Կանխատեսում են հայ եւ ռուս փորձագետները
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը վստահ էՙ Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը հոգեբանական գործոնի պատճառով: Ցեղասպանության ճանաչումը կճեղքի այն գաղափարախոսությունը, որի վրա հիմնված է այժմյան Թուրքիայի արժեքային համակարգը, հետեւաբար անհրաժեշտություն կառաջանա ամբողջությամբ վերաշարադրելու Թուրքիայի պատմությունը:
«Տասնամյակներ շարունակ թուրքերը դպրոցում սովորել են, որ հայերի ցեղասպանություն տեղի չի ունեցել: Իսկ հիմա ստիպված են վերաշարադրել սեփական պատմությունը: Հայոց ցեղասպանության ճանաչումը կդառնա կատալիզատոր Թուրքիայի գաղափարախոսության եւ արժեքային համակարգերի փոփոխության համար», «Հայոց ցեղասպանություն. պատմական հիշողություն եւ ժամանակակից իրողություններ» թեմայով Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակՙ «Նովոստի» ակումբում ասաց նա:
Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կովկասյան ուսումնասիրությունների կենտրոնի փոխտնօրեն Վլադիմիր Զախարովն էլ կարծում է, որ Թուրքիան չի ճանաչում Ցեղասպանությունը, որովհետեւ վախենում է Հոլոքոսթի նախադեպից:
«Ինչո՞ւ Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը» հարցը Զախարովը բազմիցս ուղղել է թուրք քաղաքական գործիչներին եւ քաղաքագետներին: Պատասխանը մեկն էր. վախենում են, որ ճանաչումից հետո հայերը կպահանջեն նյութական եւ տարածքային փոխհատուցում:
Խոսելով հայ-թուրքական հարաբերություններում սպասվող առաջընթացի մասինՙ Կովկասի ինստիտուտի տնօրեն քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նկատեց, որ զարգացումներ կլինեն ապրիլի 24-ից հետո:
Եթե Անկարայի վրա Վաշինգտոնի, Բրյուսելի եւ Մոսկվայի ճնշումները խիստ լինեն, ապա 2011թ. Թուրքիայում կայանալիք ընտրություններից հետո կարելի է ակնկալել փոփոխություն: Այս կարծիքին համամիտ է նաեւ Զախարովը:
«Թուրքիայում գիտակցում են, որ Հայոց ցեղասպանության փաստի մերժումը խոչընդոտում է Անկարայինՙ իրականացնելու այդքան բաղձալի ԵՄ մտնելու երազանքը, հետեւաբար զարգացումների սպասեք ապրիլի 24-ից հետո»:
ԱՊՀ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Ժարիխինը նկատում է, որ պատմական հիշողությունը երբեմն լուրջ սահմանափակումներ է մտցնում պետության ընթացիկ քաղաքականության մեջ:
«Սակայն պատմությունն անհրաժեշտ է հիշել, հանել արխիվներն ու վկայությունները, ապացույցները` միաժամանակ ապրելով ժամանակակից աշխարհում: Բավական դժվար խնդիր է պետության համար հավասարակշռություն գտնել պատմական հիշողության եւ կոնկրետ աշխարհաքաղաքական իրավիճակում ապրելու անհրաժեշտության միջեւ: Հայաստանը հայտնվել է դժվարին վիճակում, սակայն կարելի է ռացիոնալ ելք գտնել: Հայ քաղաքական վերնախավը պետք է առաջնահերթ հաշվի առնի հասարակության տրամադրվածությունն ու շահերը»:
Նրա կարծիքովՙ հայկական սփյուռքը պատմական հիշողության խնդիրը դարձնում է բացարձակ եւ գերխնդիր` հաշվի չառնելով այն երկրի խնդիրներն ու անհրաժեշտ շահերը, որտեղ նրանք տվյալ պահին չեն բնակվում:
«Սա տանջալից հավասարակշռություն է այն մարդկանց համար, ովքեր բնակվում են այլ երկրներում, սակայն պահպանում են կապը հայրենիքի հետ», ասաց Ժարիխինը:
Ալեքսանդր Իսկանդարյանը հակադարձեց. Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ կա ամուր կապ, որից չարժե խուսափել: Նրա դիտարկմամբՙ Հայաստանն ու սփյուռքը ազդում են միմյանց վրա, սփյուռքում գործում են հզոր լոբբիստական կազմակերպություններ: «Գոյություն ունեն Հայաստանում եւ Սփյուռքում գործող քաղաքական կուսակցություններ: Փաստ է, որ Հայաստանն ու Սփյուռքը հաղորդակցվող անոթներ են, որոնք ազդում են Հայաստանի քաղաքականության վրա, իսկ Թուրքիայի դեպքում` թուրքական պետությունը շրջանակ է, որի մեջ ստիպված պետք է գոյություն ունենալ»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ