«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2010-04-21 | #72, 2010-04-22 | #73, 2010-04-23


ՍԵՐԳԵՅ ԳՈՐՈԴԵՑԿԻ. «ՉԵՄ ՄՈՌԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՔ...»

Երեկ Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ հայ ժողովրդի մեծ բարեկամ, ռուս գրող, բանաստեղծ Սերգեյ Գորոդեցկու «Վերջին ճիչը» գրքի հայերեն եւ ռուսերեն տարբերակների շնորհանդեսը` նվիրված Մեծ եղեռնի 95-րդ տարելիցին: Միջոցառման կազմակերպիչներն էին Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը եւ «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը: Հայերեն հրատարակության մեջ առաջին անգամ հայերեն տպագրվել են Ս. Գորոդեցկու «Շամիրամի այգիները» վեպն ամբողջությամբ, նրա ակնարկներն ու հոդվածները: Գրքում առաջին անգամ ներկայացվել են Ս. Գորոդեցկու օրագրից դրվագներ, ինչպես նաեւ հեղինակի որոշ ճեպանկարները, որոնք նա արել է Արեւմտյան Հայաստանում:

Գրքի ե՛ւ հայերեն, ե՛ւ ռուսերեն տարբերակները հրատարակվել են «Լոռվա ձոր» միության նախաձեռնությամբ ու աջակցությամբ:

«Այս հրատարակությունը հարգանքի տուրք է Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, քանի որ գրքի առանցքը հենց դարասկզբի իրադարձություններն են, որոնց ականատեսն է եղել Սերգեյ Գորոդեցկին», նշեց «Լոռվա ձոր» միության նախագահ Սերգո Երիցյանը :

1916 թվականին Գորոդեցկին լինում է Թբիլիսիում որպես «Ռուսաց խոսք» թերթի թղթակից: Այստեղ նա հանդիպում է Հովհաննես Թումանյանին, այդ հանդիպումը ճակատագրական է լինում Գորոդեցկու համար: Թումանյանի խորհրդով նա մեկնում է Արեւմտյան Հայաստան` ինչպես Թումանյանն է ասել «հայ երեխաներին փրկելու նպատակով»:

Այն, ինչ Գորոդեցկին տեսնում է Արեւմտյան Հայաստանում խորապես ցնցում է նրան` արյուն, ավերածություններ: Այդ ամենի մասին նա գրում է օրագրում, որի հենքի վրա էլ գրում է ակնարկների ու հոդվածների շարք` ստեղծելով այդ դաժան օրերի տարեգրությունը: Նվարդ Թումանյանին ուղղված իր նամակում նա գրել է. «Հեքիաթների երկիրը վերածվել է արյան երկրի»:

«Հ. Թումանյանի զավակը, ով զոհվեց Վանի ինքնապաշտպանական մարտերում, եղել է Սերգեյ Գորոդեցկու մտերիմ ընկերը, հենց այդ ընկերությունով էլ դրվել է Թումանյական գերդաստանի եւ Սերգեյ Գորոդեցկու բարեկամության սկիզբը», ասաց Սերգո Երիցյանը:

«Վերջին ճիչը» գրքի հրատարակման գործում մեծ ներդրում ունի նաեւ Հ. Թումանյանի թոռնուհին` Իրմա Սաֆրազբեկյանը, ինչպես նաեւ Թումանյանի ծոռները` Արեգ Թոթոլյանն ու Ռուբեն Քանքանյանը, ովքեր հովանավորել են գրքի տպագրումը:

«Շատերն էին խոսում հայ ժողովրդի ցավի մասին, սակայն Գորոդեցկին այն հազվագյուտ մարդկանից էր, որ կիսեց մեր ազգի վիշտը, այդ օրերին նա կանգնեց հայերի կողքին: Գորոդեցկին նաեւ սովորում էր հայերեն, նրա ծոցատետրում գրված է եղել հայերեն այբուբենը», ասաց Իրմա Սաֆրազբեկյանը :

Ս. Գորոդեցկին գրել է թուրքերի անսահման դաժանությունների մասին: Ըստ նրա` Արեւմտյան Հայաստանում թռչունները մահացած հայ կանանց ու աղջիկների մազերից բներ էին հյուսում: Բանաստեղծը վրդովված էր, որ Եվրոպական պետությունները, տեսնելով` ինչպես է կոտորվում հայ ժողովուրդը, ոչինչ չէին անում:

«Գորոդեցկին դիմեց բոլոր պետություններին, որպեսզի վերջիններս բաց անեն իրենց աչքերն ու տեսնեն Մեծ Եղեռնը, եւ առաջինը նա դիմեց Ցարական Ռուսաստանին: Ռուս բանաստեղծը ոչ միայն տարեգրել է դարասկզբի դաժան իրադարձությունները, այլեւ պայքարել է դրանց դեմ», նշեց արձակագիր Վանուշ Շերմազանյանը :

«Վերջին ճիչը» գրքում հավաքված են հեղինակի այն բոլոր ստեղծագործությունները, որոնք որեւէ առնչություն ունեն Հայաստանի հետ` բանաստեղծություններ, ակնարկներ, հոդվածներ եւ այլն:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4