«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2010-04-21 | #72, 2010-04-22 | #73, 2010-04-23


95 ՏԱՐԻ ԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՌ ԿԱՆԳՆԱԾ Է ԿՈՏՐԱԾ ՏԱՇՏԱԿԻ ԱՌՋԵՎ

«Իհարկե ոչ Նյուրնբերգյան դատավարության մակարդակով, սակայն հայերս էլ Առաջին համաշխարհային պատերազմից հետո ունեցանք դատավարություններ, եւ Մեծ եղեռնի հիմնական նախաձեռնողներն ու կազմակերպիչները դատապարտվեցին: Սեւրի պայմանագրով դրվեց Ցեղասպանության հետեւանքների վերացման հարցը: Եթե այս ամենից հետո` 95 տարի անց, մենք կանգնած ենք կոտրած տաշտակի առջեւ, ապա պարտավոր ենք մտածել` ինչո՞ւ այսպես եղավ, մե՞նք էինք տկարամիտ, թե՞ մեր հակառակորդներն էին ավելի նենգ», երեկ «Սլաք» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային ինքնորոշում» կուսակցության (ԱԻՄ) նախագահ Պարույր Հայրիկյանը :

Քաղաքական գործչի կարծիքով` Ցեղասպանությունից հետո մեր երկրում սկսվեց մի նոր ցեղասպանություն: Հայաստանի բռնազավթումը բոլշեւիկյան ուժերի կողմից, ըստ նրա, Ցեղասպանության անմիջական շարունակությունն էր:

«Ոչ մի դասագրքում չի գրվում, որ Հայաստանում ռուս-թուրքական պայմանագրով արգելված է եղել թուրքերի դեմ խոսելը: Ըստ Մոսկվայի պայմանագրի` նրանք, ովքեր կխոսեին Թուրքիայում կատարված ոճրագործության մասին, պետք է հետապնդվեին: 1915 թվականի ապրիլի 24-ին 151 մտավորականների կալանավորումն ու սպանությունը մենք համարում ենք Ցեղասպանության սկիզբ, իսկ 1921 թվականին 1500 հայ սպաների սպանությունը` «բնականոն» քայլ: Պատկերացրեքՙ շուրջ 70 տարի ինչպիսի վիճակում են մեզ պահել», ասում է Պարույր Հայրիկյանը:

Ըստ բանախոսի` աշխարհի որեւէ պետության դիվանագետ կամ քաղաքական գործիչ, այդ թվում նաեւ թուրքերը, շատ լավ հասկանում են, որ ճանաչում նշանակում է տվյալ հանցագործության գրանցում ու պաշտոնական վավերացում, որին պետք է հաջորդեն դատապարտումն ու վնասների փոխհատուցումը, սակայն Հայաստանը մինչեւ այսօր չունի ռազմավարություն եւ դեռ կանգնած է կոտրած տաշտակի առջեւ:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4