Երեկ «Վալմար» արվեստի սրահում բացվեց ՀՀ վաստակավոր նկարիչ Վոլոդյա Մարգարյանի` Վալմարի աշխատանքների ցուցահանդեսը: Ապրիլի 21-ը նկարչի ծննդյան օրն է, եւ ամեն տարի իր ծննդյան օրը Վալմարը նվերներ ստանալու փոխարեն, ինքն է նվեր տալիս հասարակությանը` ամեն տարի մի հետաքրքրական ցուցահանդես: Այս անգամ ցուցադրվում են նկարչի միայն 2009 թվականի աշխատանքները:
«Ներկայացրել եմ ընդամենը երկու շարք, այս բնանկարները արտացոլում են արարող ու պայքարող մարդու հոգեբանությունը: Կարծում եմ յուրաքանչյուր մարդ պետք է ապրի իր ժամանակով, իր ներկայով: Երբ մարդն ապրում է անցյալով կամ ժամանակից առաջ է ընկնում, նա սկսում է դոփել տեղում», ասաց Վալմարը :
62-ամյա նկարիչը 40-ից ավելի անհատական ցուցահանդեսներ է ունեցել տարբեր երկրներում: Վալմարն աշխարհում ամենաշատ ցուցադրվող հայ նկարիչներից մեկն է:
Ցուցահանդեսում նկարիչը ստեղծել է երկու բեւեռներ: Սրահի մի պատին փակցված են այն կտավները, որոնք արտացոլում են մարդկային բնության խաղաղությունն ու ներդաշնակությունը, իսկ դիմացի պատին փակցված կտավները ցույց են տալիս մարդու հոգեկան ալեկոծումը, նրա պայքարը ներկայիս դժվարին պայմաններում:
«Ցուցահանդեսի գլխավոր պատգամն է բնության ներդաշնակությունը փայփայելն ու գնահատելը, - ասաց Դանիել Երաժիշտը , - Վալմարը նաեւ երաժշտության մեծ սիրահար է, նրա գույների խաղը կարծես ենթարկվում է երաժշտական ռիթմի օրինաչափություններին: Վալմարը նվագում է գույներով»:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ