Երեկ Երեւանում աշխատանքն է սկսել Հայաստանի նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստը: Նիստում քննարկվել են ատոմակայանի անվտանգության վիճակին առնչվող հարցեր: Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերով` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը բացասական է ազդել աշխարհի բոլոր երկրների տնտեսական զարգացման վրա, այդ թվում` Հայաստանի. «ճգնաժամի հետեւանքով էլեկտրաէներգիայի արտադրության եւ բնական գազի օգտագործման ծավալները հանրապետությունում կրճատվել էին, սակայն այս տարի արդեն երկրի տնտեսության աճի միտումներ են նկատվում, կվերականգնվեն նաեւ էլեկտրաէներգիայի եւ բնական գազի օգտագործման նախկին տարիների ծավալները: Տարվա առաջին քառորդի տվյալներով, ՀՆԱ-ն աճել է 5.5 %-ով, եւ կարծում ենք, այդ դրական միտումները կշարունակվեն», շեշտեց նախագահը:
Սերժ Սարգսյանը փաստեց, որ թեեւ ապրիլի 1-ից ավելացել է բնական գազի գինը, ինչպես նաեւ` ԱԷԿ-ից գնվող էլեկտրաէներգիայի սակագինը, սակայն վերջնական սպառողի համար էլեկտրաէներգիայի սակագինը նույնն է մնացել:
Նախագահ Սերժ Սարգսյանը կարեւոր գերխնդիր համարեց ատոմային էներգետիկայի անվտանգության բարձրացումը եւ նշեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացվել: Երկրի ղեկավարը հիշեցրեց ներկաներին, որ նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքները իրականացնելու է ռուսական կողմը:
Ատոմային Էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերը իր ելույթում նշեց, որ Հայաստանի ատոմակայանը համապատասխանում է միջազգային չափանիշներին եւ այն նորմատիվ փաստաթղթերի պահանջներին, որոնք գործում են առաջին սերնդի ատոմակայանների համար:
Մասնագետները նշում են, որ ատոմակայանը աշխատելու է այնքան ժամանակ, քանի դեռ շահագործման չի հանձնվել 2-րդ էներգաբլոկը:
Ն. Մ.