Բաքվում ապրիլի 26-27-ին տեղի ունեցած կրոնապետների գագաթաժողովից, որին, ինչպես անդրադարձել է «Ազգ» -ը նախորդ համարում, մասնակցեց նաեւ Ամենայն հայոց կաթողիկոսը, «Ազգի» ընթերցողներին փոխանցենք որոշ նոր մանրամասներ:
Փաստորեն` ապրիլի 26-ին Բաքվում տեղի է ունեցել առաջնորդների եռակողմ հանդիպում` մասնակցությամբ Գարեգին Բ-ի, Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի եւ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի, որտեղ շատ մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի խնդիրը, ու այդ հանդիպման ավարտին է ստորագրվել եռակողմ հայտարարություն, որից որոշ շեշտադրումներ «Ազգը» ներկայացրել է նույնպես: Բայց չենք պատմել, որ եռակողմ հանդիպումից հետո Ամենայն հայոց կաթողիկոսը մասնակցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության խորհրդակցական մարմնի աշխատանքներին, որի նպատակն է առկա խնդիրներով երկխոսություն սկսել կրոնական համայնքների եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջեւ: Կրոնապետները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչին ներկայացրել են իրենց մտահոգությունները եւ համագործակցության ոլորտները:
Չենք պատմել նաեւ, որ ապրիլի 26-ին Գարեգին Բ-ն հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, այդ հանդիպմանը նաեւ ներկա է եղել Կովկասի մահմեդականների առաջնորդը, մեկ ժամ տեւած այդ հանդիպմանը եւս անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերին: Կողմերը ողջունել են հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը, դրանցում կարեւոր նկատելով կրոնապետների եւ հոգեւոր սպասավորների դերը: Խոսվել է երկու ժողովուրդների փոխայցելությունների եւ շփումների մասին, որոնք ավելի պիտի զորացնեն փոխվստահության եւ համագործակցության ոգին:
Նույն օրը Ամենայն հայոց կաթողիկոսը շքախմբի ուղեկցությամբ այցելել է Բաքվի Ս. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի, որը ներկայումս գործածվում է իբրեւ գրապահոց: Նորին Սրբությունը ծանոթացել է 1990թ. հրդեհից վնասված եկեղեցու վիճակին եւ հույս հայտնել, որ Աստծո ողորմությամբ եկեղեցին վերստին դռները կբացի հավատացյալների առջեւ` շարունակելով իր առաքելությունը: Ապա եկեղեցում տասնամյակներ անց հնչել են հայոց աղոթքն ու շարականը:
Ավելացնենք, որ Կիրիլ պատրիարքը Բաքվում շփվել է լրագրողների հետ եւ ասել, թե կրոնական առաջնորդները քաղաքական ուժ չունեն, չեն կարող զորքեր տեղաշարժել, օգտագործել պետության ուժը, սակայն նրանք ունեն բացառիկ հնարավորություն` դիմելու այն արժեքներին, այն գաղափարներին, որոնք չափազանց կարեւոր են հավատացյալների համար: Այդ համատեքստում, ավելացնենք մեր կողմից, անձնական շփումները շատ կարեւոր են հատկապես մարդասիրական հարցերի լուծման ճանապարհին:
Մ. Խ.