Փաստորեն ապրիլի 24-ի նախօրեին սառեցնելով հայ-թուրքական արձանագրությունները` նախագահ Սարգսյանը մի քանի նապաստակ խփեց մի նետով, բայց չի կարելի ասել, որ բոլոր նապաստակների հարցում էլ ամեն ինչ նորմալ է: Սփյուռքի երեսին պարզճակատ նայելու, ներքաղաքական ինչ-որ սուր անկյուններ կլորացնելու խնդիրները գուցեեւ նա լուծեց , բայց դեռ հայտնի չէ` Ցեղասպանության ճանաչման գործընթացը մեծ երկրների ի՞նչ շահերի համատեքստում այսուհետեւ առաջ կընթանա: Սակայն գործընթացը հասել էր ա՛յդ տրամաբանական հանգրվանին:
Զարմանալի են այն մարդիկ, ովքեր ասում են, թե թուրքերի կեցվածքը վաղուց հայտնի էր, եւ պետք չէր, որ Հայաստանը հաշտեցման գործընթաց սկսեր նրա հետ:
Սա մի թեզ է, որին 100 տոկոսով կարելի է չհամաձայնել` մի շարք պատճառներով: Նախ ոչինչ չձեռնարկել այն պատճառով, որ գիտես հարեւանիդ վատ բնավորությունը` սա արդարացում չէ: Մի պրիմիտիվ համեմատություն` եթե դրացիդ կռվարար բնավորություն ունի կամ, ասենք, դռանդ մոտ ամեն օր մի հաչող ու կծող շուն է հայտնվում, ուրեմն չպե՞տք է տնից դուրս գաս: Հայաստանում կա նոր սերունդ, որը գործնականում պիտի համոզվի, թե ինչպե՞ս կարող է պահել հարեւանը այս պահին, գործնականում, չնայած անցյալի ցավալի իրողություններին: Այսինքն` Թուրքիայի անցյալի կերպարին իրազեկ, բայց նաեւ այսօրվա հաստատումների կարիքը կա, իսկ այս մեկ տարում վերստին ծանոթ եղանք Թուրքիայի փոխակերպումներին: Դիցուք` միշտ ասվում է, թե դիվանագիտությունը հնարավորի արվեստն է: Սակայն ի՞նչ բան է հնարավորը` նախ գործնական կյանքում նվաճված բնագիծ: Է, եթե տեսական մակարդակից էմպիրիկ ոլորտ չմտնենք, ինպե՞ս պետք է հնարավորն իրականություն դարձնենք: Այսինքնՙ այս մեկ տարին բոլորին` ե՛ւ սովորական ժողովրդին, ե՛ւ մեր դիվանագետներին, ե՛ւ երկրի կառավարիչներին բավական օժտեց այնպիսի էմպիրիկ իմացությամբ, որ ապագայում, այսինքնՙ երկու-երեք կամ ավելի տարի հետո հայ-թուրքական հարաբերությունների նոր ռաունդի վերականգնումից հետո արդեն սովորած կլինեն այժմ արված տակտիկական սխալներից, կիսատ մնացած կետից կշարունակեն եւ ոչ թե զրոյից կսկսեն: Եվ բացի այդ` այս մեկ տարին ամեն օր լայնածավալ տեղեկատվական հոսքի մեջ նույնիսկ վերջին տառաճանաչ մարդը Հայաստանում շատ բան իմացավ հայ-թուրքական գործընթացների, Կարսի պայմանագրի, Ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին այս առիթով: Մի թարմ անեկդոտ էր պտտվում խորհրդարանի միջանցքներում, որ ասածիս արձագանքն է. արձանագրությունները Ցյուրիխում ստորագրելու հաջորդ օրը մեր «ախպերական» պատգամավորներից մեկը նստում է իր «Համերը», զորագունդը (իմա` թիկնապահներին) գցում հետեւը, թե` քշում է հայ-թուրքական սահման: Մի ուրիշ «ախպերական» հետաքրքրվում է, թե ինչո՞ւ. «Ո՞նց թե ինչու, ասին` թուրքերը 1,5 մլն հայ են կոտորել, գնամ- դրանց հերն անիծեմ»: «Այ մարդ, դա 15 թվին է եղել», տեղեկացնում է երկրորդը. «Ես նոր իմացա», պատասխանում է էս մեր «Համեր»-ավորը: Սա մի քիչ չափազանցություն է, բայց արտացոլում է գործընթացի տեղեկատվական-իրազեկային դրական աստառը ոչ միայն ներհայկական, այլեւ ողջ աշխարհի մակարդակով` Հայաստանի եւ հայերի, Հայոց ցեղասպանության մասին խոսելու առիթները շատ էին: Մնացյալը` թե իշխանությունն իր սխալ լինելը գիտակցեց եւ այլն ` սա պարզապես նստելու ու ոչինչ չանելով ուրիշին քննադատելու ոլորտից է: Ընդ որում` Հայաստանն, իհարկե, մենակ չէր կարող այս որոշմանը հանգել եւ, փաստորեն, Սերժ Սարգսյանն իր ուղերձում չթաքցրեց այդ հանգամանքը` նշելով իր խորհրդակցությունների մասին` Օբամայի, Մեդվեդեւի, Սարկոզիի հետ: Իսկ որ գործընթացից դուրս չենք գալիս, այլ այս պահի հարաբերություններն են սպառված` ահա այս թեման է, որ շարունակելու է օրակարգում պահել Հայաստանի քաղաքական դաշտի մի մասին, իսկ տարածաշրջանում շահեր ունեցող պետություններին` օգտվել սառած հարցից ով ինչպես կարող է (սա է գուցե վտանգը): Ի վերջո տարածաշրջանում շահեր ունեցող հսկաները եւս Թուրքիայի ականջը քաշելու խնդիր ունեն եւ Հայաստանի` կարգավորման գործընթացից հետ քաշվելով` այդ հնարավորությունը ստացան, ընդ որում ցեղասպանության ճանաչումը միշտ էլ կարող է դագանակ դառնալ Թուրքիայի համար, որը թեեւ անցած տարի հայտարարում էր, թե տարածաշրջանում կայունության պլատֆորմ է առաջարկում, բայց պլատֆորմի տակ ԼՂ խնդրին խառնվելու մտադրությունն էր պարզապես ատամի տակ եւ հիմա էլ այդ մտքից ձեռք չի քաշում:
Երեւի պատահական չէին նաեւ սառեցումն ապրիլի 24-ից մեկ օր առաջ հայտարարելն ու ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակի հաստատակամության բարձրաձայնումը` 252 բանաձեւը ընդունելու վերաբերյալ: Թուրքերն ընտրություն պետք է կատարեն` իրենց հանդեպ կիրառվելիք կոշտ դրսեւորումների (Թուրքիան Եվրոպայի դռներն է ուզում, չէ՞, թակել) եւ արձանագրությունների վավերացման միջեւ:
Ներքաղաքական առումով էլ հիմա Ս. Սարգսյանի ընդդիմախոսները տխրել են, որ այս քայլով նախագահն իր վրայից հեռացրեց քննադատական հոսքի մի բավական մեծ դոզա, եւ ներքին քաղաքական լարվածությունը նրա շուրջը թերեւս նվազի: Հետաքրքրական մի անտրամաբանությամբ քաղաքական գործիչներից եղել էին, որ նախագահի` սպասվելիք ուղերձին հղում անելիս ենթադրել էին, թե միգուցե նա ասելու է իր հրաժարականի մասին. պարզ է, որ սա հուշվել է արմատական քաղաքական շրջանակներից, եթե որպես միայն ցանկություն` էլի ոչինչ, բոլորս ամեն տեսակի ցանկություններ կարող ենք ունենալ` երազելն օգտակար է առողջության համար: Իսկ եթե սա քաղաքական կանխատեսում էր, խոսում է մեր քաղաքական մտքի խեղճության մասին, քանի որ քաղաքական միտքը գոնե 60 տոկոսանոց կանխատեսելիությամբ պետք է օժտված լինի, որովհետեւ քաղաքական զարգացումներ (խոսքը բնականոն հերթագայությունների մասին է)` նշանակում են իրար հաջորդող տրամաբանական գործընթացներ, որոնք կանխատեսելը մեր քաղաքական գործիչների ու քաղաքագետների համար պետք է եթե ոչ մեկին-մեկ, գոնե 60-70 տոկոսանոց ճշտությամբ լինի:
Իսկ այն մտքին, որ արտահայտել է երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը, թե Հայաստանը հիմա գտնվում է այնպիսի արտակարգ վիճակում, որ առաջիկա ամիսների ընթացքում այն կարող ենք հաղթահարել կամ նոր ընտրություններով, կամ շրջադարձային-բեկումնային փոփոխություններով, որի համար էլ քաղաքական կամք է պետք, համաձայն ենք. այո, երկրի ղեկավարությունը քաղաքական կամքի անհրաժեշտությունն ունի` էապես փոխելու Հայաստանի ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին վիճակը, ու նախ եւ առաջ ներքին, քանի որ օրինականությամբ, արդարությամբ, եւ տնտեսական գոնե մի փոքր բարելավված վիճակում Հայաստանն առավել լավ մեկնարկային դիրքում կլինի արտաքին խնդիրները լուծելիս:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ