Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ներկա էր Երեւանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի բացման արարողությանը:
Նա շրջեց էլեկտրակայանի տարածքում, ծանոթացավ էներգոբլոկի շահագործման տեխնիկական փուլերին:
Էլեկտրակայանի շինարարությունը մեկնարկել է 2008 թ. հուլիսին: Այն կառուցվել է Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի տրամադրած 284 մլն ԱՄՆ դոլար վարկով: Էներգոբլոկի շինարարությունն իրականացրել են ճապոնական եւ կորեական մասնագիտացված ընկերություններ:
Նոր ջերմաէլեկտրակայանի շահագործումը հնարավորություն կտա բարձրացնելու ՀՀ էներգահամակարգի հզորությունն ու հուսալիությունը, նվազեցնելու էլեկտրաէներգիայի կորուստներն էլեկտրական ցանցերում: Ջերմաէլեկտրակայանը կունենա զգալիորեն ցածր արտանետումներ:
էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նշեց, որ նոր կայանը, հնի համեմատ, վառելիքը կտնտեսի 2-2,5 անգամ: Դա կառավարությանը թույլ կտա բնական գազի գնի աճի պայմաններում պահպանել էլեկտրաէներգիայի սակագները: «Նախագահի հանձնարարականով նախարարությունը փորձում է գտնել բոլոր հնարավորությունները, քննարկում է հայրենական պաշարների պոտենցիալըՙ դրանց առավելագույն օգտագործման համարՙ էլեկտրաէներգիայի գնի աճ թույլ չտալու նպատակով», նշեց նախարար Մովսիսյանը: Բացի այդ, նոր կայանը բնապահպանական տեսանկյունից ավելի մաքուր կլինի: Նախարարն ասում է նաեւ, որ ներկայումս քննարկում են Երեւանի հին ՋԷԿ-ի հիման վրա կայանի նոր բլոկի շինարարության հնարավորությունը: Կայանն արդեն միացվել է երկրի էներգոհամակարգին եւ սպառողներին էլեկտրաէներգիա է մատակարարում: Շոգու մի մասը առաքվում է հարեւանությամբ գտնվող սինթետիկ կաուչուկի գործարան, իսկ մի մասը ծրագրվում է առաքել բնակչությանը: Էլեկտրաէներգիայի ավելցուկը մատակարարվելու է Իրան:
Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալությունը 2005թ. շինարարության համար մոտ 150 մլն դոլար է հատկացրել: Սակայն 2003-ի գներով հաշվարկված ծրագիրը հարկադրված էին վերանայել ու եւս 100 մլն դոլար հատկացնել:
Ն. Մ.