Հանդիպել են հայ եւ հրեա երիտասարդները
Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված միջոցառումներին այսուհետեւ կմիանան եւ կմասնակցեն հրեա երիտասարդները: Հրեա ուսանողների եվրոպական միությունը եւ «Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայն» միջազգային ՀԿ-ն Բուդապեշտում կազմակերպված ուսուցողական սեմինարի ընթացքում որոշել են համագործակցել եւ աջակցել ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված նախաձեռնություններին: «Որոշվեց, որ Հրեա ուսանողների եվրոպական միությունը հայ երիտասարդների նախաձեռնություններին կաջակցի բոլոր այն երկրներում, ուր ունի իր ներկայացուցչությունը: Միությունը բավականին ակտիվ եւ պատմություն ունեցող կազմակերպություն է, որը անդամ-կազմակերպություններ ունի եվրոպական բազմաթիվ երկրներում, իսկ գլխավոր գրասենյակը Բրյուսելում է», ասաց Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնի նախագահ Ատոմ Մխիթարյանը :
Ապրիլի 12-18-ը Բուդապեշտում Հրեա ուսանողների եվրոպական միության եւ Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնի նախաձեռնությամբ անցկացված ուսուցողական սեմինարի ընթացքում 40 հայ եւ հրեա երիտասարդներ քննարկել են ոչ միայն համագործակցության հարցերը, այլեւ փորձել հասկանալ երկու ժողովուրդների միջեւ դարերով ձեւավորված նմանությունները: «Երիտասարդները տարբերությունների մասին չէին խոսում եւ ուշադրությունը սեւեռել էին միայն նմանությունների վրա: Ընդհանրությունները շատ են մեր նիստուկացում, երիտասարդներն անգամ լեզվական նմանություններ էին նկատել», ասաց Ատոմ Մխիթարյանը: Նա պատմում է, որ մասնակից հրեա երիտասարդները ընդունում էին Հայոց եղեռնը որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն եւ նշում, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչման պատճառը կառավարության քաղաքական նկատառումներն են: «Մասնակիցներից մեկը Հոլոքոսթի թանգարանում ուղեկցորդ է: Նա նշեց, որ իրենց թանգարանի այցելուներին Հոլոքոսթին զուգահեռ պատմում են Հայոց ցեղասպանության մասին», ասաց Ատոմ Մխիթարյանը:
Մշակութային եւ կենցաղային նմանություններից բացի մասնակիցները քննարկել են նաեւ երկու ժողովուրդների պատմական նմանությունները: «Երիտասարդները նշեցին, որ երկու ժողովուրդներն էլ ցեղասպանություն են վերապրել եւ ցեղասպանությունից հետո կարողացել են պետություն ստեղծել: Թե՛ հայերը եւ թե՛ հրեաները տասնյակ տարիների ընթացքում ձեւավորված սփյուռք ունեն: Երիտասարդները բազմիցս ուշադրություն էին հրավիրում այն հանգամանքի վրա, որ երկու ժողովուրդները պատմական ընդհանրություններից զատ, նման են նաեւ մտածելակերպով», ասաց «Ոստայն» ՀԿ-ի նախագահը, առանց անդրադառնալու տարբերություններին, որոնք մեր կարծիքով էական են:
«Երիտասարդների մասնակցությունն ազգային համայնքներում որպես ժողովրդավարական քաղաքացիության ուղի» ուսուցողական սեմինարի կազմակերպման գաղափարը ծագեց դեռ երկու տարի առաջ, երբ Ոստայնի անդամները, Բրյուսելում հանդիպելով Հրեա ուսանողների եվրոպական միության ներկայացուցիչների հետ, որոշեցին կազմակերպել նման հանդիպում:
«Ոստայնը հիմնադրվեց` նպատակ ունենալով միավորել Հայաստանի, սփյուռքահայերի եւ սփյուռքում գործող հայկական երիտասարդական միությունները: Քանի որ Հրեա ուսանողների եվրոպական միության նպատակը համահունչ է Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնի նպատակին, որոշեցինք կազմակերպել համատեղ սեմինար եւ քննարկել միջազգային մակարդակում համագործակցության հարցերը: Ծրագիրն աջակցություն ստացավ Եվրոխորհրդից, սեմինարն անցկացվեց Բուդապեշտի եվրոպական երիտասարդական կենտրոնում», ասաց Ատոմ Մխիթարյանը:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ