Ռուբեն Շախկյանն արդեն մեկ տարուց ավելի Լոռու անտառների բերք ու բարիքից մթերքներ է արտադրում: Նա վստահ է, որ այս ճանապարհով կարելի է 3000 մշտական եւ այդքան էլ ժամանակավոր աշխատատեղեր ստեղծել ու փրկել անտառները ծառահատումներից: Ռուբեն Շախկյանը նաեւ «Թեղուտը սերունդների համար» հասարակական միավորման նախագահն է: Նա մշակել է անտառային տարածքների այլընտրանքային զարգացման ծրագիր, որը ներկայացրել է հասարակական քննարկման: Երեկ տեղի ունեցած քննարկման ընթացքում նա նշեց, որ բոլոր դիտողությունները հաշվի առնելուց հետո ծրագիրը կներկայացնի պետական կառույցների ուշադրությանը:
«Ծրագիրը գյուղատնտեսական ուղղվածություն ունի: Ես առաջարկում եմ, օգտագործելով եւ մշակելով անտառի բարիքները, ստեղծել վաճառքի ենթակա ապրանքները: Այս աշխատանքները կիրականացնի «Հայանտառ» կազմակերպությունը: Համոզված եմ, որ ճիշտ կառավարման դեպքում «Հայանտառ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը կարող է դառնալ խոշոր հարկատու», ասաց Ռուբեն Շախկյանը:
Այլընտրանքային ծրագրի համաձայնՙ իբրեւ վառելանյութ օգտագործվելու են միայն սանիտարական նպատակներով հատված ծառերը: Հավաքվելու եւ մշակվելու են անտառային բարիքները: Զարգանալու են էկոտուրիզմն ու մեղվաբուծությունը:
«Ես կտրականապես դեմ եմ ամեն մի հատմանը: Ծրագիրը նաեւ բնապահպանական հստակ ուղղվածություն ունի», ասաց Ռուբեն Շախկյանը: Նա վստահ է, որ ծրագրի ճիշտ իրագործման դեպքում հնարավոր կլինի ստեղծել շատ ավելի աշխատատեղեր, քան հանքարդյունաբերության պարագայում: «Հանքարդյունաբերությունը մեծ վտանգ է շրջակա միջավայրի եւ մարդու առողջության համար: Լոռու բնակիչներին վստահեցրել են, որ հանքարդյունաբերությունն է իրենց աշխատանքի միակ միջոցը, իսկ ես վստահ եմ, որ գյուղատնտեսության զարգացման պարագայում եւս կարելի է աշխատատեղեր ապահովել եւ պահպանել բնությունը», ասաց Ռուբեն Շախկյանը:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ