«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2010-04-22 | #73, 2010-04-23 | #74, 2010-04-24


ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 95-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸՙ ՉԵԽԻԱՅՈՒՄ, ՍԼՈՎԱԿԻԱՅՈՒՄ ԵՎ ՀՈՒՆԳԱՐԻԱՅՈՒՄ

Այսօր չեխահայ համայնքը Պրահայի կենտրոնում կանցկացնի ցույց-հսկումՙ նվիրված Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին: Ցույցի նպատակն է Չեխիայի իշխանություններից պահանջել Ցեղասպանության պաշտոնական ընդունում: Այնուհետեւ քաղաքի կենտրոնական Սուրբ Յիլիի եկեղեցում հոգեհանգստյան ժամերգություն կանցկացվի Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի ղեկավարությամբ:

Ժամերգությանը կհետեւի հուշ-երեկոն, որը տեղի կունենա քաղաքային գրադարանի դահլիճում: Ելույթներ կունենան սենատոր Յարոմիր Շտետինան, կհնչի հայ դասական երաժշտություն չեխահայ երաժիշտների կատարմամբ, այնուհետեւ կցուցադրվի Ցեղասպանությանը նվիրված փաստավավերագրական ֆիլմ: Միջոցառումը կազմակերպվել է չեխահայ համայնքի եւ «Արմենիա» ակումբի համատեղ ջանքերով, հովանավորությամբ Ավստրիայում եւ Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի: Երեկոյան GH ART Gallery ցուցասրահում կբացվի պրահայաբնակ հայ նկարիչների գործերի «Ի հիշատակՙ 95 տարի անց» ցուցահանդեսը:

Երեկ, ապրիլի 23-ին չեխական Յիհլավա քաղաքում «Ուրարտու» հայ-չեխական ընկերության ջանքերով նույնպես անցկացվեցին հուշ-միջոցառումներ, Սուրբ Հոգու եկեղեցում մատուցվեց հոգեհանգստյան պատարագ, բացվեց չեխ ուսանողների 40 աշխատանքների ցուցահանդեսըՙ նվիրված Ցեղասպանության 95-րդ տարելիցին, ցուցադրվեց փաստավավերագրական ֆիլմ:

Ապրիլի 23-24-ը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել եւ անցկացվում նաեւ Սլովակիայի եւ Հունգարիայի մայրաքաղաքներում: Բրատիսլավայում ծաղկեպսակ է զետեղվել հայկական խաչքարի մոտ, այնուհետեւ էկումենիկ ժամերգություն է տեղի ունեցելՙ մասնակցությամբ նաեւ կաթոլիկ ու բողոքական հոգեւորականների, իսկ Բուդապեշտում հոգեհանգստյան պատարգ է մատուցվել, որին ներկա են գտնվել նաեւ Ավստրիայում, Չեխիայում, Սլովակիայում եւ Հունգարիայում ՀՀ դեսպան Հովակիմյանը եւ այդ երկրներում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը:

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4