«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2010-04-21 | #72, 2010-04-22 | #73, 2010-04-23


ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՃ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿՈՒՄ»

«Ամերիբանկի» այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները երեկ լրագրողներին ներկայացրեց բանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը : Նա մասնավորապես հայտնեց, որ բանկի ընդհանուր շահույթը, «Կասկադ բանկի» հետ միավորվելուց հետո, կազմել է 654 մլն դրամ, իսկ միավորված կապիտալըՙ 30 մլրդ դրամ: Այս ցուցանիշով բանկը երկրորդն է Հայաստանի բանկային համակարգում: Տիգրան Ջրբաշյանը նշեց, որ այս ցուցանիշների աճը շարունակվում է եւ սպասվում է, որ այդ տեմպը կպահպանվի մինչեւ տարեվերջ: Իսկ միայն «Ամերիաբանկի» ակտիվներն այս տարվա առաջին եռամսյակում աճել են 136 տոկոսով եւ կազմել 110,5 մլրդ դրամ: Բնակչությունից բանկի ներգրավված միջոցները կազմել են 88,2 մլրդ դրամ, իսկ «Կասկադ բանկի» հետ միասինՙ 99 մլրդ դրամ:

Խոսելով վարկային պորտֆելի ցուցանիշների մասին, «Ամերիաբանկի» զարգացման գծով տնօրենը տեղեկացրեց, որ այս տարվա առաջին եռամսյակում վարկավորման ծավալներն ավելացել են 7 մլրդ դրամով եւ գերազանցել 60 մլրդ դրամը: Վարկային պորտֆելի աճի ցուցանիշներով բանկն առաջատար տեղեր է զբաղեցնում շուկայում, իսկ այդ աճն, ըստ Տիգրան Ջրբաշյանի, հիմնականում փոքր ու միջին բիզնեսի վարկավորման շնորհիվ է տեղի ունեցել: Նա նաեւ հավաստիացրեց, որ վարկային պորտֆելի աճի 80 տոկոսն առաջին եռամսյակում ապահովվեց նոր հաճախորդների շնորհիվ: Իսկ «Կասկադ բանկի» հետ միավորվելուց հետո, բանկի վարկային պորտֆելը կազմել է 71,9 մլրդ դրամ:

Ինչ վերաբերում է բանկի միավորման գործընթացին, ապա այն, ըստ զարգացման գծով տնօրենի, զգուշորեն է ընթանում եւ հատուկ ուշադրություն է պահանջում: Այս կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել մասնաճյուղերի ցանցը եւ զարգացնել քարտային բիզնեսը, քանի որ «Կասկադ բանկն» իրականացնում էր խոշոր վարկային ծրագրեր, որոնք պետք է շարունակվեն:

«Ամերիաբանկի» կողմից առաջարկվող նոր ծառայություններ են կառուցվածքային դեպոզիտն ու մետաղական հաշիվները: Հայտնելով այս մասին, Տիգրան Ջրբաշյանը պարզաբանեց, որ կառուցվածքային դեպոզիտը ենթադրում է եկամտի ստացման երկու բաղադրիչ: Առաջինըՙ ֆիքսված եկամուտ, ինչպես արվում է սովորական ավանդների դեպքում եւ երկրորդըՙ լրացուցիչ եկամուտ, որը կախված է համաշխարհային շուկայում ֆինանսական տարբեր ակտիվների փոփոխությունների հետ: Այդպիսիք կարող են լինել նավթը, ոսկին, Dow Jones-ի ինդեքսը:

Իսկ մետաղական հաշիվների թողարկումը հնարավորություն կտա հաճախորդին ներդրումներ կատարելու ոչ թե ստանադարտ ներդրումային գործիքների, այլ ոսկու մեջ: Առավել եւս, որ ոսկու գնողականությունը վերջին 150 տարվա ընթացքում չի փոխվել, ի տարբերություն ամերիկյան դոլարի: Տիգրան Ջրբաշյանը տեղեկացրեց նաեւ, որ ներդրումային միջավայրում մեծ պահանջարկ ունեցող մի շարք նոր նախագծեր են մշակվում, որոնք մինչեւ մայիսի 15-ը կներկայացվեն հասարակությանը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4