«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2010-04-24 | #75, 2010-04-27 | #76, 2010-04-28


ՎՐԱՑԻՆԵՐԸ ՅՈՒՐԱՑՆՈՒՄ ԵՆ ԵՐԵՎՄԱՆ Ս. ԽԱՉ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրն էր Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող ՀԿ-ի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը :

Նա խոսեց Ախալցխայի Ռաբաթ թաղամասում գտվող հայկական կաթողիկե Երեւման Սուրբ Խաչ եկեղեցու շուրջը առաջացած խնդրի մասին: Վրացիները վերջերս սկսել են քանդել հայկական եկեղեցին:

«Վրացիները, նորոգելու անվան տակ հերթով յուրացնելով հայկական եկեղեցիները, հիմա հասել են Երեւման Սուրբ Խաչին: Ամրակայման կամ վերականգնողական աշխատանքներ եկեղեցում դեռեւս չեն կատարվել, այլ` միայն մաքրման, որի ժամանակ էլ երեւացել են նոր խաչքարեր,- ասաց Սամվել Կարապետյանը,- խաչքարերն ագուցված են եկեղեցու պատերի մեջ: Վրացիները, անշուշտ, ձերբազատվելու են այն ամենից, ինչը փաստում է հայկականություն»:

Ըստ հուշարձանագետի` վրացիների կողմից յուրացված եկեղեցու ոչ մի որմում այսօր չի մնացել խաչքար կամ հայկական արձանագրություն, եւ դժվար չէ կռահել, որ նույնը կատարվելու է նաեւ Երեւման Սուրբ Խաչում, որը յուրացվող ու «վերականգնվող» հերթական հուշարձանն է, մի խոսքով` հերթական զոհ եկեղեցին:

Ախալցխան երկու հիմնական թաղամասերից բաղկացած քաղաք է: Հին թաղամասը կոչվում է Ռաբաթ, իսկ նորը` Մարդա, որը զուտ հայաբնակ թաղամաս է: Ռաբաթում տարբեր ազգեր են ապրել` հրեաներ, բնիկ հայեր, վրացիներ, եւ ամեն համայնք ունեցել է իր պաշտամունքային կառույցները:

«Վրացիները հայկականության հետքը վերացնելու գործը կատարում են ոչ միայն Ախալցխայում կամ Թբիլիսիում, այլեւ սողոսկում են լեռներն ու անտառները եւ յուրացնում նույնիսկ այնտեղ գտնվող հայկական հուշարձանները», տեղեկացրեց բանախոսը:

12 տարի առաջ Սամվել Կարապետյանը հրատարակել է «Հայ մշակույթի հուշարձանները եւ վրաց պետական քաղաքականությունը» աշխատությունը, որի մեջ ընդգրկված են 100-ից ավելի ականատեսների վկայություններ եւ լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, թե նորոգելու անվան տակ ինչ է կատարվել հայկական շինությունների հետ:

«Պատրաստվում ենք այս գիրքը վերահրատարակել լրացված տարբերակով եւ միայն անգլերենով: Փորձելու ենք վրացու դիմակը պատռել աշխարհի առջեւ, ի տարբերություն մեզ` գուցե աշխարհը հուզվի հայ մշակույթի ոչնչացվող հուշարձանների պատճառով», նշեց հուշարձանագետը եւ հավելեց, որ մեր հուշարձանները կարող ենք պահպանել միայն մի ձեւով` հանցագործին պատասխանատվության ենթարկելով:

Ս. Կարապետյանի խոսքով` քանի դեռ մեր պետությունը կառավարական մակարդակով միջազգային ատյաններում դատ չի հարուցել, հանցագործն իր ձեռքերը հետ չի քաշի մեր հուշարձաններից:

«Մայր աթոռ Ս. Էջմիածնի վերաբերմունքը չափազանց անտարբեր է հայկական կաթողիկե եկեղեցիների հանդեպ, նաեւՙ Երեւման Ս. Խաչի: Մայր Աթոռը միշտ էլ անտեսել է հայ կաթողիկե եկեղեցիներն ու նրանց հետեւորդներին», ասաց հուշարձանագետը:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4