«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#76, 2010-04-28 | #77, 2010-04-29 | #78, 2010-04-30


ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ԵՆ ԿՐՃԱՏՎԵԼՈՒ

Երեկ, մինչ կառավարության նիստի սկսվելը, Տիգրան Սարգսյանն անդրադարձավ նախարարությունների գործառույթների հստակեցման աշխատանքին, տեղեկացնելով, որ նախօրեին քննարկվել են տրանսպորտի եւ կապի, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունների գործառույթները, եւ մնացել է եւս երեք նախարարություն: Ըստ վարչապետի, աշխատանքի ընթացքում պարզ է դառնում, որ նախարարություններում առկա է արդյունավետության բարձրացման խնդիր, եւ կարող ենք շատ գործառույթներից ձերբազատվել, «բնականաբար, նաեւ կարող ենք աշխատատեղեր կրճատել»: Կուտակված ֆինանսական լրացուցիչ միջոցները թողնվելու են նախարարությունների տրամադրության տակ եւ ուղղվելու պարգեւատրման ֆոնդերին: Տիգրան Սարգսյանը սա կարեւոր հանգամանք համարեց, որովհետեւ Համաշխարհային բանկի հետ ձեռք է բերել քաղաքական պայմանավորվածություն, որ բոլոր ԾԻԳ-ն ինտեգրվեն նախարարությունների կազմ:

«Գաղտնիք չէ, որ ԾԻԳ-երում աշխատավարձերը շատ ավելի բարձր են, քան նախարարություններում, եւ մենք պետք է ինտեգրման այդ գործընթացն այնպես կազմակերպենք, որ նախարարությունների լավագույն մասնագետներին կարողանանք ապահովել բարձր վարձատրություն», ընդծեց վարչապետը եւ իր խոսքն ուղղելով նախարարներինՙ առաջարկեց մոտակա երեք-չորս ամիսների ընթացքում համաձայնության գալ, թե «կոնկրետ ինչքանով կարող ենք կրճատել աշխատատեղերը` այդ գումարները թողնելով ձեր տրամադրության տակ»:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4