Ազգային արխիվը հերթական անգամ պատրաստել է փաստաթղթերի եւ նկարների ցուցադրություն` նվիրված Հայոց ցեղասպանության 95-ամյակին: Փաստաթղթերի մի բաժինն ամբողջությամբ նվիրված է բուն Ցեղասպանությանը: Դրանք հիմնականում պաշտոնագրեր են, ստացված ահազանգեր, Հոգեւոր առաջնորդների զեկուցագրեր, որոնցում ամենայն մանրամասնությամբ նկարագրված են բուն կոտորածների, տեղահանությունների, գաղթի մասին պատմություններ: Ներկայացված ցուցահանդեսում առանձին բաժին նվիրված է Վանի, Ուրֆայի, Սասունի եւ մի քանի գյուղերի ինքնապաշտպանական մարտերին: Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի խոսքերով` Ցեղասպանության մասին պատմող շուրջ 12000 փաստաթղթեր ու նյութեր են այս պահի դրությամբ ցուցակագրվել, որոնց մեջ ներառված են մեծ քանակությամբ վկայություններ ու փաստաթղթեր տարբեր պետությունների արխիվներից: ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանի խոսքերով` շատ կարեւոր է նման ցուցադրությունը. «Թուրքիան մեզ մեղադրում է հայտարարություններում, թե մենք փակ ենք պահում մեր արխիվները, չենք հրապարակում եւ այլն: Այս ցուցադրությունը վկայում է, որ մենք բաց ենք, մենք ունենք բավականին շատ փաստաթղթեր Սռաջին համաշխարհայինի ընթացքում կատարված հանցագործության մասին»:
Ն. Մ.