Երեկ բացվեց բանկի ներկայացուցչությունը Երեւանում
Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի եւ Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահ Իգոր Ֆինոգենովի երեկ ստորագրած համաձայնագրով Հայաստանում բացվեց Եվրասիական զարգացման բանկի մշտական ներկայացուցչությունը:
Միաժամանակ, երեկ ստորագրվել են նաեւ համագործակցության հուշագրեր Եվրասիական զարգացման բանկի եւ Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության, «Հայռուսգազարդ», «Հարավկովկասյան երկաթուղի», «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ընկերությունների եւ «Հայբիզնեսբանկի» հետ:
Համաձայնագրի ստորագրման արարողությանը մասնակցում էր եւ ելույթ ունեցավ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը : Փաստելով, որ Հայաստանը դարձել է Եվրասիական զարգացման բանկի լիիրավ անդամ եւ մասնակցություն ունի բանկի կապիտալում, նա տեղեկացրեց, որ արդեն նախապատրաստվել են մի քանի նախագծեր, որոնք ներկայացվել են բանկի ղեկավարության քննարկմանը: «Գիտեք նաեւ, որ ԱՊՀ շրջանակներում ստեղծված Հակաճգնաժամային հիմնադրամի օգտագործման օպերատորը նույնպես կլինի Եվրասիական զարգացման բանկը, իսկ դա նշանակում է, որ բանկի գործունեությունը կարող է լինել բազմապլան, բազմաֆունկցիոնալ», ավելացրեց վարչապետը: Ըստ Տիգրան Սարգսյանի, քիմիայի, էներգետիկայի, հանքարդյունաբերության ոլորտներում մշակվել եւ Եվրասիական զարգացման բանկի ղեկավարությանն են ներկայացվել ծրագրեր, որոնցից յուրաքանչյուրի արժեքը մոտ 100 մլն դոլար է, եւ որոնց ֆինանսավորումը տեղական բանկերի հնարավորություններից վեր է:
Իգոր Ֆինոգենովը նշեց, որ համաձայնագրի ստորագրումը Հայաստանում բանկի ակտիվ գործունեության համար մեծ հնարավորություններ է ստեղծում: Ըստ նրա, բանկի գործունեությունը կհամապատասխանի ինչպես Հայաստանի, այնպես էլ բանկում ներգրավված մյուս երկրների շահերին: Իգոր Ֆինոգենովն ընդգծեց, որ բանկը ֆիզիկապես եւ իրավաբանորեն պատրաստ է խոշոր եւ երկարաժամկետ ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանում:
Իգոր Ֆինոգենովը նաեւ դրական արտահայտվեց Հայաստանի կառավարության հակաճգնաժամային քայլերի մասին: Նա խոստացավ, որ բանկը կօգնի Հայաստանին տնտեսական դժվարություններ առաջանալու դեպքում, բայց նշեց, որ նման միտումներ մեր երկրում չկան:
Երեկ Եվրասիական զարգացման բանկի կնքած մեկ այլ պայմանագրով «Հայբիզնեսբանկին» տրամադրվեց 20 մլն դոլարի վարկ, որը կուղղվի փոքր եւ միջին բիզնեսի, ինչպես նաեւ առեւտրի ֆինանսավորմանը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ