Նշեց վարչապետ Տիգրան Սարգսյանըՙ այս տարվա առաջին եռամսյակի մակրոտնտեսական ցուցանիշները ներկայացնելիս
Մինչ կառավարության նիստի սկսվելը վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ նախօրեին ազգային վիճակագրական ծառայության հրապարակածՙ առաջին եռամսյակի սոցիալ տնտեսական ցուցանիշներին, արձանագրելով, որ առաջին եռամսյակում 5,5 տոկոս համախառն ներքին արդյունքի աճը խոսում է մեր տնտեսությանՙ վերականգնման փուլ մտնելու մասին: Նա առաթին հերթին մատնանշեց արդյունաբերության եւ էլեկտրաէներգիայի արտադրության 10 տոկոսանոց աճը:
«Ունենալով 5,5 տոկոս ընդհանուր աճ, այնուամենայնիվ, շինարարության ոլորտում դեռեւս ունենք անկում: Մի կողմից դա վկայում է, որ տեղի է ունենում տնտեսական համակարգի դիվերսիֆիկացիա, եւ կախվածությունը շինարարության աճի տեմպերից նվազում է, մյուս կողմից դա նշանակում է, որ դեռեւս մասնավոր ներդրումներ շինարարության ոլորտ չեն գնում», ասաց վարչապետը, տեղեկացնելով, որ 2008-ին շինարարության ծավալների 75 տոկոսը ֆինանսավորվել էր մասնավոր հատվածի հաշվին: Մինչդեռ նոր կառուցվող շինարարական օբյեկտների վրա դեռեւս մասնավոր ներդրումներ չեն արվում:
Տիգրան Սարգսյանը նաեւ «թյուրըմբռնում» համարեց այն տեսակետը, թե կառավարությունը շինարարության ոլորտում ֆինանսավորում է իրականացրել: «Այդպիսի բան չի եղել, մենք մեր կանխիկ հոսքերը շինարարության ոլորտ չենք ուղղել, այլ հորդորել եւ խթանել ենք, որպեսզի առեւտրային բանկերը ֆինանսավորեն անավարտ շինարարությունները», ընդգծեց նա:
Արտաքին առեւտրաշրջանառության մասին խոսելով` վարչապետը շեշտեց, որ արտահանումն ավելացել է 60 տոկոսով, ներմուծումը` 23 տոկոսով: «Արտահանումն, իհարկե, հիմնականում պայմանավորված է հանքահումքային արդյունաբերության արտահանման ծավալների աճով եւ համաշխարհային տնտեսության ցուցանիշների բարելավմամբ», ասավ վարչապետը եւ ներկայացրեց արդյունաբերության առանձին ճյուղերի ցուցանիշները: Համաձայն դրանց, ՏՏ ոլորտում աճը շուրջ 3 տոկոս է կազմել, հանքահումքային արդյունաբերությունումՙ 21 տոկոսով, շինանյութերի արտադրությունում` շուրջ 50 տոկոսով: «Շինանյութերի արտահանումն առաջին եռամսյակում նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ եռապատկվել է: Քիմիական արդյունաբերությունը նույնպես դրսեւորել է լավ ցուցանիշներ. աճել է շուրջ 2,5 անգամ, դա պայմանավորված է նաեւ դեղագործական ձեռնարկությունների դրական ցուցանիշներով: Ոսկերչությունն, ինչպես նաեւ ադամանդամշակությունը 40 տոկոսանոց աճ են արձանագրել: Հաստոցաշինությունը եռապատկել է ծավալները, իսկ սարքավորումների արտադրությունը շուրջ 15 տոկոս աճ է արձանագրել», նշեց Տիգրան Սարգսյանը, միաժամանակ փաստելով, որ դեռեւս անկում ունենք թեթեւ արդյունաբերության մեջ, փայտաշինության եւ էլեկտրատեխնիկայի ոլորտներում, իսկ տուրիզմի բնագավառում դարձյալ աճ է արձանագրվելՙ շուրջ 5 տոկոսով:
Այնուհետեւ վարչապետը տեղեկացրեց, որ Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, որ 2010-ի կանխատեսումները ստիպված է լինելու փոխել, որովհետեւ առաջին եռամսյակի արդյունքները կանխատեսումից ավելի դրական են եղել: Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ համարեց նաեւ, որ 2010 թվականի առաջին եռամսյակի մեր տնտեսության կառուցվածքային փոփոխությանը համարժեք վերանայվի հարկման բազան, եւ նշեց, որ նման հանձնարարական է տրվել ֆինանսների նախարարությանը: Վարչապետն անդրադարձավ նաեւ արտաքին պարտք-համախառն ներքին արդյունք ցուցանիշին: Նշելով, որ արտաքին պարտքի սպասարկման մի մասըՙ մոտ 800 մլն դոլարն իրականացնելու է մասնավոր հատվածը, նա եզրակացրեց, որ «արտաքին պարտքի տեսակետից գտնվելու ենք օրենսդրությամբ սահմանված ցուցանիշների շրջանակում» եւ շարունակելու են բանակցությունները տնտեսական աճը խթանելու նպատակով նոր պարտքեր վերցնելու առումով:
Խոսելով բիզնես միջավայրի մասին, Տիգրան Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ «բոլոր պրոբլեմներով, մեր բոլոր բացթողումներով, թերություններով հանդերձ այս երկու տարիների ընթացքում բիզնես միջավայրը բարելավվել է, եւ դա տնտեսական աճի կարեւորագույն խթան է: Մեր խնդիրն է մակրոտնտեսական կառավարումից այսուհետեւ իջնել միկրոմակարդակ եւ իրականացնել կոնկրետ նախագծեր, որոնք աշխատատեղեր են ստեղծում»: Իսկ այս պահի թիվ 1 հարցը վարչապետը համարեց հենց աշխատատեղերի ստեղծումը, ասելով, որ կառավարության առաջիկա ծրագրերը պետք է ուղղված լինեն այդ նպատակին:
Ա. Մ.