«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#73, 2010-04-23 | #74, 2010-04-24 | #75, 2010-04-27


ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՏԵՄՊԸ ԿԱՆԽԱՏԵՍՎԱԾԻՑ ԲԱՐՁՐ Է

Դրական է արդյունաբերության աճը եւ մտահոգիչՙ շինարարության տեղապտույտը

Որ ճգնաժամային ժամանակահատվածում կանխատեսումներ կատարելը շատ բարդ գործ է, երեւաց դեռ անցյալ տարի: Թե՛ միջազգային ֆինանսական կառույցները, թե՛ աշխարհի երկրների կառավարությունները պարբերաբար փոխում էին իրենց կանխատեսումները տնտեսական աճի կամ, ավելի ճիշտ, անկման տարեկան ցուցանիշների վերաբերյալ: Հայաստանը նույնպես բացառություն չէր: Սկսած տարեսկզբից, Հայաստանի տնտեսական անկման տարեկան ցուցանիշների վերաբերյալ կանխատեսումները բազմիցս վերանայեցին ինչպես Հայաստանի կառավարությունը, այնպես էլ Համաշխարհային բանկն եւ Արժույթի միջազգային հիմնադրամը:

Գրեթե նույնն էր պատկերը նաեւ այս տարվա տնտեսական աճի ցուցանիշի կանխատեսման առնչությամբ: Հայաստանի կառավարությունը 2010-ի պետական բյուջեի հիմքում դրել էր 1,8 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը, ինչը նաեւ միջազգային ֆինանսական կառույցների կանխատեսումների շրջանականերում էր: Փորձագետներից ոմանք այս ցուցանիշը իրատեսական էին համարում, մյուսներն էլՙ խիստ լավատեսական, ասելով, որ լավագույն դեպքում այս տարի տնտեսական աճը Հայաստանում զրոյական կլինի: Սակայն առաջին եռամսյակի ցուցանիշները վկայում են այլ բանի մասին: Անգամ իրատեսական թվացող կանխատեսումները հոռետեսական դուրս եկան: Այսինքն, տնտեսական աճի ցուցանիշն ավելի բարձր եղավ, քան կանխատեսվող 1,8-2 տոկոսը, կազմելով 5,5 տոկոս: Ընդ որում, դրականը զուտ աճի բարձր ցուցանիշ չէ միայն, այլ նաեւ այն, թե որ ոլորտների հաշվին է դա տեղի ունեցել:

Ուրախալի է հատկապես տնտեսության իրական հատվածիՙ արդյունաբերության 10,4 տոկոս աճի ցուցանիշը: Այս տարվա առաջին երեք ամիսներին ամենաբարձր աճ արձանագրած ճյուղը եղել է արդյունաբերությունը, ինչն աննախադեպ է շինարարության բուռն աճի վերջին տարիների եւ առավել եւս դրան նախորդած տարիների համար: Ճիշտ է, դա մի կողմից արդյունք է միջազգային շուկայում մետաղների գների բարձրացման, որոնք բավականին մոտեցել են նախաճգնաժամային գներին, բայց մյուս կողմից էլՙ նախորդ տարի կառավարության իրականացրած հակաճգնաժամային միջոցառումների: Խոսքը 4 խոշոր հանքարդյունաբերական ընկերություններին, կենսունակ բիզնես ծրագրեր ներկայացրած արտադրական այլ ընկերություններին, ինչպես նաեւ փոքր ձեռնարկություններին տրամադրված վարկերի մասին է, տրված ինչպես պետական բյուջեից, այնպես էլ միջազգային ֆինանսական կազմակերպություններից եւ Ռուսաստանի Դաշնությունից ստացված միջոցներից: Միաժամանակ, հարկ է նշել, որ տնտեսական ընդհանուր աճի ցուցանիշների մեջ արդյունաբերության բաժնի ավելացումը նաեւ տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ կատարված քայլերի արդյունավետության առաջին նախանշաններից է:

Հետաքրքրական է, որ արդյունաբերական արտադրանքի մեջ աճ են արձանագրել այնպիսի ճյուղեր, որոնք 90-ականների սեփականաշնորհման եւ փոշիացման հետեւանքով ամենածանր հարվածն են ստացել: Դրանք են հաստոցաշինությունը, որն, ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի հաղորդած տվյալների, աճել է 3 անգամ, սարքաշինությունըՙ 15 տոկոսով, ինչպես նաեւ 2000-ականների սկզբներին զարգացում արձանագրած, ապա անկում ունեցած ոսկերչությունն ու ադամանդագործությունըՙ 40 տոկոսով, քիմիական արդյունաբերությունըՙ 2,5 անգամ:

Տնտեսության մյուս ճյուղերից արժե հիշատակել նաեւ էլեկտրաէներգիայի արտադրության 9,8 տոկոս աճը, որը թերեւս արդյունաբերության աճի ուղղակի հետեւանք է, քանի որ մարտին փետրվարի նկատմամբ այստեղ 16 տոկոս աճ է գրանցվել: Մինչդեռ, սեզոնային գործոնով պայմանավորված, մարտին, ընդհակառակը, սովորաբար էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազում է:

Գյուղատնտեսության ցուցանիշները սովորաբար այդքան էլ հավաստի չեն լինում, ուստի այստեղ արձանագրված 3,2 տոկոս աճի վերաբերյալ դժվար է որոշակի գնահատականներ տալ:

Ծառայությունների ոլորտում արձանագրվել է 6,2 տոկոս աճ, մարտինՙ փետրվարի համեմատ, ավելի քան 30 տոկոս աճ: Սովորաբար ծառայությունների ոլորտի աճը կամ անկումը ուղղակի ցուցիչն է տվյալ երկրի կենսամակարդակում կատարվող փոփոխությունների: Հետեւաբար, սա եւս պետք է համարել մեր տնտեսության ճգնաժամից աստիճանաբար դուրս գալու գործընթացի վկայություններից մեկը:

Ինչ վերաբերում է շինարարության ոլորտին: Սա այն ճյուղն էր, որն անցյալ տարի ամենամեծ անկումն արձանագրեց, դրանով իսկ պայմանավորելով ընդհանուր բարձր տնտեսական անկումը: Այս տարվա առաջին եռամսյակում այս ճյուղը միակն էր, որ անկում արձանագրեցՙ 0,6 տոկոսով, թեեւ մարտին փետրվարի համեմատ ավելի քան կրկնակի աճ էր ունեցել: Այդուհանդերձ, այդ աճն առավելապես պետության կողմից իրականացվող ճանապարհների եւ աղետի գոտու վերականգնման աշխատանքների արդյունք է: Դժբախտաբար, մասնավոր կառուցապատողների գերակշիռ մասը շարունակում է սպասողական դիրքորոշում ցուցաբերել, ինչի հետեւանքով հատկապես մայրաքաղաքի կառուցապատման ծրագրերը կաթվածահար վիճակում են, շինարարական կազմակերպություններում աշխատողներըՙ գործազուրկ, իսկ կառուցապատման ենթակա տարածքներում բնակվողներըՙ անորոշ սպասումների մեջ: Պետք է նշել, որ կառավարությունն այս հարցում անհասկանալի սպասողական դիրքորոշում է որդեգրել: Ինչեւէ:

Վերադառնանք հրապարակման սկզբում նշված տնտեսական աճի կանխատեսումներին: Եթե նկատի ունենանք, որ մարտին փետրվարի նկատմամբ էական աճ է արձանագրվել, որ անցյալ տարվա ապրիլին մարտի նկատմամբ անկում էր արձանագրվել, ապա կարելի է ակնկալել, որ տնտեսության ակտիվացման այս տեմպի պահպանման դեպքում այս տարվա հունվար-ապրիլի աճի ցուցանիշն ավելի բարձր կլինի: Սակայն դրան հաջորդող ամիսներին արդեն հնարավոր է, որ տնտեսական աճի տեմպը սկսի նվազել, քանի որ նախորդ տարվա մայիսից սկսած, յուրաքանչյուր նախորդ ամսվա նկատմամբ մեր տնտեսությունն աճ է արձանագրել, ինչը վերջնարդյունքում փոքր-ինչ նվազեցրել է տնտեսական անկման տարեկան ցուցանիշը: Դա նկատի ունենալով էլ, հնարավոր է, որ այս տարի տնտեսական աճի ցուցանիշը տարվա երկրորդ կեսին որոշակիորեն նվազի: Այնուամենայնիվ, արդեն հիմա հավանական է թվում, որ տարեկան տնտեսական աճը կգտնվի 3-5 տոկոսի միջակայքում:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4