«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2010-04-27 | #76, 2010-04-28 | #77, 2010-04-29


ՄԵՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԾԵՐԱՑԵԼ Է

Առնվազն 100 միլիոն դոլար է անհրաժեշտ գիտության համակարգի արդիականացման համար

Մի խումբ գիտնականներ վերջերս հանդիպեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպման ժամանակ նրանք քննարկել են գիտության արդիական խնդիրները:

«Նախագահին մենք ներկայացրինք գիտության այսօրվա խնդիրները, որոնցից է, օրինակ` գիտության, կրթության ու տնտեսության միջեւ միասնական կապի բացակայությունը: Մենք ունենք երկու խիստ հրատապ հարց. առաջինը` մեր հետազոտական ինֆրակառուցվածքի մաշվածությունն է, սարքավորումները, որոնց օգնությամբ կատարում են հետազոտական աշխատանքներ, արդեն չեն համապատասխանում ժամանակակից գիտության մակարդակին, եւ երկրորդը` մեր բնագավառի սոցիալական խնդիրներն են, որոնք նախ եւ առաջ վերաբերում են մեր աշխատանքի պայմաններին եւ այն միջոցներին, որոնք տրամադրվում են գիտությանը` աշխատավարձին, գործուղումներին եւ այլն», երեկ «Տեսակետ» ակումբում` ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը :

Նորություն չէ, որ Հայաստանում գիտությունն ունի սերնդափոխության լուրջ խնդիր, մեր գիտությունը բավականին ծերացել է: Չնայած վերջին տարիներին սերնդափոխության ուղղությամբ որոշակի աշխատանքներ են տարվում, սակայն դա դեռ բավարար չէ:

Բանախոսը նշեց. «Միայն անցյալ տարի մեր համակարգի տարբեր ինստիտուտներում աշխատանքի են ընդունվել տարբեր բուհերի 162 շրջանավարտ: Սերնդափոխության խնդրի լուծման ուղղությամբ հանրապետության նախագահը խոստացավ մեր համակարգի 200 երիտասարդ գիտնականների ապահովել բնակարաններով` հիպոթեկային ծրագրի ձեւով եւ 25 տարի տեւողությամբ»:

Ռադիկ Մարտիրոսյանը կարծում է, որ այն աշխատանքը, որին նվիրվում է երիտասարդ գիտնականը, պետք է լինի գրավիչ, ինչը կօգնի, որ երիտասարդությունը գա դեպի գիտությունը:

«Պետք է բարձրացնենք գիտական աշխատանքի եւ գիտաշխատողի վարկը: Նախկինում ընտանիքի անդամները պարծենում էին, որ իրենց ընտանիքում կա գիտությունների թեկնածու, սակայն այսօր գիտաշխատողը չունի հեղինակություն», ասում է Ռ. Մարտիրոսյանը եւ հավելում, որ մեր իրականությունում գիտական աշխատանքի արժեզրկման պատճառը քաղաքական ու տնտեսական փոփոխություններն էին, որոնք չնպաստեցին գիտության զարգացմանը, փոխարենը` գիտության մարդիկ ստիպված եղան թողնել գիտությունը:

Ըստ բանախոսի, նվազագույն հաշվարկներով, համակարգի բոլոր կառույցների արդիականացման համար կպահանջվի շուրջ 100 միլիոն դոլար:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4