«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Հայաստանի բնապահպանության նախարարության: Երեկ Վարչական դատարանում տեղի ունեցավ նախնական դատական նիստը: «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը փորձում է դատարանի միջոցով պարտավորեցնել բնապահպանության նախարարությանըՙ դիմելու վարչապետին եւ ստանալու նրա համաձայնությունը մայրաքաղաքի Երվանդ Քոչարի 5 հասցեում գործող «Տեխնիկա պլյուս» կնիքների արտադրամասում ստուգումներ իրականացնելու համար: Հասարակական կազմակերպության իրավաբան Խաչիկ Հարությունյանը նշեց, որ արտադրամասը կնիքների եւ կաղապարների արտադրման ընթացքում արտանետում է թունաքիմիկատներ: «Արտադրամասը գործում է բազմահարկ բնակելի շենքի առաջին հարկում, ընդ որումՙ ապօրինի, առանց բնապահպանական փորձաքննական եզրակացության: Բնապահպանության նախարարության պետական տեսչությունը քայլեր չի ձեռնարկում` հիմք ընդունելով կառավարության որոշումը, որի համաձայն մինչեւ 2011 թվականի հունվարի 1-ը չի կարող մինչեւ 70 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների ստուգումներ իրականացնել: Մինչդեռ, նույն որոշման համաձայն, տեսչությունը կարող է իրականացնել ստուգումներ վարչապետի գրավոր համաձայնությամբՙ անձանց իրավունքների, կյանքի եւ առողջության պաշտպանության դեպքերում», տեղեկացրեց Խաչիկ Հարությունյանը:
Բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Անահիտ Հովհաննիսյանը դատական նիստի ընթացքում նշեց, որ հայցը իրենք համարում են անհիմն: «Վարչական դատարան դիմելու իրավունք ունեն այն անձինք, որոնք համարում են, որ խախտվել են իրենց իրավունքները: Այս պարագայում «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը շահագրգիռ կողմ չէ», ասաց Անահիտ Հովհաննիսյանը:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ