Մասնագիտությամբ տնտեսագետ Վիգեն Խաչատրյանի երազանքն է իր ծնողների ծննդավայրը` Վանը տեսնելը, որտեղից նրա ծնողները գաղթել են Մեծ եղեռնի տարիներին:
«Պապս եղել է Վանի փաստաբաններից, մի անգամ դատի ժամանակ նա թույլ չի տվել, որ անտեղի դատեն մի թուրք մեծահարուստի, այսինքն` փրկել է նրան կալանավորումից: Տարիներ անց ` կոտորածի օրերին, այդ թուրք մեծահարուստը օգնել է պապիս, որ վերջինս ընտանիքի հետ փախչի Վանից: Նա մի օր առաջ զգուշացրել է պապիս, որ թուրքերը հարձակվելու են նրա տան վրա, նաեւ գաղտնի կերպով էշեր է տրամադրել, որ հարազատներս կարողանան փախչել, - պատմում է Վիգեն Խաչատրյանը,- ցավոք, գաղթի ճանապարհին պապս կորել է, տատս, նրանց 7 երեխաներից 6-ը, այդ թվում նաեւ մայրս, կարողացել են փրկվել»:
Վիգեն Խաչատրյանն ասում է, որ միայն ապրիլի 24-ով չի սկսվում ու վերջանում Ցեղասպանությունը:
«Ցեղասպանությունը նաեւ իմ ընտանիքի պատմությունն է: Ապրիլի 24-ին պարտադիր գնալու եմ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, սակայն զոհերի հիշատակը հարգելը հուշահամալիր գնալով կամ չգնալով չի որոշվում: Ամեն հայ պետք է լավ իմանա եւ ճիշտ ընկալի իր պատմությունը», նշում է Վիգեն Խաչատրյանը:
Ցեղասպանության մասին անընդհատ հիշելով մենք չպետք է խղճահարություն առաջացնենք այլ ժողովուրդների մեջ. այսպես արտահայտվեցին Հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) կուլտուրայի ֆակուլտետի ուսանողները:
«Լավ է, որ աշխարհում շատերն իմանան Հայոց ցեղասպանության մասին, սակայն հայերին չպետք է ճանաչեն միայն Ցեղասպանությունով ու չպետք է ճանաչեն միայն որպես խեղճ ու կրակ մի ժողովրդի», ասաց կուլտուրայի ֆակուլտետի ռադիոլրագրության բաժնի ուսանողուհի Նինա Սեյրանյանը եւ հավելեց, որ իրենք ամբողջ կուրսով ապրիլի 24-ին անպայման գնալու են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Նինա Սեյրանյանի հետ համամիտ էր նաեւ նույն բաժնի ուսանողուհի Անահիտ Կասամանյանը.
«Իհարկե, պետք է հիշել անցյալը, սակայն չապրել միայն անցյալով կամ մտածելով` ի՞նչ կլինի ապագայում, մենք ուզում ենք ապրել ներկայով: Աշխարհի տարբեր ժողովուրդներ պետք է ճանաչեն մեզ նաեւ մեր արժանիքներով»:
ՀՊՄՀ-ի կուլտուրայի ֆակուլտետը ամեն տարի ապրիլի 24-ին երթ է կազմակերպում դեպի Ծիծեռնակաբերդ:
«Կարծում եմՙ հուշահամալիրի մոտ Թուրքիայի դրոշն այրել պետք չէ, դա ավելորդ ագրեսիա ու թշնամանք է ստեղծում, հայ եւ թուրք երիտասարդների միջեւ չպետք է թշնամանք լինի, իշխանությունների պատճառով չպետք է տուժեն ժողովուրդները», ասում է կուլտուրայի ֆակուլտետի ուսխորհրդի նախագահի պաշտոնակատար Վարազդատ Եղիազարյանը:
Էդուարդ Վիրաբյանը 1981-83 թվականներին աշխատել է Էրզրումում, շինարարական աշխատանքներ է կատարել: Նա ասում է. «Թուրքերը հայերիս հետ վատ չէին վարվում, բայց դե թուրքը մնում է թուրք: Ցեղասպանությունը կարծես Թուրքիայի կոկորդին կանգնած ոսկոր լինի, որը նա այդպես էլ չի ուզում ճանաչել: Իմ համար ամենակարեւորը բարոյական փոխհատուցումն է, քանի որ միայն այդ դեպքում կփոխվի թուրք ժողովրդի բարոյական մակարդակը»:
Եթե Թուրքիան պատասխան չտա իր կատարած ոճրագործության համար, ապա աշխարհն այդպես էլ չի ճանաչի նրան որպես քաղաքակիրթ պետության:
«Եթե Թուրքիան չի ընդունում իր կատարած հանցանքը, ապա նա պատրաստ է կրկնել այդ հանցանքը, օրինակՙ կկատարի մշակութային ցեղասպանություն: Նա պետք է ներողություն խնդրի հայերից, որից հետո նոր-նոր կվերանա հայ եւ թուրք ժողովուրդների թշնամանքը», ասում է 66-ամյա սփյուռքահայ Ժիրայրը: Վերջինիս կարծիքով ` ապրիլի 24-ը մի ուժ է, որը միավորում է ե՛ւ Սփյուռքի, ե՛ւ Հայաստանի հայությանը:
«Մեր ազգը պետք է միասնական լինի միշտ, ինչը, ցավոք, չենք տեսնում: Մենք տաղանդավոր ենք որպես անհատներ, սակայն որպես հավաքականություն` ոչ», հավելեց Ժիրայրը:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ