«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2010-04-27 | #76, 2010-04-28 | #77, 2010-04-29


ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ ՀԱՅԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Գրում է ֆրանսիական Le Monde-ը

Ֆրանսիական Le Monde պարբերականը օրերս հանդես է եկել հրապարակմամբ` «Հայկական մշակութային կոթողների ոչնչացումը Թուրքիայում» վերնագրով:

Թերթը մեջբերել է թուրքական «Հյուրիեթի» ապրիլի 19-ի համարից, որտեղ հոդվածագիր Մեհմեդ Յասինը գրել է. «Ենի Գյուրլե գյուղում, որտեղ առաջներում ապրում էին հազարավոր հայեր, ես չգտա ոչինչ, որը կհիշեցներ նրանց մասին, բացի եկեղեցիների բեկորներից: Ժամանակի ընթացքում այս վայրեր եկան գնչուական խմբեր Բալկաններից, որոնք էլ այժմ բնակվում են վրաններում` տեղակայված հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցու մոտ, որից այսօր միայն երկու պատերն են մնացել: Այս եկեղեցին հիշեցրեց ինձ այն բազմաթիվ ուրիշները, որոնք ես տեսել եմ Անատոլիայի այլ վայրերում: Սրանք բոլորը վկայում են մեր ժողովրդի «հզորության» եւ կործանարարության մասին, երբ խոսք է գնում այլ կրոնների մասին»:

Այս մեջբերումից հետո ֆրանսիական թերթը գրում է, որ թուրքական կառավարությունը պետք է պատասխան տա հայկական մշակութային հուշարձանների, կոթողների ոչնչացման համար: «Հայկական մշակութային ցեղասպանությունը Թուրքիայում սկսվել է հարյուրամյակներ առաջ եւ նկատվում է նաեւ մեր օրերում: 1915-ից առաջ հայերն ունեին բազմաթիվ կոթողներ` եկեղեցիներ, մատուռներ, որոնցից շատերն ունեին կարեւոր պատմամշակութային նշանակություն` իրենց վաղեմության, ճարտարապետության շնորհիվ: Թուրքական Հանրապետության ստեղծումից հետո հայկական կոթողների վիճակը չբարելավվեց. մի կողմիցՙ պատերազմը, բնական աղետները, երկրաշարժերը, մյուս կողմից էլՙ պետական անտարբերությունը քայքայեցին հուշարձանները. առհասարակ թուրքական պետությունը երբեք մտահոգված չի եղել հայկական մշակութային կոթողների պահպանմամբ», գրում է Le Monde-ը` բերելով այս վերջինի համար իր ուսումնասիրած պատճառները:

«Առաջին պատճառը, անշուշտ, կանխամտածված քաղաքականությունն է, գաղափարախոսությունը` ոչնչացնել ամեն հայկական, իրականացնել պանթուրքիզմի ծրագիրը, երկրորդ պատճառը, այսպես կոչված, «գանձերի որսորդներն» են: Հայկական եկեղեցիները միշտ էլ հրապուրիչ են եղել վերջիններիս համար, նրանք այս վայրերում գանձ էին փնտրում: Հատկապես այն բանից հետո, երբ Անատոլիայում այլեւս հայ չմնաց, հայկական եկեղեցիները դարձան «գանձի որսորդների» թիրախը: Իսկ թուրքական պետությունը, հասարակությունը ոչինչ չէին ձեռնարկում այս ամենը կասեցնելու համար: Այսօր անգամ թուրքական իշխանությունները ոչ մի քայլ չեն ձեռնարկում հայկական մշակութային կոթողները վերականգնելու համար. թուրքական պետությունը շարունակում է սառնասիրտ մնալ:

Իսկ այն, որ վերջերս հայտարարվեց Վանի Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնման մասին, միայն քաղաքականությանը վերաբերող հարց է: Հայերի վստահությունն ամբողջովին շահելու համար թուրքերը պետք է իրականացնեն հայկական բոլոր` քիչ թե շատ կանգուն մնացած հուշարձանների վերականգնման համալիր ծրագիր, եւ դրանք բոլորը պետք է վերադարձնեն իրենց իրական տերերին: Թուրքիան բարոյական պարտավորություն ունի այդպես վարվելու, միայն այդ պարագայում Հայաստանի ու Թուրքիայի միջեւ տեղի կունենա իրական, անկեղծ երկխոսությունը», եզրափակել է ֆրանսիական պարբերականը:

Հ. ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4