«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2010-04-24 | #75, 2010-04-27 | #76, 2010-04-28


ՅԱՐՈՄԻՐ ՇՏԵՏԻՆԱ. «ՉԵԽԻԱՆ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Պրահայում նշվեց Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը

Ապրիլի 24-ին Չեխիայի մայրաքաղաքի կենտրոնում կազմակերպված ցույցով եւ երթով չեխահայությունն սկսեց Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Անգլերեն եւ չեխերեն պաստառներով ցույցի հարյուրից ավելի մասնակիցներ պահանջում էին Թուրքիայի եւ Չեխիայի կողմից Ցեղասպանության ճանաչում, իսկ անցորդներին բաժանվող թռուցիկներում հակիրճ ներկայացվում էին պատմական իրողությունն ու ցուցարարների պահանջները, որոնք ընթերցվեցին նաեւ ցույցի ընթացքում:

Յունգմանի հրապարակում սկսված ցույցն այնուհետեւ երթով անցավ Պրահայի կենտրոնի փողոցներով եւ մտնելով կենտրոնական Ստարոմեստսկա հրապարակՙ հասավ մինչեւ Սուրբ Եղիայի եկեղեցի:

Հոգեհանգստյան ժամերգությանը Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի հետ մասնակցեց նաեւ Չեխիայի եւ Սլովակիայի ուղղափառ եկեղեցու միտրոպոլիտ Քրիշտոֆ Պուլեցի ներկայացուցիչ Սերգի վարդապետը: ժամերգությանը ներկա էին նաեւ Չեխիայում Հայաստանի, Հունաստանի եւ Վրաստանի դեսպանները, վրաց եկեղեցու ներկայացուցիչ, Շավնաբադի Սուրբ Գեւորգ եկեղեցու հոգեւոր սպասավոր Կալենեգե Կապանաձեն: Ժամերգության ավարտին ապրիլքսանչորսյան ուղերձով ներկաներին դիմեց հայր Բարսեղըՙ հիշատակի ու միասնության հորդորով:

Այնուհետեւ Պրահայի կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ հուշ-երեկո, ցուցադրվեցին Հայերի ցեղասպանությանը նվիրված փաստավավերագրական ֆիլմեր, որոնցից մեկը պատմում էր 2005 թվականին Չեխիայում անցկացված ապրիլյան միջոցառումների, մասնավորապես չեխական Սենատում Ցեղասպանությանը նվիրված միջազգային գիտաժողովի մասին, իսկ մյուսըՙ Անդրյու Գոլդբերգի «Հայոց ցեղասպանություն» 2006 թվականին նկարահանված ֆիլմը, որը տալիս է Ցեղասպանության իրական պատկերը թուրք եւ օտար պատմաբանների գնահատականներով եւ արխիվային փաստաթղթերի լուսաբանությամբ:

Երեկոն վարողՙ միջոցառման կազմակերպիչներից «Արմենիա ակումբ» կազմակերպության նախագահ Տիգրան Աբրահամյանը բեմ հրավիրեց Ավստրիայում, Չեխիայում, Սլովակիայում եւ Հունգարիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանին : Վերջինս իր ելույթում նշեց, որ թեեւ անցել է 95 տարի, բայց մենք շարունակում ենք հիշել եւ պահանջել, որպեսզի ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Նա շնորհակալություն հայտնեց այն բոլոր անհատներին եւ երկրներին, որոնք հայերի հետ նշում են այդ օրը:

Միջոցառմանը ներկա Չեխիայի Սենատի անդամ Յարոմիր Շտետինան իր ելույթում մի անգամ եւս նշեց, որ ժամանակն է, որպեսզի Չեխիան նույնպես ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Նա հույս հայտնեց, որ մոտ ապագայում Չեխիայի խորհրդարանի վերին պալատում կփոխվի մթնոլորտը, որը չի հենվի միայն քաղաքական պրագմատիզմի վրա: Սենատորի կարծիքով, 2005 թվականին Սենատում կազմակերպված գիտաժողովը այդ դժվարին ճանապարհի սկիզբն էր միայն: Նա վստահեցրեց, որ եթե ինքը կրկին ընտրվի սենատոր, ապա այդ հարցը կբարձրացնի Չեխիայի Սենատում, ներկայացնելով այնպիսի բանաձեւ, ինչպիսին ընդունվել էր Սլովակիայում:

Սենատորի կարծիքով, ի վերջո Չեխիան պետք է անցնի այն քաղաքակիրթ երկրների շարքը, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Միջոցառման երաժշտական հատվածում ելույթներ ունեցան հայ-չեխական լարային քառյակը, «Մուզիկա պոետիկա» չեխական երգչախումբըՙ «Հայր մերի» եւ «Սուրբ-սուրբ»ի հայերեն կատարումներով, եւ երիտասարդ երգչուհի Վարինե Մկրտչյանըՙ «Կռունկ»-ով:

Հուշ-երեկոյին ներկա էր Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ Դուկան: Նախօրեին արքեպիսկոպոսի գրասենյակն արդեն տարածել էր հաղորդագրություն, որ նա մասնակցելու է հայ համայնքի միջոցառմանը եւ հարգելու է 1915 թվականի Ցեղասպանության զոհերի հիշատակը:

Հուշ-երեկոյին ներկա էին նաեւ ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ վարդապետ Սերգին, Չեխիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Ֆեոդորովը եւ Հունաստանի դեսպան Կոնստանտինոս Կոկոսիսը: Միջոցառումն անցկացվեց Չեխիայի հայ համայնքի եւ «Արմենիա ակումբ» կազմակերպության ջանքերովՙ հովանավորությամբ Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի:

Երեկոյան «HG Art » ցուցասրահում հայր Բարսեղի եւ դեսպան Հովակիմյանի մասնակցությամբ տեղի ունեցավ պրահայաբնակ 18 նկարիչների ցուցահանդեսի բացումը, նվիրված Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին: «Այս ցուցահանդեսը վկայությունն է, որ մի ժողովուրդ, որն արարում է, ստեղծագործում է, չի կարող մեռնել», ասաց իր խոսքում հայր Բարսեղը : Ցուցադրության կազմակերպիչներըՙ քույր եւ եղբայր, նկարիչներ Մարիամ եւ Հրայր Ղարիբյանները ներկաներին ծանոթացրին ներկայացված աշխատանքներին, որին հետեւեց հայ դասական երաժշտության հանպատրաստից համերգըՙ Վարինե Մկրտչյանի եւ հայր Բարսեղի զգայուն կատարումներով:

Նախօրեին չեխական Յիհլավա քաղաքում նույնպես անցկացվեց ապրիլքսանչորսյան միջոցառումների շարքՙ «Ուրարտու» հայ-չեխական կազմակերպության նախագահ Ալեքսանդր Սարգսյանի ղեկավարությամբ, իսկ Բռնո քաղաքի ավետարանական եկեղեցում հայր Բարսեղը մատուցեց հոգեհանգստյան պաշտոն:

Այս օրերին հայ ժողովրդի մեծ ողբերգությանն են անդրադարձել նաեւ չեխական մամուլը եւ ինտերնետային կայքէջերը, ինչը կներկայացնենք առաջիկայում:

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4