս մեծ ողբերգության թեմատիկ արձագանքները հայ նկարիչները յուրովի են վերարտադրելՙ տարբեր կերպարանքներով, ձեւերովՙ ինչպես առարկայական, նատուրալիստական - կոնկրետ, նաեւՙ գունապատկերային վերացարկումներովՙ մեծ տեղ հատկացնելով հատկապես սիմվոլիկ մտածողությանը (խաչ, Արարատ, ճանապարհ), ավելի նվազՙ զուտ ներսուզումների արտահայտություններին: 1915-ի բռնագաղթի ու կոտորածների սոսկալի մղձավանջը, Դեր Զորի անապատային անեծքը հիշողությունների մոխիրներից գեղարվեստական կերպարանք ու ձեւ են առելՙ գաղթի ճամփաների, կմախքացած մարմինների, որբի արցունքների, խելագարվող բանականության պատկերավորումներով եւ կամ վերին զորությամբ կյանքին աղերսվող վերընձյուղումներ ստացել, ինչպես գարնան ճյուղըՙ վախվորած թեեւ, բայց դեպի արեւը ձգվող:
Առաջին հարկի հենց առաջին նկարըՙ Մարտին Միքայելյանի «Հիշողություն» կտավը ինձ համար ցուցահանդեսային սիմվոլ ընտրեցիՙ դեղինի թույլ, կարմրի հետ խառնված, խամրող երանգներով եւ բլուրներն ի վար գլորվող հիշողության անիվներով:
Հայտնի վարպետների կողքինՙ անհայտ անուններ. յուրաքանչյուրն իր ձեռագրով, իր ոճով մասնակից է հիշողության այս ցավին: Արամ Իսաբեկյանի «Բորենիների խնջույքը» պատկերային բիրտ նատուրալիզմով հանդերձ, գունային խորը դրամատիզմով է ավելի տպավորիչ: Հակոբ Հակոբյանի «Մայրամուտը» բնապատկերի ողբերգությամբ է խոսուն. մայրամուտի խորքումՙ լեռն ու եկեղեցին ականատեսն են նկարի առաջնամասի ավերակների գորշությանն ու ամայությանը: Մի շարք նկարիչներ «ներկա» են դիմանկարի ժանրովՙ Գաստելլո Գասպարյանՙ «Պարույր Սեւակ», Էդուարդ Վարդանյանՙ «Մարութա սարին մի աստղ ընկավ. Մ. Գալշոյան», Ստեփան Անդրանիկյանՙ «Սիամանթո»:
1915-ի մեծ ողբերգության վերապրումը սեփական ձեռագրին բնորոշ արտահայտություն են գտել ավագ սերնդի վարպետներիՙ Գրիգոր Խանջյանի («Սումգայիթ», «Արցախ», «Սպիտակ») եռապատկերում, Էդվարդ Իսաբեկյանի («Առեւանգում»), Հենրիկ Սիրավյանի («Կոմիտաս»), Հրանտ Կարախանյանի («Լքված գյուղը») եւ այլ գործերում: Կարեն Սմբատյանի «Ֆիդայիների հիշատակին» կտավը վառ գունային ձոն է կյանքի շարունակությանը, ինչի համար ընկան նրանք: Էդուարդ Խարազյանի «Տարածության մոդելը» ապրումի ներսուզում էՙ մաքուր գույնի, (կյանքի) մեջ խրված ցավի (հոսող արյան) դաժանությամբ: Ուշագրավ է Վիլիկ Զաքարյանի «տառապանքը» կապույտ խաչապատկերի մեջ, Արկո Բաղդասարյանի ձոնը «1915-ի նահատակներին», արտահայտիչ է Կարեն Աղամյանի ապրումի կերպարային դրսեւորումը:
Քանդակի ձեւերում տպավորիչ են Գարեգին Դավթյանի ինքնատիպ մտահղացումները եւ դրանց զուսպ, մաքուր իրագործումներըՙ «VII պարունակ», «Մասրենի»: Զգայուն է Սամվել Ղազարյանի «Տագնապը»ՙ երեխային ձուլված մոր սարսուռով: 1915-ը ինչպես շատ գեղանկարիչների, այնպես էլ քանդակագործների մտահղացումներում խորհրդանշվում է Կոմիտասի լուսավոր-ողբերգական կերպարով: Ցուցահանդեսում մեծ երգահանըՙ որպես 1915-ի մարմնավորում, ներկա է Ղուկաս Չուբարյանի, Արա Հարությունյանի քանդակներում եւ շատերի կտավներում:
Մինիմալ արտահայտչամիջոցներովՙ երկու գույնիՙ մուգ կարմրա-մանուշակագույնի եւ «մեռնող» դեղինի տպավորիչ կոնտրաստի եւ դրանց հատման գծին մարդկային կամ կենդանական ֆիգուր հիշեցնող աղոտ պատկերի լուծմամբ աչքի է ընկնում Շահեն Ասլանյանի «Դեր Զորը»ՙ ասես անապատային շեկ ավազի դժոխային իրականության խտացումներով, նման տպավորություն է թողնում նաեւ Գեորգի Ավետիսյանի «Դաջվածքներ քարին. եղեռնատեսիլք» գրաֆիկական գործըՙ կերպարտահայտության միանգամայն այլ ձեւերով:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ