Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքէջում երեկ տեղադրվել է այս տարվա առաջին եռամյսակի 1000 խոշոր հարկատուների ցանկը: Այս անգամ ցանկը գլխավորում է «Հայռուսգազարդը»ՙ 5,2 մլրդ դրամ վճարած հարկերով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3,4 մլրդ դրամի փոխարեն), երկրորդ տեղում է «Ալեքս գրիգը»ՙ 4,4 մլրդ դրամ (նախորդ տարի 3,5 մլրդ դրամի փոխարեն), երրորդ տեղումՙ «Արմետելը»ՙ 3,4 մլրդ դրամ (նախորդ տարի 2,8 մլրդ դրամ):
4-րդ տեղում վառելիք ներկրող խոշորագույն «Ֆլեշ» ընկերությունն էՙ 2,7 մլրդ դրամ, նախորդ տարվա առաջին եռամսյակի 2,2 մլրդ դրամի փոխարեն: 5-րդ տեղում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար «Ղ-Տելեկոմն» է («Վիվասել-ՄՏՍ»), որը վճարել է 2,2 մլրդ դրամՙ նախորդ տարվա 2 մլրդ դրամի փոխարեն: 6-րդը մեկ այլ վառելիք ներկրող ընկերություն էՙ «Սիթի պետրոլ գրուպը»ՙ 2 մլրդ դրամ վճարած հարկերով (2009-ի առաջին եռամսյակինՙ 1,8 մլրդ դրամ):
«Հայաստանի էլեկտրական ցանցերը» 7-րդն էՙ 1,8 մլրդ դրամ հարկային վճարումներովՙ (1 մլրդ դրամ անցյալ տարի), 8-րդը բջջային կապի երրորդ օպերատոր «Օրանժ Արմենիան» էՙ 1,6 մլրդ դրամ, իսկ նախորդ տարվա առաջին եռամսյակում այս ընկերությունը վճարել էր ընդամենը 17 մլն դրամ: Սա ամենամեծ թռիչքային աճն է ցանկում, ինչը, բնականաբար, պայմանավորված է նրանով, որ անցյալ տարի այս ժամանակահատվածում այս ընկերությունն, ըստ էության, դեռ չէր գործում: 9-րդ տեղում «Ինտերնեշնլ Մասիս Տաբակն» էՙ 1,4 մլրդ դրամՙ նախորդ տարվա 1 մլրդ դրամի փոխարեն: Եվ առաջատար տասնյակը եզրափակում է ծխախոտի ներմուծող «Վիդիս Դիսթրիբյուշն» ընկերությունըՙ 1,3 մլրդՙ 2009-ի նույն ժամանակահատվածի 1,2 մլրդ դրամի փոխարեն:
Ցանկում նկատելի աճ եւ առաջընթաց են արձանագրել հանքարդյունաբերական ընկերությունները: Մասնավորապես, տարիներ շարունակ խոշոր հարկատուների ցանկի առաջատար եղած Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վճարել է 1,2 մլրդ դրամ եւ զբաղեցնում է 11-րդ տեղը: 2009-ի առաջին եռամսյակում նրա ցուցանիշը 279 մլն դրամ էր: Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը վճարել է 700 մլն դրամ, նախորդ տարվա ընդամենը 28 մլն դրամի փոխարեն: Հանքարդյունաբերական եւ մետաղամշակման մյուս ընկերությունները նույնպես ավելացրել են վճարված հարկերը, ինչը պայմանավորված է մետաղների միջազգային գների բարձրացմամբ եւ դրա հետեւանքով ընկերությունների գործունեության ակտիվացմամբ:
Ընդհանուր առմամբ, ինչպես վերոնշյալ, այնպես էլ ցանկի մնացած ընկերություններն ավելացրել են հարկային վճարումները: Հարկային մուտքերի ավելացումը վկայում է, որ ճգնաժամի հիմնական ծանրությունը, այնուամենայնիվ, մնացել է հետեւում:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ