Եվրոպայի հայկական միությունների (ԵՀՄ) ֆորումը տեղեկացնում է, որ այսօր Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կանցկացվեն Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ: Միջոցառումները կսկսվեն` 2004-ին Սլովակիայի խորհրդարանի ճանաչած Ցեղասպանության բանաձեւի պատվին Դանուբի ափին դրված հայկական խաչքարի դիմաց ծաղկեպսակի տեղադրման արարողությամբ: Արարողությանը կմասնակցեն Սլովակիայում Ֆրանսիայի, Հունաստանի, Լեհաստանի եւ մի շարք այլ երկրների դեսպաններ, կառավարության ներկայացուցիչներ եւ այլք: Այնուհետեւ Բրատիսլավայի ֆրանցիսկյան եկեղեցում կկազմակերպվի էկումենիկ պատարագ` Պրահայի հոգեւոր առաջնորդ Բարսեղ Փիլավչյանի, կաթոլիկ եկեղեցու վարդապետ հայր Միխայելի, ավետարանական եկեղեցու ներկայացուցիչ Յան Գռեշշոյի եւ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Լյախոյի մասնակցությամբ` նվիրված 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակին:
Պատարագից հետո ԵՀՄ նախագահ Աշոտ Գրիգորյանը բոլոր ներկաների մասնակցությամբ կանցկացնի ընդունելություն:
Հ. Ա.