Երեկ «Հենարան» մամուլի ակումբում հյուրընկալվել էր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն, իրանագետ Սեւակ Սարուխանյանը :
«Վերջին տարիներին Հայաստանն Իրանի կողմից դիտվում է որպես քաղաքական եւ տնտեսական կարեւոր գործընկեր, ասաց Սեւակ Սարուխանյանը,- Հայաստան-Իրան գազատարի կառուցումից, նաեւ Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման վերաբերյալ քննարկումներից հետո Հայաստան-Իրան հարաբերությունները թեւակոխել են նոր փուլ, որն առավելապես բնորոշվում է տնտեսական համագործակցության զարգացմամբ»:
Իրանի` Լեռնային Ղարաբաղի բանակցությունների գործընթացում միջնորդ դառնալու ցանկությունը Սեւակ Սարուխանյանը չի համարում անհնարին, սակայն կարծում է, որ անհրաժեշտ չէ Իրանին ներքաշել որպես միջնորդի:
«Քանի որ գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբ, որը Հայաստանի համար առաջարկում է օպտիմալ բանակցությունների ձեւաչափ, հետեւաբար Մինսկի խմբի մենաշնորհից հրաժարվելը մեզ համար ձեռնտու չի լինի,-ասաց իրանագետը,- Ադրբեջանն Իրանի միջնորդության վերաբերյալ արդեն տվել է իր նախնական դրական եզրակացությունը, սակայն Հայաստանի համար Իրանի միջնորդությունը զուտ քաղաքական տեսակետից շահավետ չէ, որովհետեւ դրանից հետո Թուրքիան նույնպես որպես միջնորդ կարող է ներքաշվել բանակցային գործընթացի մեջ»:
Ինչ վերաբերում է Իրանի հանդեպ պատժամիջոցների կիրառմանը, ապա այդ պատժամիջոցները, ըստ բանախոսի, չեն ազդի նավթի ու գազի ոլորտների վրա, որովհետեւ Արեւմուտքը դեռեւս պատրաստ չէ հրաժարվել իրանական նավթի ներկրումից: Հայաստան-Իրան համագործակցության գլխավոր հիմք հանդիսացող էներգետիկ համագործակցությանը լուրջ սպառնալիքներ չեն սպասվում:
«Իրանն այնպիսի պետություն է, որի համախառն ներքին արդյունքը եւ հիմնական շահույթները կախված են նավթի արտահանումից, հետեւապես Իրանի վրա իրական ճնշում գործադրելու համար պետք է սահմանափակել իրանական նավթի գնումը միջազգային հանրության կողմից, իսկ վերջինս դեռ պատրաստ չէ հրաժարվել իրանական նավթից», ասում է Սեւակ Սարուխանյանը եւ հավելում, որ իրանական նավթի հիմնական գնորդը Չինաստանն է , որն էլ արդեն մի քանի անգամ նշել է, թե կտապալի Իրանի նավթային սեկտորին ուղղված ամեն մի պատժամիջոց:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ